«Շատ վատ բան է, որ չծառայած մարդն այդ պաշտոնին է նշանակվում». ԱԱԾ պետի նախկին տեղակալը` Գեորգի Կուտոյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրամանագրով` երեկ Ազգային անվտանգության ծառայության պետ, 70-ամյակը բոլորած Գորիկ Հակոբյանին փոխարինեց օրերս գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Գեորգի Կուտոյանը, որը մինչ այդ ՀՀ նախագահի օգնականն էր:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի եւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյան

-Պարո՛ն Եղիազարյան, երեկ, Սերժ Սարգսյանի հրամանագրով, ԱԱԾ պետ 70-ամյա Գորիկ Հակոբյանին փոխարինեց օրերս գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Գեորգի Կուտոյանը:Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս պաշտոնափոխությանը:

-Չեմ ճանաչում, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ով է: Այնպես որ, չեմ կարող մեկնաբանել, թե ինչ կանի, ինչով կզբաղվի:

-Կուտոյանն, ըստ էության, հայոց բանակում ծառայություն չի անցել: Հայկական բանակում չծառայած անձնավորությունն իրավունք ունի՞ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնել:

-Օրենքով նախատեսված է, որ եթե զինվորական ամբիոն ունեցել է, այսինքն՝ կոչում է ստացել, դա ծառայություն է համարվում, եթե չի ունեցել, ուրեմն՝ շատ վատ բան է, որ չծառայած մարդն այդ պաշտոնին է նշանակվում:

-Ձեր կարծիքով` բավականին երիտասարդ Կուտոյանը բավարար փորձ ունի՞ երկրում ամենաբարդ կառույցը ղեկավարելու համար:

-Տարիքը կապ չունի: Ես ուղղակի դեմքից կարող եմ ասել, որ այդ տղան ինձ վրա գրագետ մարդու տպավորություն է թողել: 35 տարեկան է, էներգիան տեղն է, իսկ մնացածը խնդիր է… Հավանական է՝ նշանակողները մտածել են, որ որոշակի բաների տիրապետում է, որ տարել են: Այդտեղ 35 տարեկան պատահական տղայի չեն տանի. մի բան կա, որի մասին կիմանանք հետո:

-Պարո՛ն Եղիազարյան, իսկ արդեն ԱԱԾ նախկին պետ Գ. Հակոբյանին Սերժ Սարգսյանը նշանակել է անվտանգության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական, ի՞նչ է դա նշանակում:

-Կա՛մ շատ արագ այդ պաշտոնը կվերացվի, կբերվի զրոյական դիրքի, որովհետեւ վարչարարության մեջ մի էլեմենտ կա. երբեք չի կարելի վերեւից իջեցնել հրամանը` երկրորդական, երրորդական դեմքերով: Երբ որ իջեցնում ես, առաջին դեմքը՝ որպես այդպիսին, վերջանում է: Հիմա ես չգիտեմ, թե ինչ ֆունկցիաներ կունենա Գորիկ Հակոբյանը: Այ որ դուք ասեք ինձ ֆունկցիաները, կասեմ, թե հետեւանքը ինչ կլինի, ես նրա ֆունկցիաներից գաղափար չունեմ:

«Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ , ՀՀ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյան

-Պարո՛ն Իսագուլյան, երեկ հայտնի դառձավ, որ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին փոխարինելու է օրերս գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Գեորգի Կուտոյանը: Ինչպե՞ս եք գնահատում այս նշանակումը:

-Քանի որ ԱԱԾ պետի նշանակումը բացառապես ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակներում է, ուրեմն՝ ՀՀ նախագահն ինքն է որոշում, թե ում պետք է նշանակի ԱԱԾ տնօրեն: Եւ եթե ինքը նպատակահարմար է գտել Գեորգի Կուտոյանին նշանակել, դա նրա բացառիկ լիազորությունների շրջանակներում է:

-Նորանշանակ ԱԱԾ տնօրենը, սակայն, հայոց բանակում չի ծառայել, միայն Ռուսաստանի Դանությունում զինվորական պատրաստություն է անցել: Նա իրավունք ունի՞ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնել:

-Նորից պետք է կրկնեմ նույնը. որեւէ պաշտոն, որը սահմանադրությամբ բացառապես ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակներում է, ինքն է որոշում՝ այդ մարդուն նշանակել, թե՝ ոչ: Եւ եթե ՀՀ նախագահը նպատակահարմար է գտել, որ իր նախկին օգնականին, ներկայումս՝ դատախազի տեղակալին նշանակի ԱԱԾ պետ, դա իր որոշումն է: Մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր սեփական կարծիքը, բայց դա բացառապես մեր կարծիքն է:

-Պարո՛ն Իսագուլյան, արդեն ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը նշանակվել է ՀՀ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական: Սա չի՞ նշանակում, որ Հակոբյանն է, ըստ էության, շարունակելու ԱԱԾ-ն ղեկավարել:

-Ես կարծում եմ՝ ՀՀ նախագահը այս պարագայում հաշվի է առել բոլոր այն մտահոգությունները, որոնք արտահայտում եք նաեւ Դուք, եւ նշանակելով Գորիկ Հակոբյանին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական` նա որոշակի առումով, որոշակի ժամականաշրջանում պետք է ուշադրության կետրոնում պահի այդ համակարգը, մինչեւ ծառայության նոր տնօրենը ամբողջությամբ կարողանա համակարգին հատուկ որոշակի խնդիրներ յուրացնել: Սա նորմալ երեւույթ է, տարբեր երկրներում հաճախ կիրառվող: Սպասենք, ժամանակը այս բոլոր հարցադրումների պատասխանները կտա:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս