Թուրքիայում իր երեխաների աչքի առջեվ սպանել են Գյումրիի բնակչուհուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր առավոտից Գյումրիում խոսակցություններ են տարածվել, որ ՀՀ քաղաքացի է սպանվել, ով գյումրեցի է և Մուշ 2 թաղամասում է գրանցված: Ըստ տեղեկությունների՝ քաղաքացուն սպանել են իր չորս երեխաների աչքի առաջ:
“Չեն սպանել, գնդակահարել են, ու դա արել է նրա տեգրը, պատմում են, որ սպանել է երեխաների աչքի առաջ”,-ԳԱԼԱ-ի  հետ զրույցում ասել է նրա հարևանուհին, ով չի ցանկացել ներկայանալ և ով աշխատում է  Գյումրու բժշկական կենտրոններից մեկում:
Բուժաշխատողները ևս ասել են, որ ճանաչում են սպանված կնոջը, նա ամուսնացել է ազգությամբ թուրք տղամարդու հետ, ունեցել են 4 երեխա և երկար ժամանակ Գյումրիում ապրել են հաշտ ու համերաշխ: “Էնքան սիրով ամուսիններ էին, որ չեք պատկերացնի, միշտ երեխաներին բերում էին հիվանդանոց պատվաստման, շատ ուշադիր ծնողներ էին, թուրք տղամարդը զգացվումէր, որ շատ է սիրում նաև կնոջը, իրար հասկացել ու ապրում էին: Նա նաև հայերեն էր սովորել, շատ ուշադիր էր նաև կնոջը”,-պատմել են հիվանդանոցի աշխատակիցները, ովքեր ճանաչել են ամուսնական զույգին: Նրանց խոսքերով՝ սպանությունը կրոնական հողի վրա է կատարվել, երբ գյումրեցի բնակչուհին երեխաներին կնքել է, սա ակնհայտորեն դուր չի եկել ամուսնու եղբորը, ով էլ սպանել է նրան:
Տեղեկությունը ԳԱԼԱ-ն փորձել է ճշտել ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնից, որտեղից փոխանցել են, որ դեպքը կատարվել է Թուրքիայի քաղաքներից մեկում և հիմա այնտեղից կնոջ դին են տեղափոխել Գյումրի՝ հուղարկավորելու:
 Հ ԱԳՆ-ից ևս փորձել են մանրամասներ իմանալ, սակայն ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ տեղեկությունները շատ չեն: “Այդ երկրի հետ դիվանագիտական որևէ հարաբերություն չունի մեր երկիրը և մանրամասներ ճշտել դեռ չի հաջողվել, գիտենք, որ հետաքննություն է սկսվելու, իսկ մանրամասները, թե ո՞վ, որտե՞ղ և ինչո՞ւ, դեռ ճշտվում են”:
Ըստ որոշ տեղեկությունների՝ բնակչուհին ազգությամբ եզդի է, հայ չէ, բայց նա ամբողջ կյանքում Հայաստանում է եղել և ՀՀ քաղաքացիություն ունի:




Լրահոս