«Ժողովուրդ»-ն ավելի վաղ գրել էր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 150-ամյակի առթիվ թատրոնում «Մհեր Մկրտչյան» «փոքր թատրոն»-ի բացման մասին: Մենք գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանից հետաքրքրվել ենք` ինչպես են իրենք գործարկում փոքր բեմը: Զրույցի ընթացքում անդրադարձել ենք նաեւ թատրոնի խնդիրներին եւ հեռանկարներին: Ռեժիսորը խոսել է հատկապես Հայաստանից դուրս հյուրախաղերով հանդես գալու անհրաժեշտության մասին, ընդգծել միջազգային փառատոների դերը, որոնց իրենք դեռեւս չեն կարողանում մասնակցել:
-Պարո՛ն Հարությունյան, 2015-ի նոյեմբերին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Մհեր Մկրտչյան» «փոքր թատրոնի» բացումը: Այս փոքր բեմում հունվարին արդեն կայացել է առաջնախաղը: Հետաքրքիր է` բեմը որքանո՞վ է իրեն «արդարացնում», ի՞նչ կտա այն թատրոնին:
-Փոքր բեմը ստեղծվեց երիտասարդական, էքսպերիմենտալ փոքր ներկայացումների համար: Այնտեղ առաջինը ներկայացվեց ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանի «Բարեկամներ» ներկայացումը (Կոբո Աբե): Այս բեմը նոր հնարավորություններ է բացում երիտասարդների առջեւ, այնտեղ, օրինակ, կբեմադրվեն դիպլոմային աշխատանքներ: Բացի այդ` փոքր բեմը կօգնի բեմադրել ծավալով փոքր ներկայացումներ, որոնցով կազմը դուրս կգա նաեւ թատրոնի սահմաններից դուրս: Այս բեմում առաջիկայում եւս նոր ներկայացումներ կցուցադրվեն, որոնք իրենց ձեւաչափով եւ մոտեցումներով կլինեն ժամանակակից:
-Դուք վաղուց Ձեր թատրոնում Շեքսպիր բեմադրելու ցանկություն ունեիք: Այն իրականացնելու հնարավորություն կա՞:
-Այո՛, մարտին թատրոնը հանդիսատեսին կհանձնի Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացումը: Երեւանից ունենք հրավիրյալ ռեժիսոր` Արթուր Սահակյանը, իսկ դերասանները Գյումրու թատրոնից են: Շատ ենք ուզում պրեմիերան անել Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին: Տեւական ժամանակ է` մեր թատրոնում Շեքսպիր չի բեմադրվել, այնինչ՝ ես այն կարծիքին եմ, որ մեր խաղացանկում այդ հեղինակը պետք է անպայման գտնի իր տեղը:
-Դուք հայաստանյան փառատոներին մասնակցելու առումով ակտիվ եք, ինչը չի կարելի ասել միջազգային փառատոների մասին…
-Այո՛, դա խնդիր է: Իհարկե, ես այն համոզման եմ, որ դա կապված է նաեւ լավ պրոդյուսերական աշխատանքի հետ: Իսկ առաջին հերթին աջակցություն է անհրաժեշտ, քանի որ թատրոնը պետք է դուրս գա Հայաստանի սահմաններից:
-Հաշվի առնելով Գյումրիում սոցիալապես անապահով ընտանիքների մեծ քանակը, արտագաղթի ակտիվ տեմպը՝ դժվար չէ՞ այսօր գյումրեցիներին բերել թատրոն:
-Մենք հանդիսատեսին գրավելու եւ տոմսերն իրացնելու հետաքրքիր մեխանիզմ ունենք, մշակել ենք երեկոյան աբոնիմենտի սկզբունք (այցելուն վճարելով սովորական տոմսի գնից որոշ չափով ավել գումար, ստանում է 3 տարբեր ներկայացումներ դիտելու հնարավորություն): Մենք աշխատում ենք նաեւ պատանի հանդիսատեսի հետ` համագործակցելով դպրոցների հետ: Մեր խաղացանկում ընդգրկել ենք հայ դասականների, որոնց գործերը պատանիները դպրոցում անցնում են եւ հետաքրքրությամբ են գալիս, դիտում: Մեր նպատակն է հասարակության բոլոր շերտերին ու խավերին բերել թատրոն:
-Ասում են` եթե թատրոնը խնդիր չունենա, այն մեռած է. որո՞նք են Ձեր թատրոնի այժմյան խնդիրները:
-Այո՛, միշտ, որպես ստեղծագործողներ, մենք պետք է խնդիրներ ունենանք: Թատրոնի առաջնային խնդիրը տեխնիկական էր` կապված բեմի հետ. դրան ՀՀ վարչապետը լուծում տվեց, եւ առաջիկայում էլի որոշ խնդիրներ լուծվելու են: Միայն թե ես շատ կուզենամ, որ Գյումրու թատրոնը հյուրախաղերով հանդես գա Հայաստանի սահմաններից դուրս. առաջնային խնդիրը սա եմ համարում: Պետք է այնպիսի ներկայացում ունենալ, որը ծավալով փոքր կլինի, եւ, իհարկե, անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն:
Աննա Բաբաջանյան