ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

ՀՀ բնապահպանության նախարարության շենքի դիմացի փակցված ցուցատախտակը հայտնվել է անմխիթար վիճակում: Ստացվում է, որ կա՛մ նման մեծ աշխատակազմ ունեցող այս կառույցում որեւէ մեկը չի նկատում տառերի բացթողումները, կա՛մ նրանք այնքան են զբաղված իրենց «սիրելի» գործով, որ նման «մանրուքների» վրա ուշադրություն չեն դարձնում:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որո՞նք են ծնողական իրավունքներից զրկելու հիմքերը: Ի՞նչը կարող է բավարար հիմք հանդիսանալ՝ ծնողին ծնողական իրավունքից զրկելու համար:

Գուրգեն Հովակիմյան (37 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծնողական իրավունքներից զրկելու հիմքերն են՝
– երեխայի դաստիարակության պարտավորությունից խուսափելը,
– երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքը,
– ծնողների մոտ խրոնիկ ալկոհոլիզմի կամ թմրամոլության առկայությունը,
– երեխայի ցանկացած տեսակի շահագործումը, որը երեխային մուրացկանության եւ շրջմոլիկության է ստիպում,
– երեխայի նկատմամբ դիտավորությամբ կատարած հանցագործության համար ծնողներից մեկին դատապարտումը:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները (երեխաներից ժառանգելու, նրանցից ապրուստի միջոց ստանալու, ինչպես նաեւ երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքներից օգտվելու):

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե կենսաթոշակառուն մահացել է, ապա նրան հասանելիք կենսաթոշակն ի՞նչ կարգով է վճարվում: Ո՞վ կարող է ստանալ այն, եւ ի՞նչ է անհրաժեշտ՝ գումարը ստանալու համար:

Սեդա Իսկանդարյան (49 տարեկան, հոգեբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային՝ անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին, եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում: Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաեւ նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:

Կենսաթոշակի համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:




Լրահոս