1974 թվականի փետրվարի 14-ին է ծնվել հայ հումորիստ, հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը: Ներկայումս բնակվում է Ռուսաստանում և աշխատում է ՏՆՏ հեռուստաալիքում:
Հայտնի շոումեն, պրոդյուսեր, «Comedy Club» ակումբի հիմնադիր եւ անդամ Գարիկ Մարտիրոսյանի հետ հարցազրույց է իրականացրել «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, որի հետաքրքիր հատվածները ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Այս տարի ծննդյանս տարեդարձը չեմ նշել. ընկերներս ասացին, որ 40-ամյակը չեն տոնում: Բայց 30 տարեկանից հետո երբեք էլ չեմ նշել: Ճիշտն ասած, չեմ սիրում տոներ նշել: Ամեն օր էլ կարծես ծննդյանս տարեդարձը լինի, էլ ինչո՞ւ առանձին խնջույք կազմակերպեմ:):
Երբեք նպատակներ չեմ դնում իմ առջեւ, դրա համար էլ տարիների ընթացքում որեւէ բան չի փոխվել կյանքումս: Ինչպես նախկինում, հիմա էլ ուզում եմ նոր բաներ հորինել եւ միշտ մնալ երիտասարդ: Չեմ ուզում “նաֆթալինոտ” հումորիստ լինել եւ համոզված եմ, որ այն ամենն, ինչ նոր է, ազդեցիկ է:
Ուզում եմ զգուշացնել, որ սոցիալական ցանցերում եւ “Ինստագրամ”-ում պաշտոնական էջ չունեմ: Առանձնապես ցանկություն չունեմ հետեւել, թե ով որտեղ է հանգստացել, կամ էլ կիսվել նրանց հետ երաժշտությամբ ու ֆիլմերով:
Ընտանիքս ֆիլմերի եւ սերիալների սիրահար է: Օրինակ` դուստրս այս շրջանում իսպանական սերիալ է դիտում, փոքրիկ որդիս` “Ավտոմեքենաներ” մուլտֆիլմը, կինս էլ ամերիկյան ինչ-որ սերիալի մոլի երկրպագու է դարձել: Իսկ ինձ համար լավագույն սերիալը ֆուտբոլն է:
Ուղեղումս պարբերաբար նոր գաղափարներ են ծնվում, բայց նախեւառաջ ես “Comedy Club’’-ի սցենարիստն եմ, եւ եթե սկսեմ մենախոսություններ գրել, մյուս տղաները համարներ չեն ունենա: Ինձ ավելի հետաքրքիր է լսել սեփական մտքերս` Պավել Վոլյայի, Ալեքսանդր Նեզլոբինի ու մյուսների կատարմամբ:
Այն, ինչով զբաղվում եմ այսօր, ինձ ոչ ոք չի սովորեցրել, չի աջակցել գումարով: Համոզված եմ` եթե մարդ ձիրք ունի, կգտնի իր տեղն այս կյանքում:
Կինս` Ժաննան, երեխաների դաստիարակության հարցում ավելի խիստ է: Ես տանը քիչ ժամանակ եմ անցկացնում եւ չեմ կարող ինձ թույլ տալ գոռալ նրանց վրա այդ ընթացքում:
Եղբայրս` Լեւոնը, ընտանիքի հետ Երեւանում է բնակվում, բայց աշխատանքի բերումով հաճախ է լինում Մոսկվայում: Մենք շատ մտերիմ ենք: Հայերի ընտանեկան կապերը շատ ամուր են եւ հատկապես եղբայրների միջեւ:
Կարող եք հրավիրել ինձ հայկական խնջույքի, եւ ես ամեն ինչ կուտեմ:):Մայրս եւ տատիկս այնքան համեղ էին պատրաստում, նույնը կարող եմ ասել նաեւ կնոջս մասին, իսկ ես անգամ լոլիկով եւ բաստուրմայով ձվածեղ չեմ կարող պատրաստել:
Կինս է օգնում հագուստ ընտրել: Նա է իմ լավագույն հայելին: