Վանաձորում թափառող շների վնասազերծման համար 16.5 մլն դրամ է հատկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական գնումների համակարգը մեծ դեր է խաղում երկրի տնտեսության մեջ: Սակայն պետության կողմից կատարվող գնումների զգալի մասն արվում է ոչ այնքան թափանցիկ ընթացակարգերով, հաճախ կատարվում են չարաշահումներ, անարդյունավետ եւ ռիսկային գործարքներ:

Կարծիքներ կան, որ ամենակոռումպացվածը պետական գնումների ոլորտն է: Ու թեեւ անցած տարիներին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ցուցադրաբար մի քանի անգամ փորձեցին «մեծ ձկների գլխից բռնել»` սկսելով հենց պետական գնումների համակարգից, արդյունքներն առանձնապես զգալի չեղան: Մի քանի մանրումիջին բացահայտումներից հետո ամեն ինչ մոռացվեց եւ վերադարձավ իր նախկին` ոչ թափանցիկ վիճակին: Մասնավորապես, այսօր էլ շատ կազմակերպություններ կան, որոնք մշտապես պետական գնումների մասնակից են, բայց որոնց մասին համացանցում տվյալներ չկան:

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանն այս տարի մրցույթ է հայտարարել՝ քաղաքում թափառող շների վնասազերծման ծառայություններ ձեռք բերելու համար: Մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «Կ եւ Ա Մոնտաժշին» ՓԲԸ-ն, որի առաջարկած գինը կազմել է 16 մլն 650 հազար դրամ: Արդյունքում՝ Վանաձորի քաղաքապետարանը պայմանագիրը կնքել է հենց «Կ եւ Ա Մոնտաժշին» ՓԲԸ հետ:

Ինչո՞վ է հայտնի այս ընկերությունը: «Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրություն անցկացնելուց հետո պարզեց, որ այն պետռեգիստրում գրանցված է, իսկ հիմնադիրն է Վանաձորի քաղաքապետարանը: Բացի վերը նշվածից՝ այս ընկերությունը միաժամանակ իրականացնում է նաեւ Վանաձոր քաղաքի լուսավորության համակարգի սպասարկման ծառայությունները: Այսինքն՝ «Կ եւ Ա Մոնտաժշին» ընկերությունը քաղաքի գիշերային լուսավորությունն ապահովողն ու սպասարկողն է: Թե ինչ սկզբունքով է միեւնույն ընկերութունն ընտրվել նաեւ որպես թափառող շների վնասազերծող, հայտնի չէ:

Պարզելու համար այդ հարցի պատասխանը` «Ժողովուրդ»-ը զրուցեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ:

-Պարո՛ն Դարբինյան, ինչպե՞ս եք պայքարում քաղաքում թափառող շների դեմ:

-Մենք մրցույթ ենք հայտարարել, կազմակերպությունը շահել է, եւ ինքը շաբաթական երեք օր դուրս է գալիս որսորդության, այդ թափառական կենդանիներին վնասազերծում է, հետո մեր համապատասխան աշխատակիցը գնում, տեսնում, հաշվում, նկարահանում եւ հուղարկավորում է այդ կենդանիներին:

-Այսինքն՝ կրակելու միջոցո՞վ են կենդանիներին վնասազերծում: Չէ՞ որ զենքի կիրառությունը կենդանիների նկատմամբ համարվում է դաժան գործողություն եւ օրենքով արգելված է:

-Տարբեր եղանակներով են վնասազերծում: Ոչ մեկ իրավունք չունի որեւէ կենդանատեսակ մինչեւ վերջ վերացնել: Բայց նորմայի սահմաններում թափառող կենդանիներին մենք վնասազերծում ենք:

-Քանի՞ թափառող շուն կա հիմա քաղաքում:

-Իսկ հնարավո՞ր է թափառող շներից քաղաքը մաքրել:

-Քանի՞ շուն է վնասազերծվել:

-Ես չեմ հիշում: Դրա համար աշխատակից ունենք, ով զբաղվում է այդ հարցով, եւ նա պարբերաբար զեկուցում է:

-Թափառող կենդանիներին վնասազերծելու համար հայտարարված մրցույթը միայն այս տարվա համար է:

-Բոլոր տարիներին էլ, միշտ էլ դա մրցույթով է կատարվել:

-Պարո՛ն Դարբինյան, քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Կ եւ Ա Մոնտաժշին» ՓԲԸ հետ եւ ձեռք է բերել թափառող շներին վնասազերծելու ծառայություն: Կնքված պայմանագրում նշված է, որ ընկերությանը վճարելու եք 16 մլն 650 հազար դրամ:

-Այդ որտեղի՞ց եք տեղեկացել… դա, երեւի, ամբողջ Հայաստանինն է:

-Ո՛չ, դա վերաբերում է միայն Վանաձորի քաղաքապետարանին:

-Վանաձորի քաղաքապետարանը՝ թափառող կենդանիներին վնասազերծելու համար 16 մլն դրա՞մ: Ճիշտ կանեք, որ դա գրավոր հարցում անեք, եւ մենք պատասխանենք: Նման թիվ չկա ու չի կարող լինել:

-Լա՛վ, ըստ Ձեզ՝ որքա՞ն է հատկացվել:

-Դուք մտածում եք, որ բյուջեից բոլոր հիմնարկությունների ծառայությունների համար տված գումարները անգիր հիշո՞ւմ եմ: Ամենաշատը 800-850 հազար դրամ կլինի, այն էլ՝ մեկ տարվա համար: Այդ 16 մլն դրամը, երեւի, դուք տասնյամյակի համար եք նայել:

-Պարո՛ն Դարբինյան, «Կ եւ Ա մոնտաժշին» ՓԲԸ-ն զբաղվում է նաեւ քաղաքի լուսավորության համակարգի սպասարկմամբ…

-Ես ամեն ինչ անգիր չեմ հիշում, գրավոր գրեք, մենք էլ գրավոր կպատասխանենք:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս