Ինչու հենց Դավիթ Լոքյանը. ում է որպես բարեփոխիչ նախարար առաջարկում ՀՅԴ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիայի շրջանակներում իրականացվելիք կադրային փոփոխություններն արդեն հայտնի են: Իհարկե, քանի դեռ կոալիցիայի մասին պաշտոնապես չի հայտարարվել, նախարարական պորտֆելներն էլ Դաշնակցությանը չեն տրվել, եւ նախարարացուները չեն նշանակվել իրենց պաշտոններում, չի կարելի բացառել, որ վերջին պահին կարող են նաեւ անակնկալ զարգացումներ տեղի ունենալ: Սակայն ներկա վիճակում անակնկալների սպասելն այլեւս իրատեսական չէ:

Այսպիսով, ենթադրվում է, որ Դաշնակցության քվոտայով ՀՀ կրթության եւ գիտության նախարար կնշանակվի Լեւոն Մկրտչյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար` Արծվիկ Մինասյանը, իսկ Դավիթ Լոքյանն էլ կդառնա ՀՀ տարածքային կառավարման նախարար: Մինչ օրս այդպես էլ չպարզաբանված է մնում՝ ինչու է հենց նշված անձանց անունները շրջանառվում որպես նախարարացուների: Արդյոք Դաշնակցությունը չէր կարող երկու-երեք նոր նախարարացուների առաջադրել: Այս եւ, ընդհանրապես, սպասվող նշանակումների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կարելի է գտնել նախարարացուների կենսագրությունում:

Դավիթ Լոքյանը մասնագիտությամբ քիմիկոս-կենսաբան է: Նրա քաղաքական վերելքը սկսվել է 1998 թվականից, երբ Հայաստանում տեղի ունեցած փետրվարյան հեղաշրջումից հետո ՀՅԴ ռեաբիլիտացվեց եւ դարձավ Ռոբերտ Քոչարյանի հիմնական հենարաններից մեկը: ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան համագործակցության շրջանակներում Դավիթ Լոքյանը 1998-ին նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ: 1999-ի մայիսի 30-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում Լոքյանին հաջողվեց մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալ: Դրանից հետո, մինչեւ Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները, այսինքն՝ 1999-ի աշունը, Դավիթ Լոքյանը եւ ՀՅԴ խմբակցության մյուս անդամները սովորական ընդդիմադիր պատգամավոր էին: Իսկ երբ Ռոբերտ Քոչարյանին 2000-ի մայիսին հաջողվեց ավարտին հասցնել Հայաստանում իրականցված արդեն երկրորդ հեղաշրջումը, Դաշնակցությունը կրկին վերադարձավ իշխանության: 2001-ի հունվարին Դավիթ Լոքյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության նախարար: 2003 թվականի նախագահական եւ ԱԺ ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին կոալիցիա ձեւավորեց, որում արդեն Լոքյանին վերապահվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Նա այդ պաշտոնում երկու անգամ վերանշանակվեց` 2007-ին եւ 2008-ի ապրիլին:

Ի դեպ, վերջին անգամ Դավիթ Լոքյանը գյուղատնտեսության նախարար վերանշանակվեց 2008-ի նախագահական ընտրություններից հետո ձեւավորված իշխանական կոալիցիայի շրջանակներում: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ից բացի՝ ՀՀԿ-ի հետ կազմված այդ կոալիցիայի մեջ էին մտել նաեւ ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն: Նրանք այդպիսով Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հետ հավասար ստանձնել էին Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների պատասխանատվությունը. չխորշեցին արյունով պահպանված իշխանությունից մաս ունենալ: Բայց Դավիթ Լոքյանը 2008-ի հունիսին, այնուամենայնիվ, հրաժարական ներկայացրեց, պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ նա ընտրվել էր ՀՅԴ բյուրոյի անդամ եւ այլեւս չէր կարող կուսակցական ու նախարարական պաշտոնները համատեղել:

Չնայած Լոքյանն իր պաշտոնները մշտապես ստացել է որպես դաշնակցական, սակայն նա կառավարման համակարգում ունեցել է «գործարար» նախարարի համբավ: Նրա պաշտոնավարումը մշտապես եկամտաբեր է եղել ինչպես իր, այնպես էլ Դաշնակցության համար: Թե որքան եկամտաբեր է եղել Լոքյանի պաշտոնավարումը անձնապես նրա համար, կարելի է դատել նրա որդու` 29-ամյա անկուսակցական Սերգեյ Լոքյանի կուտակած կարողությունից: Վերջինս 2014-ի մայիսից մինչ օրս զբաղեցնում է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը:

Լոքյան կրտսերն ուսումնառությունն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել տարբեր պետական կառույցներում: Բայց այդ փաստը չի խանգարել, որ նա տակավին երիտասարդ տարիքում կարողանա բավականին պատկառելի հարստություն կուտակել: 2013 թվականի հայտարարագրով նա պաշտոնապես ներկայացրել է, որ նշված տարում իր եկամուտը կազմել է 44 միլիոն 570 հազար դրամ, որից նրա աշխատավարձը եղել է 3 միլիոն 590 հազար դրամը: Մնացած` շուրջ 41 մլն դրամը, նա հայտարարագրել է որպես շահաբաժին` 33 մլն 780 հազար եւ վարձակալության դիմաց ստացված եկամուտ` 7 մլն 200 հազար դրամ:

Իհարկե, Լոքյան կրտսերի հաջորդ տարիների հայտարարագրերը, չգիտես ինչու, չեն հրապարակվել: Բայց փաստը մնում է փաստ, որ Դավիթ Լոքյանի՝ տակավին երիտասարդ որդին բավական պատկառելի, չհիմնավորված հարստություն ունի, հավանաբար, հոր «ազնիվ» գործունեության շնորհիվ: Ավելին՝ Լոքյան կրտսերն, ինչպես վայել է նորօրյա դաշնակցականին եւ նախարարի զավակին, բանակում չի ծառայել: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ դաշնակցականի համար նրա որդու բանակում չծառայելը կարող էր անպատվաբեր լինել: Նորօրյա կարկառուն դաշնակցականը, ընդհակառակը, պետք է կարողանա որդուն բանակից ազատել եւ պետական պաշտոններում աշխատելով՝ նրա անունով միլիոնավոր դոլարների հասնող կարողություն կուտակել: Մարդիկ ոչ թե իրենց, այլ ազգի համար են այդ ամենն անում` նպաստում են սփյուռքում հայապահպանությանը:

Ահա թե ում է որպես բարեփոխիչ նախարար առաջարկում ՀՅԴ-ն:  Հաջորդիվ կներկայացնենք նախարարի մյուս թեկնածուների անցյալը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս