ՀՀ Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքի միջնակարգ դպրոցը հիմնադրումից՝ 1985 թվականից մինչ օրս գտնվում է անմխիթար վիճակում. դպրոցը ո՛չ ջուր ունի, ո՛չ կոյուղի եւ ո՛չ էլ սանհանգույց: Դպրոցի տնօրեն Սերյոժա Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ թեեւ պատկան կառույցները տեղյակ են խնդրին, սակայն այն այդպես էլ լուծում չի ստանում:
Սերյոժա Հովհաննիսյանը 24 տարի է, ինչ Նոր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Ինչպես ինքն է պատմում՝ 20 տարուց ավել է` բարձրաձայնում է դպրոցի «խայտառակ ու անմխիթար» վիճակի մասին, սակայն անարդյունք: Նրա ներկայացմամբ՝ դպրոցը հիմնադրման օրից ի վեր չունի կոյուղի, խմելու ջուր, սանհանգույց, իսկ աշակերտները օգտվում են դրսում հորատված զուգարաններից:
«Այս 30 տարիների մեջ միակ դրական տեղաշարժն այն է, որ համայնքի ավագանու որոշումներում ներառվել է դպրոցի կոյուղին կառուցելու հարցը: Երեկ հանդիպել եմ ավագանու անդամների հետ, բայց դա դեռ նախագիծ է, տեսնենք, թե ինչ կստացվի: Ամենից կարեւոր եւ հրատապ լուծում պահանջող խնդիրը կոյուղու կառուցումն է: Մյուս հարցերը հեշտ լուծելի են»,- ներկայացրեց դպրոցի տնօրեն Հովհաննիսյանը:
Ի դեպ, անցած տարվա մայիսին Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանն այցելել է Նոր գյուղ, ապա՝ դպրոց եւ խոստացել, որ առաջինը կվերանորոգվի հենց Նոր գյուղի դպրոցը: Շուտով կլրանա մարզպետի խոստման մեկ տարին, բայց սայլը տեղից չի շարժվում: «Ես արդեն 20 տարի է, ինչ այս հարցը բարձրացնում եմ տարբեր ատյաններում, բայց անարդյունք: Դպրոցը պետության կողմից նույնիսկ դրամական աջակցություն չի ստանում: Այն կառուցվել է քաղաքաշինական կոպիտ խախտումներով եւ սխալներով: 3 ամսում մի դպրոց են կառուցել, էլ ի՞նչ եք ուզում: Դպրոցը կառուցել են, բայց նախատեսված չի եղել զուգարանը ներսում կառուցել: Օրինակ՝ մարզադահլիճը դպրոցի կենտրոնում է, իսկ դասասենյակների միջանցիկ պատերը, որոնք սենյակներն իրարից բաժանում են, դրված են հողի վրա՝ առանց հիմքերի: Ես ամեն օր դրանք ամրացնում եմ, որ պատերը շուռ չգան: Բացի տնօրենի աշխատանքից՝ զբաղված եմ նաեւ դպրոցի հիմքերը ամրացնելով, դպրոցում շինարարական ինչ-որ աշխատանքներ կատարելով»,- պատմեց տնօրենը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց Կոտայքի մարզպետարանի կրթության բաժին, որտեղից բաժնի պետ Կարեն Հունանյանը, անդրադառնալով Նոր գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման հարցին, ասաց. «Մեր մարզի զարգացման ծրագրերում Նոր գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման հարցն ընդգրկված է, բայց թե երբ ֆինանսական միջոցներ կհատկացվեն դրա համար, այս պահին չեմ կարող ասել: Այդ դպրոցի շինարարության հարցերը նորից քննարկվել են. այնտեղ կա նաեւ միջնապատերի խնդիր: Կարծում եմ՝ եկող տարի ֆինանսական հատկացում կլինի»:
Ի դեպ, անցած տարվա մայիսին Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը ՀՀ ազգային ժողովում հայտարարեց, որ պտտվում է գյուղերով, համայնքներով ու դրանց խնդիրներին է ծանոթանում: Մեզ մնում է հուսալ, որ մարզպետը համայնքներով պտտվելուց եւ խնդիրներին ծանոթանալուց հետո, ի վերջո, կզբաղվի նաեւ դրանք լուծելով եւ Նոր գյուղի միջնակարգ դպրոցի խնդիրը չի անտեսի, ինչպես իր նախորդները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
100 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՓԱԿՎԱԾ Է ՄՆԱՑԵԼ
Մոտ 100 ավտոմեքենա է կուտակվել բքի եւ ցածր տեսանելիության պատճառով փակված Ռազմա-վրացական ճանապարհի ռուսական կողմում: Ռազմա-վրացական ճանապարհն ամբողջությամբ փակ է կիրակի օրվանից` Մոսկվայի ժամանակով 8:00-ից, Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման եւ ձնակույտերի վտանգի պատճառով: Վարորդների եւ ուղեւորների համար Ռուսաստանի ԱԻՆ-ը ջեռուցման կետ է բացել: ՌԴ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս խուսափել այդ ուղղությամբ ուղեւորություններից: