Մարդ-կուսակցություններն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին խուսափում են կարծիք հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական կյանքը թեւակոխել է 2017 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական փուլ: Այս շրջափուլի առանցքային հարցը, որը հուզում է բոլորին, այն է, թե ինչպիսին է լինելու ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը, որի նախագիծն իշխանությունները ներկայումս գաղտնիության պայմաններում մշակում են:

Խորհրդարանում ներկայացված եւ քիչ թե շատ ակտիվություն դրսեւորող քաղաքական ուժերի տեսակետները եւ մոտեցումները՝ ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ, ինչ-որ չափով հայտնի են: Իսկ ինչ են մտածում նոր ԸՕ-ի մասին, այսպես կոչված, մարդ- կուսակցությունները:

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ներկուսակցական մակարդակով նոր ԸՕ-ի հարցը քննարկել են եւ իրենց տեսակետը ձեւավորել են: Բայց այն խոստացավ հայտնել միայն նոր ԸՕ նախագծի հրապարակվելուց հետո: Իսկ մեր այն հարցին, թե ինչպես եք վերաբերվում մատնահետքով էլեկտրոնային քվեարկության գաղափարին, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Դեմ եմ, դա կնշանակի՝ ինչ կուզեն, կանեն, մենք դեմ ենք էլեկտրոնային քվեարկությանը»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նույնպես պնդեց, թե իրենք տեսակետ ունեն, բայց այն կհրապարակեն, երբ նախագիծը պատրաստ լինի: Բայց, ի տարբերություն Տիգրան Կարապետյանի, Արամ Սարգսյանը էլեկտրոնային քվեարկության գաղափարին կողմ է:




Լրահոս