Երեկ հայտնի դարձավ, որ «Շանթ» հեռուստաընկերությունը աշխատանքից ազատել է հայտնի լրագրող Արմեն Դուլյանին` ֆեյսբուքյան գրառման պատճառով: Անկեղծ ասած՝ արդեն իսկ այն իրողությունը, որ ժողովրդավարական համարվող երկրում իրեն հարգող որեւէ լրատվամիջոցի ղեկավար կարող է աշխատանքից հեռացնել իր աշխատակցին` ֆեյսբուքյան, այսինքն` անձնական էջում իր անհատական կարծիքը հայտնելու համար, արդեն իսկ տխուր է` անկախ այն բանից, թե ինչպիսի գրառում է կատարել այդ լրագրողը: Սակայն որպեսզի պատկերն առավել հստակ լինի, մեջբերենք այդ գրությունը. «Բայց ինչ նման ենք… Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վ. Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումն անմիջապես հանվել է… Ինչպես կարելի է կատակել նախագահի վերաբերյալ` դա պետական հեղաշրջման նման մի բան է… Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով…»: Ահա այս գրառումն է ճակատագրական դարձել փորձառու լրագրողի համար: Ինքը՝ Դուլյանը, այս կապակցությամբ լրատվամիջոցներին ասել է, որ կատարվածից շոկի մեջ է, քանի որ իր գրառմամբ ամենեւին էլ նկատի չի ունեցել «Շանթ»-ի ղեկավարությանը: Ի դեպ, հեռուստաընկերության տնօրինությունն այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ` իրենց որոշումը բացատրելով հետեւյալ կերպ. «Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում»: Փաստորեն, «Շանթ»-ի ղեկավարությունն ամենեւին չի նեղվում այն իրողությունից, որ իրենք, ըստ էության, փորձել են գրաքննել լրագրողի անձնական վիրտուալ տիրույթը: Ի դեպ, հիշեցնենք, որ բոլորովին վերջերս նման դեպք եղավ նաեւ մեկ այլ լրագրողի` Կիմա Եղիազարյանի հետ, որին դարձյալ աշխատանքից ազատեցին ֆեյսբուքյան գրառման համար: Այդպիսով` ի՞նչ է ստացվում. հայրենի լրատվամիջոցների ղեկավարները, նրանք, ովքեր պետք է լինեին խոսքի ազատության կրողներն ու ջատագովները, սահմանափակում են իրենց աշխատակիցների խոսքի, ազատ արտահայտվելու ազատությունը` տարբեր միջոցներով ճնշելով եւ երբեմն էլ աշխատանքից ազատելով: Եվ այս իրավիճակում ամենեւին էլ պետք չէ զարմանալ, որ ԱԺ պատգամավորը, լրագրողի հարցին ի պատասխան, կարող է սպառնալ ծնոտը պոկել, կամ գեներալ պատգամավորը կարող է «Ազատության» թղթակցին ասել` «բռշտել», իսկ ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանն էլ, լրագրողի միանգամայն կոռեկտ` Տ. Մարգարյանի եւ իր գործունեության համեմատականին վերաբերող հարցին ի պատասխան, հիշատակել լրագրողի ծնողին` ասելով. «Աղջի՛կ ջան, քո մաման քեզանից լա՞վ աղջիկ է»: Եթե լրատվամիջոցների ղեկավարներն իրենք չեն հարգում լրագրողի աշխատանքն ու իրավունքները, ապա դժվար է հարգանք ակնկալել մնացյալից:
ԳԱՂՋԱՄԻՋՈՑՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ