Գարնանային նորաձեւություն. «ամուսնու վերնաշապիկից» մինչեւ «գիշերանոց-զգեստներ» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կես ամսից գարուն է, իսկ շատերս դեռ չենք թարմացրել մեր զգեստապահարանները: Բայց նոր սեզոնին համապատասխան զգեստները, կոշիկներն ու աքսեսուարները սպասում են մեզ: Պարզապես պետք է ճիշտ ընտրություն կատարել` հետեւելով այն կանոններին, որ թելադրում է այս տարվա գարնանային նորաձեւությունը: Իհարկե, մենք կարող են տուրք տալ սեփական ճաշակին, բայց ավելորդ չէր լինի նոր միտումներին ծանոթանալու հարցում դիմել մասնագետի օգնությանը:

1

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոճաբան Արփինե Կոշտոյանը նշեց, որ բավականին հետաքրքիր գարուն է մեզ սպասվում. «Սեզոնի «գլխավոր թրենդը» համարվում է բարձր տրամադրությունը. գարնան հետ սկսում ենք թարմանալ, ժպտալ եւ մտածել նոր լուքերի մասին»,- ընդգծեց նա:

Մենք նախ հետաքրքրվեցինք, թե այս գարնանը որ տեսակի վերարկուներն են նորաձեւ, եւ ինչ համադրություններ են դրանք պահանջում. «Դեռեւս նորաձեւ են oversize վերարկուները, որոնք ամբողջությամբ չեն գրկում մարմինը, փոխարենը՝ տպավորություն են թողնում, թե հագնողը մեծ չափ է ընտրել: Կարելի է ընտրել, օրինակ, mixstyle ոճի վերարկու` դասականի եւ սպորտայինի միքս` համադրելով այն թե՛ բոթասների, թե՛ դասական կոշիկների հետ»,-խուրհուրդ տվեց ոճաբանը:
Նա տեղեկացրեց, որ տարվա գլխավոր թրենդը համարվում է «գրանժ» ոճը: Այս գարնանը նորաձեւ կլինեն դասական կոստյումները, որոնք ընդգծում են գործարար կնոջ անհատականությունը, ընդ որում, ըստ ոճաբանի՝ կարելի է ընտրել վառ երանգներով կոստյումներ: Իսկ ավելի տաք եղանակի համար ակտուալ է համարվում շորտերի հետ համադրությունը:

2

Մեր այն հարցին, թե այս գարնանը որ ոճի, ձեի տաբատները, զգեստներն ու վերնաշապիկներն են նորաձեւ լինելու, Ա. Կոշտոյանը պատասխանեց. «Ակտուալ կլինեն բաց ուսերով զգեստները. այս թրենդը պահպանվում է դեռեւս նախորդ սեզոնից: Նորաձեւ կլինեն նաեւ լայն տաբատները, կիրառելի կլինեն երկարօձիք շապիկները` ե ՛ւ առօրյայում, ե՛ւ գործնական կյանքում: Համաշխարհային նորաձեւության տները խորհուրդ են տալիս հետեւել այս թրենդին` վերնաշապիկ-զգեստներին. այսպես ասած, «ամուսնու վերնաշապիկը» կրել զգեստի փոխարեն` դա համալրելով սրածայր դասական կոշիկներով, որոնք դեռ նորաձեւ են համարվում»:

5

Ուրախալի նորություն գծավոր պրինտի սիրահարների համար. այս գարնանը այն բավականին ակտուալ կլինի. «Մասնավորապես, մոդայիկ կլինի ուղղահայաց գծավոր պրինտը, որը վիզուալ առումով կօգնի թաքցնել ավելորդ կիլոգրամները, կերպարը դարձնել ավելի սլացիկ»,-բացատրեց ոճաբանը: Նորաձեւ կլինի նաեւ, այսպես ասած, «գիշերանոցային ոճը», որը կարող է այնպիսի տպավորություն թողնել, թե կինը թավշյա կամ ժանյակապատ գիշերազգեստով շրջում է քաղաքում: Պարզապես, այս դեպքում, ըստ Ա. Կոշտոյանի, հարկավոր է գրագետ համադրություններ անել, որպեզի կնոջ կերպարը ճիշտ ընկալվի:

3

Մարդիկ, ովքեր թուլություն ունեին 90-ականների Belt bag պայուսակների նկատմամբ, այս գարնանը կարող են տուրք տալ իրեն ցանկությանը. այսպես կոչված` գոտի-պայուսակները, որոնք կապվում են իրանին, վերադարձել են ներաձեւություն: Ակտուալ են նաեւ քառակուսի ճամպրուկի տեսք ունեցող պայուսակները, որոնք, ըստ ոճաբանի, ցանկալի է կրել նուրբ, թեթեւ, եթերային զգեստների հետ:

4

Աքսեսուարներից բավականին նորաձեւ են համարվում լայնեզր գլխարկները, նաեւ սեւ, նեղ, երկար վզկապները, որոնք կիրառելի են տարբեր լուքերի դեպքում:
Իսկ, առհասարաակ, գոյություն ունի մի կանոն, որը գործում է` անկախ սեզոնից եւ նորաձեւության թելադրանքից. դա անհատականությունը չկորցնելու եւ այն ընդգծելու միտումն է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս