ՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Եվրոպա կատարած վերջին այցելության ժամանակ բավականին տհաճ պատմության մեջ է ընկել: Պաշտոնական տվյալներով՝ նա անցած տարվա դեկտեմբերի 7-9 աշխատանքային այցով եղել է Լյուքսեմբուրգում, իսկ 9-ից 11-ին եղել է Բրյուսելում: Մեր տեղեկություններով՝ եվրոպական մի քաղաքից մյուսն ուղեւորվելիս նախարար Կարեն Ճշմարիտյանին թալանել են: Ըստ լուրերի՝ չարագործները ճանապարհին գողացել են նախարարի պայուսակը, որի մեջ են եղել նրա բոլոր փաստաթղթերը եւ դրամապանակը: Իհարկե, Կարեն Ճշմարիտյանը, որպես «եվրոպաներում կռված» նախարար, տեղի ունեցածի արդյունքում ո՛չ կորել է եւ ո՛չ էլ փողոցում մնացել: Ենթադրվում է, որ նրան հաջողվել է հասնել Բրյուսելում գործող ՀՀ դեսպանատուն, որտեղից նրան արդեն օգնել են ճանապարհը շարունակել եւ, ի վերջո, վերադառնալ Հայաստան: Այս պատմության հետ կապված հարցերի պատասխանները մենք, թերեւս, այդպես էլ չենք ստանա, քանի որ միջադեպը պաշտոնապես հերքվում է: Մասնավորապես, հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված եղել այն հանգամանքը, որ Ճշմարիտյանը հայտնվել է եվրոպացի գողերի ուշադրության կենտրոնում, արդյո՞ք դրան նպաստել են նախարարի թանկարժեք գնումները կամ հագուստը: Եվ, որ ամենահետաքրքիրն է, գողերին ինչպե՞ս է հաջողվել նախարարի իրերը «թռցնել», արդյո՞ք զոհը տեսել է հանցագործներին, փորձե՞լ է նրանց հետապնդել, թե՞ մի պահ «աչքը թեքել» է, եւ իրերը թռցրել են: Ամեն դեպքում, իսկապես աննախանձելի վիճակում է հայտնվել նա:

 

 

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության եւ այդ պորտֆելը դաշնակցությանը տալու լուրերը, կարելի է ասել, «Ժողովուրդ»-ի աղբյուրները երեկ հաստատեցին: Նա հրաժարական կտա: Նկատենք, որ Արմեն Աշոտյանը համացանցում ամենաակտիվ պաշտոնյաներից է եւ երեկ հրապարակել էր Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող կառավարության նոր մասնաշենքում իրեն հատկացված աշխատասենյակի տեսագրությունը, որի վերաբերյալ այսպիսի գրառում էր թողել. «Շնորհակալ եմ, բայց բարով աշխատեք»: Այլ կերպ ասած՝ Աշոտյանն արդեն իսկ ակնարկում է, որ նոր աշխատասենյակում շուտով այլ մարդ է աշխատելու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում առաջարկում է Լեւոն Մկրտչյանի թեկնածությունը: Վերջինս կրթության եւ գիտության նախարարի պաշտոնն անցած տարիներին հասցրել է զբաղեցնել արդեն երեք անգամ` 1998-1999, 2001-2003 եւ 2006-2008 թվականներին: Մնացած հարցերը ՀՀԿ ԳՄ այսօր կայանալիք նիստում կքննարկվեն:

 

 

 
Երեւանի քաղաքապետարանի աստղաբաշխական ծախսերին «Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել: Սակայն Երեւանի քաղաքապետարանը շարունակում է մեզ «զարմացնել» իր անհագուրդ ախորժակով: Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալուց հետո նրա քարոզիչները իբրեւ «արված գործ» մատնանշում են մայրաքաղաքի կենտրոնի մի քանի տարածքների կանաչապատ լինելու փաստը: Սակայն, երբ ուսումնասիրում ենք Երեւանի քաղաքապետարանի ծախսերի կառուցվածքը, պարզվում է, որ կանաչապատման համար համայնքի բյուջեից տարեկան ծախսվում է շուրջ մեկ միլիարդ դրամ: Մասնավորապես, անցած տարի Երեւանի քաղաքապետարանը վեց վարչական շրջանների կանաչապատման համար հատկացրել է շուրջ 900 մլն դրամ: Իհարկե, տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամ միայն կոնյակների վրա ծախսող քաղաքապետարանի դեպքում ողջ մայրաքաղաքի կանաչապատման համար մեկ միլիարդ եւ ավել դրամ ծախսելը ինչ-որ տեղ նույնսիկ «համեստություն» է:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ պաշտոնյաների մասնակցությամբ հանցագործությունները քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Դրա համար էլ պարբերաբար փակուղու առաջ է հայտնվում, քանի որ տարբեր քր.գործերով անցնում են այնպիսի անձինք, որոնց պատժելու հարցը քննիչներն «ինքնագլուխ» չեն կարող որոշել: Հիմա էլ սահմանադրական հանրաքվեն է գլխացավանք դարձել այս ՀՔԾ քննիչների համար: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանը հանրաքվեի արդյունքների տեղամասային արձանագրությունները փոխելու բազմաթիվ փաստեր է ներկայացրել ՀՔԾ-ին: Օրինակ՝ Արաբկիրի 5/38 ընտրատեղամասի արձանագրությամբ «այո»-ն ստացել է 343 քվեաթերթիկ, իսկ «ոչ»-ը՝ 421: Սակայն ԿԸՀ-ն հրապարակել է 1155 «այո», 92 «ոչ»: Նույնպիսի պատկեր է նաեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մշակույթի տանը տեղակայված 23/42 տեղամասում: Իհարկե, քննիչներին մնում է միայն այդ փաստերին իրավական ձեւակերպում տալ եւ կատարողներին մեղադրանք առաջադրել: Սակայն նրանք կարկամել են, քանի որ կեղծարարության վրա բռնվածները հիմնականում համայնքի ղեկավարներն են, նրանց ենթակաները կամ ՀՀԿ-ականները: Եւ հիմա ՀՀԿ կառույցները պետք է «դատվողների ցանկ» ներկայացնեն իրավապահներին:

 

 

 
ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՌԴ պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինը եւ Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը եւ Սուրմալուի մարզը՝ Արարատ լեռով: «Անկարան պետք է հասկանա, թե ինչ արդյունքներ իր համար կարող է ունենալ կոնֆլիկտի սրումը: Միայն սա կարող է սթափեցնել նրան եւ հետ պահել նոր սադրանքներից»,-հայտարարել է ՌԴ կոմկուսի քարտուղար Ս. Օբուխովը: Նամակի հեղինակները շեշտել են, թե իրենք վստահ են, որ այս հարցում Հայաստանը կհայտնի իր աջակցությունը: Նշենք, որ կոմունիստների այս նախաձեռնությունը սատարում է նաեւ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը, որը ռուսական ինքնաթիռի խոցմանը հաջորդող իսկ օրերին հանդես եկավ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենսդրական նախագծով` չթաքցնելով անգամ, որ դա արվում է՝ պատժելու համար Պուտինից այդպես էլ ներողություն չխնդրած Էրդողանի վարչակազմին:
Դեռ այն ժամանակ մենք առիթ ունեցել ենք նշելու, որ Հայոց հարցի նման անթաքույց շահարկումը ոչ միայն պատվաբեր չէ իրեն դաշնակից համարող պետության համար, այլեւ խիստ վտանգավոր կարող է լինել Հայաստանին սեփական խաղերում ներքաշելու տեսանկյունից:
Սակայն այս վերջին` Կարսի պայմանագրի վերանայման նախաձեռնությունն էլ ավելի վտանգավոր է, քանի որ Ռուսաստանը, ըստ էության, այդպիսով փորձում է շանտաժի ենթարկել Թուրքիային, բայց Հայաստանի հաշվին:
Մինչդեռ ընդամենը հինգ տարի առաջ` 2011թ., Ռուսաստանի նախագահը Կարսի պայմանագրի ստորագրման 90-ամյակի օրը, ընդգծված մեծարանքով Կրեմլում ընդունելով Ռեջեփ Էրդողանին, որպես հատուկ ժեստ նրան նվիրեց Կարսի պայմանագրի բնօրինակը` ընդգծելով, որ հենց այդ պայմանագրով հիմք դրվեց ռուս-թուրքական ամուր բարեկամությանը: Եվ այն ժամանակ, բնականաբար, որեւէ մեկը Կրեմլում չէր մտածում, որ այդ նույն Էրդողանը, խախտելով տված համաձանությունը, ձախողում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, եւ այդ փուլում նման ժեստը կարող էր վիրավորական լինել իրենց «հայ եղբայրների» համար:
Իսկ, ահա, անցած նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքերը լկտիաբար ձեռնոց նետեցին Պուտինի վարչակազմին եւ խոցեցին ռուսական ինքնաթիռը, Մոսկվայում մեկեն հիշեցին «հայ եղբայրների» դարավոր ցավերի մասին:
Իհարկե, ռուսները լավ են անում` օգտագործելով ցանկացած հնարավորություն` ազդելու Թուրքիայի վրա: Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի ներսում շատերը չեն հասկանում, որ տրվելով այս վտանգավոր խաղին` մենք վեր ենք ածվելու երկկողմանի թիրախի: Հուսանք` երկրի բարձրաստիճան ղեկավարությունն այդ շարքում չէ:




Լրահոս