Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը արձանագրված ընտրախախտումներով հարուցված քրեական գործերը պատուհաս են դարձել հայրենի իրավապահների համար: Մինչ օրս դատարան ուղարկված քր.գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արձանագրված ընտրախախտումների ողջ բեռը ջարդվում է շարքային քաղաքացիների գլխին, իսկ «խոշոր ձկներին» պատժելու մասով դեռ սպասում են քաղաքական հրահանգի:
Կոշտ զեկույց
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ երբ ուժային կառույցներից Սերժ Սարգսյանին է ներկայացվել քվեարկության գործընթացի ընդհանրական պատկերը, նա խիստ բարկացել է հանրաքվեի քվեարկության պատասխանատուների վրա: Եւ սա դեռ քիչ էր, «վերքի վրա աղ լցրեց» ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը: Ներկայացված վերջնական զեկույցում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի թե՛ քվեարկության ու հաշվարկի ընթացքը, թե՛ հանրաքվեի կազմակերպումն ու բողոքարկումը կոշտ քննադատության են ենթարկվել եվրոդիտորդների կողմից:
Քաղաքացիները պատժվում են
ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ինչպես նաեւ հատուկ քննչական ծառայության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ արձանագրված ընտրախախտումների դեպքերով հարուցված քրեական գործերից երկու ամիս անց դատարան են ուղարկվում այնպիսիք, որոնք վերաբերում են այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերին: Ասել է, թե շուրջ երկու ամիս իրավապահները, քննելով ստացված ահազանգերը, առայժմ կարողացել են ՀՀ շարքային քաղաքացիների նկատմամբ մեղադրանք առաջադրել ու գործերը մեղադրական ելքերով դատարաններ ուղարկել: Իսկ «խոշոր ձկների» մասնակցությամբ արված հանցանքների գործերը դեռ անիմաստ իրավական պատճառաբանություններով ձգձգվում են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «խոշոր ձկների» մասով հարուցված քրեական գործերը քննող ՀՔԾ քննիչների համար լրացուցիչ գլխացավանք են դարձել, քանի որ տարբեր էպիզոդներով անցնում են այնպիսի անձինք, որոնց ինքնագլուխ քրեական պատասխանատվության ենթարկելը կարող է շատ «թանկ» հետեւանքներ ունենալ: Ինչո՞ւ, որովհետեւ ՀՀԿ-ի հետ մերձ հարաբերություններ ունեցողներն ու կամակատարներն են մանր ու մեծ հանցանքներ թույլ տվել: Եւ հիմա անհրաժեշտ է գոնե քավության նոխազ դարձնելու համար ընտրել նրանցից մի քանիսին՝ անհրաժեշտ «դաբրոյով»:
Թվախաղեր՝ պաշտոնական փաստաթղթերում
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն եւ հաղորդում ներկայացրել, որ 5 ընտրատեղամասերում ամփոփված եւ ԿԸՀ ուղարկված տվյալները ավելի ուշ փոխվել են: Մասնավորապես ըստ Լեւոն Զուրաբյանի՝ Արաբկիրի 5/38 ընտրատեղամասի արձանագրության բնօրինակը, որտեղ ստորագրված, կնքված է, որ «այո»-ն ստացել է 343 քվեաթերթիկ, իսկ «ոչ»-ը՝ 421: Իսկ նույն տեղամասից ստացված եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալներում «այո»-ն 343-ի փոխարեն գրված է 1155, իսկ «ոչ»-ի 421-ի փոխարեն՝ 92:
11/22 տեղամասում «այո»-ն հավաքել է 156 ձայն, «ոչ»-ը՝ 426: Բայց վերջնական արդյունքում, այսինքն՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալներով՝ «այո»-ն ստացել է 418, այսինքն՝ 262-ով ավելացվել է, «ոչ»-ը ստացել է 169, այսինքն՝ 257-ով պակասեցվել է: Ի սկզբանե բոլորի համար էլ ակնհայտ է, որ այս գործերի հետեւում հենց Սերժ Սարգսյանի ասած «խոշոր ձկներն» են կանգնած:
Նկատենք, որ Լեւոն Զուրաբյանն անգամ իրավապահներին է հանձնել փաստաթղթերի բնօրինակը, որտեղ ակնհայտ երեւում են, որ ցուցանիշները փոխվել են: Իսկ փոխողները սովորական մարդիկ չեն. հանձնաժողովի նախագահներն ու քարտուղարներն են: Ըստ էության, ՀՔԾ քննիչներին մնում էր կոնկրետ անձանց մեղադրանք առաջադրել, սակայն «ձայն բարբառոյ յանապատի». ՀՔԾ-ն լռում է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շատ քննիչներ ՀՔԾ ղեկավար Վահրամ Շահինյանին զեկուցել են, որ նշված բնութագրմամբ գործերի գլխավոր հերոսները, կամ իրավաբանական տերմինալոգիայով ասած՝ պոտենցիալ մեղադրյալները համայնքի ղեկավարներն են, նրանց ենթակաները: Բայց հասկանալի է, որ նրանց պատասխանատվության ենթարկելը իշխանությունների համար չի կարող ձեռնտու լինել: Չմոռանանք, որ առջեւում 2017 խոհրդարանական ընտրություններն են: Եւ այս իրավիճակում իրավապահներին այլ ելք չի մնում, քան այս գործերը «ծածկադմփոց» անելը: Թերեւս սրանով է պայմանավորված այն դանդաղկոտությունը, որ ցուցաբերում է ՀՔԾ-ն: Նրանք հնարավորինս անխոցելի տարբերակներ են փնտրում՝ գործերը փակելու համար:
ՀՀԿ-ի գործիքը
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ քննիչների «կոկորդին» է մնացել նաեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մշակույթի տանը տեղակայված 23/42 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի քարտուղար, ՀՀԿ-ական Դավիթ Գրիգորյանի հարցը: Բանն այն է, որ կասկածներ կան, թե հենց Դավիթ Գրիգորյանն է փոխել նշյալ ընտրատեղամասի հանձնաժողովում արձանագրված վերջնական արդյունքները: Ընդ որում, ըստ տարածքում պտտվող լուրերի՝ դա արել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի իմացությամբ ու թույլտվությամբ: Համենայնդեպս, այդպես է մատուցվել քայլը: Հիմա ՀՔԾ-ի ձեռքին կան այնպիսի կասկած-փաստեր, որոնք բավական են Դավիթ Գրիգորյանին ընդհուպ մինչեւ կալանավորելու համար: Սակայն գործընթացը ձգձգվում է: Նշենք, որ Դ. Գրիգորյանը նաեւ ամենատարբեր ձեւերով խոչընդոտել է նշված տեղամասից ներկայացվող ընդդիմության բողոքին, որպեսզի այն չհասնի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով. բողոքարկման ժամկետի ավարտի պատճառաբանությամբ: Կարծել է, թե այդպես իր արարքները կքողարկվեն, բայց, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց մի առիթով, «խիյարը թարս բուսնեց»:
Թաքցնում են
«Ժողովուրդ»-ը փորձեց հատուկ քննչական ծառայությունից պարզել՝ 2 ամիս է անցել, այս ընթացքում ի՞նչ են բացահայտել ՀՔԾ քննիչները, արդյո՞ք մեղադրանքներ կան առաջադրված այդ լուրջ ընտրախախտումների ու ընտրական հանցագործությունների մասով: Սակայն ի պատասխան մեր հարցման՝ ՀՔԾ-ի լրատվական բաժնից հայտնեցին, որ վերոնշյալ դեպքերով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 150 հոդվածի հատկանիշներով` հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը, ինչը պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով: Նախաքննությունը շարունակվում է: Ուրիշ ոչինչ չեն կարող հայտնել:
Վերջում շեշտենք, որ մինչ օրս դատարանի առաջ են կանգնել շարքային քաղաքացիները, որոնց ճակատագրերը ռեժիմն օգտագործում է ընտրախախտումների առիթով պատժի ցուցանիշ ապահովելու համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻՆ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
Դեռեւս 2015 թվականին ՀՀ կառավարությունը արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին դեկտեմբերի 7-ից 9-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ավիացիայի քաղաքականության եւ տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չաբոյանին գործուղել էր Լյուքսեմբուրգի մեծ դքսության կառավարություն:
Իսկ ի՞նչ նպատակով էին նախարարը եւ վարչության պետը մեկնել Լյուքսեմբուրգի դքսություն: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության եւ Լյուքսեմբուրգի Մեծ դքսության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր պետք է ստորագրվեր: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Լյուքսեմբուրգի կառավարության հետ ստորագրել էր տնտեսական նշանակություն ունեցող համաձայնագիրը, սակայն ավելի ուշ իր վարչության պետի հետ մեկ այլ պաշտոնական այցով մեկնել էր Բրյուսել, որտեղ էլ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի համար տեղի էր ունեցել անկանխատեսելին:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Կարեն Ճշմարիտյանը Բրյուսելում գնացք է նստել, որտեղ նրան կողոպտել են: Մասնավորապես ավազակային հարձակում իրականացնողները Ճշմարիտյանից տարել են գումար, փաստաթղթեր, բանկային քարտեր եւ այլ իրեր: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս դեպքից հետո Կարեն Ճշմարիտյանը լուրջ խնդիրներ է ունեցել Հայաստան վերադառնալու հարցում, քանի որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը նրանից կողոպտել են, եւ այլ ելք չունենալով` դիմել է Բրյուսելում ՀՀ հյուպատոսարան, որպեսզի իրեն օգնեն վերադառնալ Հայաստան: Իսկ թե ինչ փաստաթղթեր եւ որքան գումար են կողոպտիչները տարել ՀՀ էկոնոմիկայի նախարարից, առայժմ հայտնի չէ: Չի բացառվում, որ Կարեն Ճշմարիտյանը կատարվածի հետ կապված չի դիմել Բրյուսելի իրավապահներին, քանի որ չի ցանկացել, որ այս պատմությունը հանրայնացվի: «Ժողովուրդ»-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել, թե ինչքան վնաս է կրել նախարարը, սակայն բաժնի պետ Անահիտ Խեչոյանը հայտնեց, որ ինքը առաջին անգամ է լսում այդ մասին եւ զարմացած է:
Թեեւ նման իրավիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուրը, այնուամենայնիվ, զարմանալի է, որ եվրոպացի կողոպտիչների թիրախում հայտնվել է հենց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
600 ԿՐԱԿՈՑ
Փետրվարի 8-ին եւ լույս 9-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
ՉԵՆ ԳՏԵԼ
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Դիլիջան քաղաքի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի, 19-ամյա Ազիզ Բաքոյանը չորս օր առաջ «ինքնակամ լքել է զորամասի տարածքը»։ Ըստ Հովհաննիսյանի՝ Բաքոյանը նորակոչիկ է եւ երդման արարողությանը դեռ չի մասնակցել։ Զորամասի հրամանատարությունը դիմել է ռազմական ոստիկանություն, որը սակայն, զինվորին դեռ չի գտել: Փաստորեն, որքան էլ ՊՆ նախարարը հայոց զինված ուժերի գովքն է անում, իրականում «կարանտինի մեջ» գտնվող զինվորը ոչ միայն կարողացել է փախչել, այլեւ նրան ամբողջ չորս օր է` չեն կարողանում գտնել:
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ` ԻՐ ԳՈՐԾՈՎ
Զինվորականությունը պետք է հեռու մնա քաղաքականությունից. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ այդպես է արձագանքել «Ազատության» հարցին, թե արդյոք նրա՞ հրահանգով է քաղաքացիական ակտիվիստ, պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանն ազատվել աշխատանքից։ «Կարծում եմ՝ այսօր յուրաքանչյուր զինվորական պետք է իր գործով զբաղվի, եւ չեմ կարծում, թե այդ հիմքը ունի Տիգրանը, որ մեղադրի զինված ուժերի ղեկավարությանը։ Ինքը զբաղվել է քաղաքականությամբ, զինված ուժերը այսօր պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն, առավել եւս՝ մեկ անգամ զգուշացվել է, դրա համար ինքն իր ցանկությամբ դուրս է եկել բանակից։ Ավելին ասելու ես ոչինչ չունեմ»,- եզրափակել է նախարարը։ Մինչդեռ Տիգրան Մազմանյանը պնդում է՝ աշխատանքից ազատվել է Սեյրան Օհանյանի հրահանգով։ 21-ամյա երիտասարդի խոսքով, ճնշումները սկսվել են անցյալ տարվանից, երբ Շանթ Հարությունյանի ազատության համար խաղաղ հավաքի ու երթի իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան։