Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով նոր մանրամասներ են «Ժողովուրդ»-ին հայտնի դարձել: Եվ այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը դեպքից հետո փորձաքննություն էր նշանակել՝ պարզելու, թե մարզպետի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցները կարո՞ղ էին մահացու վիրավորում հասցնել մեքենայի մեջ գտնվող անձանց: Պատասխանը դրական չի ստացվել:
Եվ այսպես, 2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել, ինչի կասկածանքով կալանավորվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը:
Դեպքից անցել է 9 ամիս, եւ մինչ օրս կալանավորված անձանցից Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, իսկ ահա Հենրիկ Ավագյանը, որին մեղադրանք է առաջադրվել պատվերով սպանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով, ընդունել է, որ ինքն է կրակել մարզպետի մեքենայի ուղությամբ, սակայն՝ ոչ սպանելու, այլ վախեցնելու նպատակով:
Ու մինչ այս գործով կալանավորվածների պաշտպանները եւ հատկապես Արա Բուդաղյանը փորձում են ապացուցել, որ Արա Բուդաղյանը կատարվածի հետ կապ չունի, եղավ անկանխատեսելին: Օրերս հայտնի դարձավ, որ կալանավորված անձանցից Գարեն Աթաջանյանը ցուցմունք է տվել Արա Բուդաղյանի դեմ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ Գարեն Աթաջյանի ցուցմունքը նրա ազատության գինն էր: Սակայն ինչպես նկատում ենք, կալանավորված Գարեն Աթաջյանի ցուցմունքը նաեւ զայրացրել է այս գործով հիմնական դերակատար Հենրիկ Ավագյանին: Նա չի կարողանում հասկանալ, թե ինչու է Գարենը սուտ ցուցմունք տվել Արա Բուդաղյանի դեմ:
Մահափորձի նպատակը
Արդեն նշել էինք, որ Հենրիկ Ավագյանն ընդունել էր իր մեղքը եւ հայտնել, թե վախեցնելու նպատակով է ցանկացել կրակել Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ եւ սպանելու նպատակ չի ունեցել:
Իսկ ի՞նչ նպատակով է Հենրիկ Ավագյանը ցանկացել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին: Իրավապահներին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հենրիկ Ավագյանը Սյունիքի մարզի Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի հետ խնդիրներ է ունեցել: Գործը նույնիսկ դատարան է հասել: Տեղեկացանք, որ Սյունիք համայնքը դատի է տվել Հենրիկ Ավագյանին, քանի որ նա հետեւողականորեն Կապան քաղաքում լուրեր է տարածել, թե Կապան քաղաքի կոյուղատար խողովակն անցնում է Սյունիքի գյուղական համայնքի կոյուղաջրերով, եւ ստեղծված իրավիճակի պատճառով գյուղում հակասանատիրական վիճակ է առաջանում, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, օրինակ՝ համաճարակներ է տարածում գյուղում:
Արդյունքում՝ ՀՀ Սյունիքի մարզի նույնանուն գյուղական համայնքը դատարան է դիմել եւ հայտնել, որ Հենրիկ Ավագյանը Սյունիք համայնքի ղեկավարի նկատմամբ ունի անբարյացակամ վերաբերմունք, համայնքի վերաբերյալ տարածում է զրպարտություններ, կեղծ եւ ստահոդ լուրեր: Այս ամենի դիմաց համայնքի ներկայացուցիչը Հենրիկից պահանջել է վճարել 1 միլիոն դրամ, սակայն ավելի ուշ հրաժարվել է հայցից:
Սա դեռ վերջը չէ, 2015 թվականին էլ Հենրիկ Ավագյանն է որոշել դիմել դատարան՝ համայնքի ղեկավարի կայացրած որոշումն անվավեր ճանաչելու համար եւ հաղթել:
Բայց սրանով ամեն ինչ չէր ավարտվել: Կալանավորված Հենրիկ Ավագյանն իրավապահներին պատմել է, որ համայնքի ղեկավարը տիրացել է իր հոր այգիների տարածքին ու այնտեղ խաղատուն կառուցել: Հենրիկ Ավագյանի խոսքով՝ ինքը խնդրի մասին տեղյակ է պահել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, որ Սամվել Սարգսյանն անօրինականություններ է թույլ տալիս, մարզպետն էլ խոստացել է խնդիրը կարգավորել, սակայն այդպես էլ որեւէ քայլ չի կատարել: Ասել է թե՝ Հենրիկ Ավագյանի բարձրաձայնումները տեղ չեն հասել, ու վերջինս, գիտակցելով, որ Սյունիքի գյուղապետ Սամվել Սարգսյանի «մեջքը» մարզպետն է, որոշել է վախեցնել մարզպետին, որպեսզի կատարվածը, ըստ էության, մյուսների համար դաս լինի:
ԱԱԾ-ն ու կոդերը
Գրել էինք, որ Ազզային անվտանգության ծառայությունն Արա Բուդաղյանին կալանավորել է, քանի որ լսել է նրա եւ գործով կալանավորված Վիտալի Մինասյանի հեռախոսային խոսակցությունը ինչ-որ գումարի մասին: Բանն այն է, որ Վիտալի Մինասյանը գումար է պարտք եղել Բուդաղյանին եւ իր գումարն է պահանջել: ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ` Վիտալիի եւ Արա Բուդաղյանի հեռախոսային խոսակցությունը վերծանվել է, սակայն խոսակցության մեջ անգամ որեւէ բառ չկա մարզպետի կամ նրա դեմ որեւէ գործողության մասին: Պարզապես վերլուծելով զրույցների բնույթը, սակայն, ԱԱԾ-ն եկել է այն համոզման, որ կալանավորվածները կոդավորված են խոսել:
Նշենք, որ այս գործով անցնող Վիտալին, Հենրիկն ու Գարեն ծանոթներ են, իսկ Արա Բուղադյանը ճանաչում է միայն Վիտալի Մինասյանին:
Փորձագետը հաստատեց
Իսկ արդյոք մարզպետի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցները սպանելու դիտավորությամբ են արվել, թե իսկապես դրանք միտված էին վախեցնելուն: Այս հարցի պատասխանը ստանալու համար Ազգային անվտանգության ծառայությունը փորձաքննություն է նշանակել եւ փորձագետը տվել է իր վերջնական եզրակացությունն առ այն, որ մարզպետի մեքենայի դեմ ուղղված կրակոցներն այնպիսին են եղել, որ չէին կարող նրա մեջ գտնվող մարդկանց վնասել: Ասել է թե՝ կրակողները Սուրիկ Խաչատրյանին ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակ են ունեցել:
Քնար Մանուկյան