«Էմփիռեյ» խմբի անդամ, երգահան ԳԻՍԱՆԵ ՊԱԼՅԱՆԻ հետ զրույցում պարզեցինք, որ բազմաթիվ հայտնի երգերի հեղինակը երբեք երգ չի գրի ռաբիս երգիչների համար: Գիսանեն նաեւ խոստովանեց, որ կա մի սանդղակ, որից ներքեւ չի կարող իջեցնել իր երաժշտությունը:
-Ձեր վերջին տեսահոլովակն անվանել եք «Վերադառնում եմ», դա վերադարձ էր երկար լռությունից հետո՞:
-Անցած տարի մենք նույնպես տեսահոլովակ ներկայացրել ենք: Այդպես է, երբ չես երեւում տեսահոլովակով, թվում է, թե գործունեություն չես ծավալում: Համերգներ ունեցել ենք, պարզապես չի լուսաբանվել:
-Որքանո՞վ է այսօր ռոք երաժշտությունը պահանջարկ վայելում Հայաստանում:
-Իմ կարծիքով` կան շրջանակներ, որ միշտ են սիրում ու հետեւում ռոք երաժշտությանը, մանավանդ հայկական ռոքին: Կան նաեւ շրջանակներ, որ ռոք չեն լսում: Կոնկրետ մենք չենք զգացել ուշադրության պակաս: Չեմ գովաբանում մեզ, բայց մեր երգերն ունեն իրենց ունկնդիրը, երկրպագուները, գուցե դա նաեւ հայալեզու լինելուց է:
-Այնուամենայնիվ, գաղտնիք չէ, որ շոուբիզնեսային դեմքերն ավելի շատ գումար են վաստակում, քան, օրինակ, ռոք կատարողները:
-Դա միանշանակ անհերքելի փաստ է: Կա շոու բիզնես եւ արվեստ… Ցանկացած բնագավառում էլ կա կոմերցիոն մոտեցում: Արտադրանքի դեպքում հաշվի է առնվում պահանջարկը: Կան արվեստին մոտ ստեղծագործություններ, որ չեն հարմարվում պահանջարկին, նրանք գնում են իրենց ուղղությամբ` փորձելով նոր խոսք ասել, հասնել արդյունքի…
-Ձեր ստեղծագործությունները ոչ կոմերցիոն են, բա՞րդ չէ դրանցով գումար վաստակել:
-Ոչ թե բարդ չէ, այլ հնարավոր չէ, մեր տարբերակում կարող եմ վստահ ասել` անհնար է: Մենք վերաբերում ենք մեր խմբին որպես մեր հերթական բալիկի, ոնց որ երեխային կպահես, այնպես էլ «Էմփիռեյ»-ին ենք պահում: Առանց մեր խմբի մենք գաղափարապես ապրել չենք կարող, բայց ամեն մեկս էլ կողքից ինչ-որ աշխատանք ունենք, որով ե՛ւ ապրում, ե՛ւ մեր «բալիկին» ենք պահում: Մենք երբեք չենք իջեցնի պլանկան միայն այն բանի համար, որ փող աշխատենք:
-Բայց բոլորն էլ ուզում են փող աշխատել:
-Որպես կոմպոզիտոր եմ ասում` ես ինձ չեմ հարգի, եթե ինչ-որ ռաբիս երգչի համար երգ գրեմ: Իսկ ինձ համար ամենակարեւորն այն է, թե ինչպես ինքս ինձ կվերաբերվեմ: Ինքդ քեզ չհարգեցիր, էլ ուրիշների գնահատականն ինչի՞դ է պետք: Ես կարող եմ գրել երգեր փոփ ժանրում կամ մեկ այլ, բայց կա մի սանդղակ, որից չեմ կարող իջեցնել իմ երաժշտությունը:
-Իսկ ռաբիս երգիչները հաճա՞խ են դիմում երգ գրելու խնդրանքով:
-Շատ ուրախ եմ, որ դեռ նման բան չի եղել: Ամուսինս մեկ-մեկ կատակ է անում, որ Աստված չանի, մի հատ ռաբիս երգ գրես, այն միանգամից հիթ կդառնա: Ես վստահ եմ, որ չի դառնա, քանի որ դա այնքան հեռու է ինձանից:
-Ուզում եմ «Էմփիռեյ» խմբին անդրադառնալ, նկատել եմ, որ չեք մասնակցում մրցույթների, ինչո՞ւ:
-Ես իմ անունից կխոսեմ, կարծում եմ` տղաներն էլ կկիսեն իմ կարծիքը: Ես շատ վատ եմ վերաբերում երաժշտական մրցույթներին, որովհետեւ ինձ համար արվեստը երկար տարածությամբ վազք չէ, որ ով շուտ հասնի, հաղթի: Դա այնքան սուբյեկտիվ կերպով է ընկալվում, ու չի կարելի ասել, թե ինչ-որ մի բան ավելի լավն էր, քան այն մյուսը: Մենք ամեն ինչ յուրովի ենք ընկալում: Չեմ սիրում այդ մրցույթները:
-Մրցույթներ չեք սիրում, այդ դեպքում ինչո՞ւ եք «X factor» նախագծում ժյուրիի անդամ:
-Ճիշտ հարց եք տալիս, բայց «X factor»-ը եւ նմանատիպ մրցույթները երգի մրցույթներ չեն, դրանք տաղանդներ հայտնաբերելու եւ կատարողների մրցույթներ են, ոչ երգերի: Հիմնական խնդիրը երգի հաղթանակը չէ, իմաստն այն է, որ ի հայտ են գալիս նոր երգիչ-երգչուհիներ: Նրանք դառնում են ոչ թե լավագույնը, այլ սիրված, քանի որ հենց ժողովուրդն է նրանց ընտրում: Ինչ վերաբերվում է ինձ` որպես երգերի հեղինակի, ես կաշխատեմ երբեւիցե մրցույթներին երգեր չներկայացնել: Հնարավոր է` քո երգը լավը լինի, բայց ոչ ոք չհասկանա, ես այդպես եմ մտածում:
-Ապագայում խմբով ի՞նչ նոր նախագծեր ունեք:
-Մեզ մոտ շատ ու շատ են պլանները, հիմա մի փուլ է, որ տարբեր հետաքրքիր բաներ ենք մտածում: Իհարկե, նոր երգեր սպասվում են: Շատ հավանական է, որ «Էմփիռեյ»-ը բացի իր ուսումնական կենտրոնը, որտեղ ռոքի սիրահարները, որոնք ուզում են լավ երաժշտություն կատարել, գան, սովորեն, քանի որ մենք որպես այդպիսին ռոքի դպրոց չունենք:
«ԵՍ ԻՆՁ ՉԵՄ ՀԱՐԳԻ, ԵԹԵ…»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ