Երեվանի գովազդային վահանակների տեղադրման կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը հունիսի 13-ին կայացած նիստում քննարկել և միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը: Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի “2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” որոշման 5-րդ կետով սահմանվել է, որ շենք-շինությունների ճակատային հատվածների վրա թույլատրելի գովազդների տեղադիրը, չափը, գունային լուծումը և գովազդի պատրաստման համար օգտագործվող նյութերը որոշվում են համաձայն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված սխեմայի: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ, հաշվի առնելով Երևանի ճարտարապետական տարբեր ոճերի համադրումը, մայրաքաղաքում արտաքին գովազդն իր տեսքով, կառուցվածքով և տեղադրմամբ պետք է չխախտի առանձին կառույցների ու փողոցների ճարտարապետական ամբողջականությունը: Ըստ այդմ, մշակվել են գովազդային վահանակների տեղադրման հնարավոր վայրերը, հատվածները, որոնք չեն փակի ու ծածկի ֆասադային նախշերն ու ճարտարապետական այլ տարրեր, կլինեն պատուհաններից և դռներից որոշակի հեռավորության վրա: Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ այս օրերին մայրաքաղաքում լայն թափով իրականացվում է “Գովազդի մասին” ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող գովազդային պաստառների և վահանակների ապամոնտաժում: Աշխատանքներին զուգահեռ, տնտեսվարողներին ցուցաբերվում է անվճար խորհրդատվություն և մատուցվում անվճար դիզայներական ծառայություններ: Այսուհետ տեղադրված և նոր տեղադրվելիք բոլոր վահանակները կհամապատասխանեցվեն գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների հաստատված նախագծին: Առաջիկայում չափորոշիչներին հնարավոր կլինի ծանոթանալ նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Նշվել է նաև, որ մշակվում են գովազդների գունային լուծումների, մասնավորապես՝ որոշակի նշանակության օբյեկտների, վահանակների պատրաստման նյութերի, լուսավորության և մի շարք այլ առանձնահատկությունների վերաբերյալ նախագծեր: Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները հանդես են եկել նաև դիզայներական նոր առաջարկներ ներկայացնելու պահանջով: 




Լրահոս