ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԻ 99 ՏՈԿՈՍԸ ԳՐԱԳԵՏ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր շատերն են ահազանգում, որ այն հեռուստասերիալները, որտեղ գլխավոր հերոսները հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են, բացասական ազդեցություն են թողնում հատկապես մատաղ սերնդի հոգեբանության եւ, ընդհանրապես, երկրի կրիմինալ մթնոլորտի վրա:
Այդ խնդրի շուրջ երեկ «Ֆորում» ակումբում իրենց մտահոգությունները բարձրաձայնեցին արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ Լեւոն Մութաֆյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը: Լեւոն Մութաֆյանը համարում է, որ այսօր սերիալները հիմնականում շեշտը դրել են կրիմինալի վրա՝ կարծելով, թե կյանքի ճշմարտության արտացոլումը բուն կրիմինալն է. «Այսօր ստացվել է մի իրավիճակ, որ շատ հեռուստաընկերություններ մեծարում, փառաբանում են կրիմինալը՝ դրա լույսի տակ թաքցնելով մեկ այլ ճշմարտություն»: Եթե դեռահասը տեսնում է կրիմինալի ֆետիշացում, նա գնում է այդ ճանապարհով, իսկ այդ ամենը հասարակության մեջ առաջ է բերում լուրջ խնդիրներ։ Սերիալային մշակույթը հասարակության բարոյականության շերտերն աղավաղող մի դաշտ է, եւ եթերը, որի լսարանն անհամեմատ մեծ է, հասարակական թույլ շերտերին տանում է դեպի կրիմինալ դաշտ։ «Սցենարիստների 99 տոկոսը գրագետ չէ, բացակայում են խմբագրի, սցենարիստի ինստիտուտները։ Ամեն դեպքում, հասարակությունն այնքան փչացած չէ, որ կրիմինալ նայի, պարզապես կա կյանքի ճշմարտության սխալ ընկալում»,-նշեց Լ. Մութաֆյանը:
ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւն էլ համարում է, որ չի կարելի ամեն ինչ վերագրել սերիալներին. «Երբ տեղի ունեցան հոկտեմբերի 27-ի մեր խորհրդարանի եղեռնը, մի շարք այլ աղմկահարույց սպանություններ, այդ ժամանակ սերիալներ չկային։ Ուրիշ բան է, որ մեր ազգային բարոյական ռեսուրսները չեն բավարարում դաշտը կարգավորելու համար: Մենք հեռացել ենք այն գաղափարից, որ մարդուց ավելի վեհ գաղափար չկա»։ Իհարկե, սերիալներն իրենց ազդեցությունն ունեն, բայց նաեւ փաստ է, որ դրանք ներկայացնում են այն, ինչ այսօր կա։
Կրիմինալի հանդեպ մեծ ուշադրությունը Լ. Մութաֆյանը բացատրում է հետեւյալ հանգամանքով. «Լիսկայակերպ տարրերն արդեն մեզ համար դարձել են սոցիալական տիպար, եւ բոլորը ցանկանում են իմանալ, թե Լիսկան ինչպես է պատժվելու: Այստեղից է բխում հասարակության բուռն հետաքրքրությունը. ոչ թե հասարակությունը կարոտ է կրիմինալի, այլ կարոտ է դրա հատուցումը տեսնելուն, այն, ինչը մեր իրականության մեջ չկա»: Մարդիկ ուզում են տեսնել, թե «Գորիսի բդեշխը», որը տարիներ շարունակ մարզը պահել է իր ճիրաններում, կպատժվի, թե ոչ։ Ըստ բանախոսի՝ նաեւ պատվեր է տրված կենտրոնանալ «Լիսկայի խնդրի» վրա, որպեսզի մարդիկ չսեւեռվեն գազի եւ էլեկտրաէներգիայի գնի թանկացման վրա, որը ոչ մի հիմնավորում չունի եւ ավելի մեծ հանցագործություն է։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս