
Երեկ՝ գիշերը, Մոսկվայում սպանվել է «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներից Հովիկ Մուրադյանը. այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ մոսկովյան իր լավատեղյակ աղբյուրներից, որն ավելի ուշ պաշտոնապես հաստատեցին ՌԴ իրավապահները: Ըստ այդմ՝ Ռուսաստանում հայտնի գործարար Հովիկ Մուրադյանին Մոսկվայի էլիտար հյուրանոցներից մեկի՝ Lotte Plaza Hotel-ի մոտ իր մեքենայից իջնելիս դանակահարել է դիմակավորված անձը:
Նշենք, որ Մուրադյան եղբայրներից առավել հայտնի է Մուրադ Մուրադյանը, որն այժմ Իրաքում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է: Ծնունդով մարտունեցի այս գործարարների «ԲԱՄՕ» ընկերությանն է պատկանում Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որը երկար ժամանակ է՝ չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Իսկ վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, թե «ԲԱՄՕ»-ի սեփականատեր եղբայրները միմյանց հետ եւս խնդիրներ ունեն: Ի դեպ, Մուրադյանները ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանի խնամին են:
Թեմայի մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: