Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին տոնում են սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը: Այդ օրը բոլորը շնորհավորում են իրար, սեր խոստովանում, նվիրում խորհրդանշական նվերներ:
Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն` Հին Հռոմում ապրել է Վալենտին անունով մի բժիշկ-հոգևորական: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները:
Վալենտինը սկսեց գաղտնի պսակադրել սիրահար զույգերին: Միաժամանակ, նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են:
Վալենտինի խնդրանքով` բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր: Նույն օրը` փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Կույր աղջիկը, ստանալով նամակը, հրաշքով առողջանում է և կարդում. «Քո Վալենտին…»
Դարերի ընթացքում Սուրբ Վալենտինի տոնը ձեռք է բերել իրեն հատուկ հմայք ու տոնակարգ: Որոշ երկրներում տղամարդը հագուստ է նվիրում իր սիրեցյալին, եթե նվերն ընդունվում է, նրանք ամուսնանում են:
Հայաստանում ևս տոնը տարածված է: Երիտասարդներն այն մեծ ոգևորությամբ են նշում: Սակայն ArmLur.am-ի հարցախույզի ընթացքում եղան մարդիկ, որոնք քննադատեցին տոնի՝ Հայաստանում նշելը. նրանք վստահ են, որ Սուրբ Սարգիսն ավելի հայեցի տոն է: Թեպետ եղան գոհունակություն հայտնողներ ևս: Իսկ թե որքանով են տեղյակ մեր համաքաղաքացիները Սուրբ Վալենտինի տոնի առաջացման պատմությանը, դիտեք ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան