Պարզվում է՝ Հայաստանում եղել է մի կարճատեւ շրջան, երբ պետական բյուջե մուծված հարկերը համապատասխանել են երկրում առկա տնտեսության իրական վիճակին: Այդ, այսպես կոչված, «ազնվության ակնթարթը» եղել է 2008 թվականի առաջին եռամսյակը:
Իսկ պատճառը եղել է այն, որ 2008-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի քաղաքական եւ տնտեսական դաշտում ոչ ոք պատկերացում չի ունեցել, թե իրադարձությունները ինչպես կզարգանան: Ո՛չ գործարարները եւ ո՛չ էլ ողջ իշխանական համակարգը համոզված չի եղել, որ իշխանություններին կհաջողվի իրենց դիրքերը պահպանել, հատկապես իշխանական հովանավորչությամբ գործող գործարարները, «շառից-փորձանքից» հեռու, նախընտրել են իրենց հարկերն ազնվորեն վճարել: Արդյունքում պետբյուջեի եկամուտները 2008 թվականի առաջին եռամսյակում, նախորդ 2007 թվականի համեմատ, աճել են մոտ 30 տոկոսով: Պետբյուջեի` կոնկրետ հարկեր եւ տուրքերից ստացված եկամուտները աճել են մոտ 40 տոկոսով:
Համեմատության համար նշենք, որ 2007-ի առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտները կազմել են 114 միլիարդ 377 մլն դրամ, որից հարկերին ու տուրքերին բաժին է հասել 90 մլրդ 124 մլն դրամը: 2008-ի առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտները արդեն կազմել են 158 մլրդ 168 մլն դրամ, որից հարկեր եւ տուրքերի մասը կազմել է 123 մլրդ 218 մլն դրամ: Ավելին՝ երբ դիտարկում ենք առանձին հարկատեսակների գծով աճի չափերը իրավիճակն առավել քան պարզ է դառնում: Ստորեւ բերված ցուցակում ներկայացված են 2007 եւ 2008 թվականների առաջին եռամսյակում հիմնական հարկատեսակներից պետբյուջե մուտք եղած գումարների չափը:
2007թ. 2008թ.
ԱԱՀ- 44 մլրդ 571.3 մլն 63 մլրդ 870.8 մլն
Շահ.-հրկ.- 15 մլրդ 494.4 մլն 20 մլրդ 110.4 մլն
Եկամ.-հրկ.- 8 մլրդ 447.5 մլն 10 մլրդ 751.1 մլն
Ակց.- հրկ- 8 մլրդ 497.8 մլն 10 մլրդ 013.4 մլն
Մաքստ.- 4 մլրդ 453.6 մլն 6 մլրդ 355.1 մլն
Հաստ. վճ.- 3 մլրդ 921.4 մլն 4 մլրդ 167.2 մլն
Բնապ. վճ.- 1 մլրդ 412.9 մլն 2 մլրդ 74.6 մլն
Պարզ. հրկ.- 2 մլրդ 127.4 մլն 1 մլրդ 797.3 մլն
Նշված թվերը հաշվի առնելով՝ ստացվում է, որ Հայաստանի եկամուտները ներկայումս եռամսյակի կտրվածքով պետք է կազմեին մոտ 400 մլրդ դրամ, այն դեպքում, երբ այս ցուցանիշը կազմում է 250-ից 300 մլրդ դրամ: Այսինքն՝ 2008-ի առաջին եռամսյակում` «ազնվության ակնթարթի» շրջանակներում բյուջեի մուտքերի մոտ 40 տոկոս ավելացումը հետագա տարիներին շարունակել է հանգրվանել իր ավանդական տեղում` իշխանության ղեկին կանգնած անձանց գրպաններում:
Ի դեպ, այս տեսանկյունից առանձնահատուկ «հմայք» են ստանում Սերժ Սարգսյանի` հոնքերը կիտած հայտնի ելույթները:
Օրինակ՝ 2008-ի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր գրավել նախագահական աթոռը, իր մոտ էր հրավիրել Հայաստանի հարկային եւ մաքսային ծառայությունների ղեկավար կազմերին, պահանջել էր վերջ տալ հովանավորչությանը, կոռուպցիային եւ այսպես շարունակ: Այս հանդիպումից հետո Հայաստանում ոչինչ չփոխվեց, պարզապես պետեկամուտների համակարգի ղեկավար կազմը այլեւս իմացավ, թե ում պետք է մոտենան հարկերի հարցով:
Վերցնենք ոստիկանությունում 2011 թվականի մարտի 14-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթը, բնականաբար, կրկին հոնքերը կիտած: Նա այդ օրը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի հասցեին, իհարկե, առանց նրա անունը տալու, ինչեր ասես որ չասեց, նույնիսկ անբարոյական որակեց: Թամամյանը հետագայում նաեւ դատապարտվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այս «դիմակազերծումը» շատ պարզ պատճառ էր ունեցել եւ կապ չուներ Թամամյանի մասնագիտական գործունեության հետ: Վերջինիս «մեղքը» եղել էր այն, որ դրանից մոտ երկու ամիս առաջ՝ 2011-ի հունվարին, Ծաղկաձորում հանգիստն անցկացրել էր Ռոբերտ Քոչարյանի հետ եւ նրան բողոքել Սերժ Սարգսյանից: Հարյուր տարվա փորձված ոստիկանը մոռացել էր, որ չի կարելի մտնել մատի եւ մատանու արանքը, կճզմեն:
2012-ի սեպտեմբերի 15-ին էլ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ հոնքերը կիտած նախատեց Տիգրան Սարգսյանին: «Խոշոր ձկներին բռնելու» Սերժ Սարգսյանի հիթ դարձած խոսքերը հենց այդ ժամանակ են հնչել: Իհարկե, այդ ելույթից հետո էլ Հայաստանի իշխանական համակարգում ոչինչ չփոխվեց. ինչպես այն եղել էր վերից վար կոռումպացված, այնպես էլ մնաց: Պարզապես այս ելույթով իշխանական բուրգի բոլոր առանցքային խաղացողներին հասկացվել էր, որ այլեւս չի կարելի «խաղեր տալ», բոլոր նրանք, ովքեր «ազնիվ» եւ պարտաճանաչ չեն «մուծվի» իբրեւ «խոշոր ձուկ» կպահածոյացվեն:
Ի դեպ, շուրջ երեք տարի Հայաստանի հանրությունը զրկված է Սերժ Սարգսյանի՝ հոնքերը կիտած ելույթի հերթական սերիան ունկնդրելու հնարավորությունից: Հավանաբար ամեն ինչ կարգին է. բոլորը ժամանակին եւ «ազնիվ մուծվում» են:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ ՏՈՒԳԱՆՔ
Գործարար Խաչիկ Խաչատրյանի՝ հայտնի ձվերի Խաչիկի որդին Երեւանի կենտրոնում չհաջողված եւ վթարով ավարտված ավտոմրցում կազմակերպելու համար տուգանվել է ընդամենը 30 հազար դրամով: Հունվարի 17-ին 21-ամյա Մեսրոպ Խաչատրյանը «մարտի» էր բռնվել Աբովյան փողոցի էլեկտրասյան հետ: Օլիգարխի որդին թանկարժեք «Ford Mustang» մակնիշի սպորտային, 444 MM 44 պետհամարանիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա պողոտայից բարձր արագությամբ թեքվել էր դեպի Աբովյան փողոց, բայց չկարողանալով ավտոմեքենան կառավարել, հավասարակշռությունը կորցնելով՝ բախվել էր էլեկտրասյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել, թե Մեսրոպ Խաչատրյանի նկատմամբ ինչ տույժ է կիրառվել: Տեղեկացանք, որ երիտասարդը ենթարկվել է 30 հազար դրամ վարչական տույժի: Իսկ ինչ վերաբերում է էլեկտրասյանը, որը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին, դրա արժեքը փոխհատուցելու է օլիգարխի որդու ավտոմեքենան ապահովագրած ընկերությունը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը պարզեց նաեւ, որ օլիգարխի որդին տուգանքն արդեն իսկ վճարել է:
ՏՈՄԱՏԸ ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2015 թվականին տոմատի պահածոյի արտադրությունը, 2014-ի համեմատ, նվազել է 58.3 տոկոսով: Հայտնի է, որ Հայաստանում տոմատն արտադրվում է հիմնականում տեղական շուկայի համար: Հետեւաբար նման ծավալի անկումը չէր կարող պայմանավորված լինել միայն սպառողի գնողունակության անկմամբ եւ արտագաղթով: Կարելի է ենթադրել, որ տոմատի պահանջարկի մի մասը բավարարվել է այդ ապրանքը ներկրելու ճանապարհով: Տոմատի հումք ներկրելու արդյունքում գործարարները վնասներ չեն կրում: Տուժում են միայն այն գյուղացիները, որոնք պոմիդոր են աճեցնում՝ հույսով, որ այն կհանձնեն վերամշակողներին:
«ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻ» ԱՉՔԸ ԼՈՒՅՍ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Tert.am-ի հետ զրույցում ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ այսպիսի մի դիտարկում է արել. «Այս պահին ռուսական կողմը լրացուցիչ միջոցառումներ է մշակում, այդ թվում ռուսական շինարարական շուկայում թուրքական ընկերությունների ներկայությունը սահմանափակելու համար»: Եթե Ռուսաստանն այս սպառնալիքն իրագործի, ինչն այդքան էլ իրատեսական չէ, ապա ՌԴ-ում գործող «հայկական ծագումով» շինարարական ընկերությունները կարող են շահեկան վիճակում հայտնվել: Զարգացումների նման ընթացքը հնարավորություն կտա, որպեսզի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների թիվն ավելանա, ինչի արդյունքում կարող են ավելանալ նաեւ տրանսֆերտները: Մնում է միայն՝ ՌԴ-ն իրագործի իր սպառնալիքները:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՌԱՆՑ ԴԱՇԻՆՔԻ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի: Կուսակցության հաղորդագրության համաձայն` այն բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի եւ անհատների՝ կուսակցության շարքերը ներգրավելու ուղղությամբ:
ՀՀԿ-Ի ՀԵՏ Է ՄՐՑՈՒՄ
Անդրադառնալով ՄԻՊ պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածուի հետ մրցակցության իր շանսերին` Զարուհի Փոստանջյանն armLur.am-ին ասել է.«Ես հայտարարում եմ, որ ես մրցում եմ ՀՀԿ-ի հետ, ոչ թե անկախ, անկաշկանդ անձնավորության հետ: Եթե այդպես լիներ, ես շատ ուրախ կլինեի: Ցավում եմ, որ իրենց կողմից առաջադրված թեկնածուն չի ցանկանում բանավեճի մեջ մտնել եւ իր առաջարկները ներկայացնել հանրությանը»:
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Սերգեյ Փարաջանովի թանգարանում փետրվարի 5-ին տեղի ունեցած Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստի ընթացքում Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ է ընտրվել «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Իրանի գազի ազգային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելին, Հայաստան գազի արտահանման ծավալների ավելացման հարցին անդրադառնալով, ընդգծել է էլեկտրաէներգիայի մատակարարման նոր գծի եւ Հայաստանից ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու կարեւորությունը: «Ըստ համատեղ համաձայնության՝ կա հնարավորություն գազի ծավալները հինգ անգամ ավելացնելու վերաբերյալ», – նշել է Քամելին:
ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ՉԿԱ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը պաշտպանում է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: «Ես պաշտպանում եմ Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը ՄԻՊ-Ի ընտրություններում: Ավելի լավ թեկնածու այսօր գտնել, համարյա թե ԱՆՀՆԱՐ Է»,- գրել է Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում::
ՃԱՇԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին աշխատանքային ճաշ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ: Ճաշի ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները: