ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հարցում երեկ, կարելի է ասել, վերջնական հստակություն մտավ: Չնայած կողմերը դեռեւս պաշտոնապես չեն հայտարարել կոալիցիա կազմելու եւ կառավարությունում իրականացվելիք կադրային փոփոխությունների մասին, սակայն զարգացումների սցենարն արդեն հայտնի է: Այսպիսով, դաշնակցությանը կտրվեն Շիրակի եւ Արագածոտնի մարզպետների պաշտոնները: Իբրեւ Շիրակի ապագա մարզպետ նշվում է դաշնակցական Հակոբ Մաթինյանի անունը, իսկ Արագածոտնի մարզպետ կդառնա Գագիկ Գյոզալյանը: Նախարարական պորտֆելներից ՀՅԴ-ին կտրվի երեք պաշտոն: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կնշանակվի ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար արդեն չորրորդ անգամ կդառնա Լեւոն Մկրտչյանը: Բացի այդ՝ տարածքային կառավարման նախարարությունը կրկին կառանձնացվի արտակարգ իրավիճակներից: Արդյունքում դաշնակցական Դավիթ Լոքյանը կդառնա տարածքային կառավարման նախարար: Ի դեպ, վերը բերված նշանակումների վերաբերյալ լուրերը, ի տարբերություն նախորդ օրերի համանման տեղեկութունների, այլեւս չէին հերքվում: Նույնիսկ կարելի է ասել, որ ինչ-որ առումով դրանք անուղղակի հաստատվում էին դրանցում հիշատակվող անձանց կողմից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կոալիցիայի, ըստ այդմ, կադրային փոփոխությունների մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը` Սերժ Սարգսյանի կողմից: Նախատեսվում է, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիր ստորագրելուց հետո:
Ինչպես հայտնի է՝ փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանն «անհետացել» էր: Երեկ հաջողվեց նրան հայտնաբերել: Պարզվում է՝ երիտասարդը չորս օրում ոտքով մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ է կտրել եւ անցել, որպեսզի Նոյեմբերյանից հասնի հայրենի Օշական գյուղ: Պաշտոնապես նշվում է, որ երիտասարդը տանեցիներին է կարոտել, դրա համար էլ ինքնակամ լքել է զորամասը եւ գնացել տուն: Սակայն իրականում այս ամենի թիկունքում խորքային խնդիրներ կան թաքնված: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանի հորեղբոր տղան` Ուսե Բաքոյանը, պատմել է, որ զինվորը առողջական խնդիրներ է ունեցել. նրա թեւը պարբերաբար դուրս է ընկնում: Այս խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է եղել զինվորին վիրահատել: Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն: Բայց, չգիտես ինչու, երիտասարդին չեն վիրահատել, եւ հերթական անգամ թեւը դուրս ընկնելուց հետո նա, այլեւս ցավերին չդիմանալով, ուղղակի վեր է կացել եւ գնացել է տուն:
Սերժ Սարգսյանը երեկվանից նոր օգնական ունի: Այդ պաշտոնում նշանակվել է Հրայր Ղուկասյանը, որը մինչ այդ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն էր: Ղուկասյանը փոխարինել է Գեորգի Կուտոյանին եւ համակարգելու է դատաիրավական ոլորտը: Հիշեցնենք, որ Կուտոյանը փետրվարի 3-ին նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Ղուկասյանի պաշտոնական կենսագրությունը կարելի է գտնել միայն ԵՊՀ կայքում: Նա պետական պաշտոն զբաղեցնելու հետ միասին իրավաբանական ֆակուլտետում դասախոսում է: Կենսագրական տվյալներից հայտնի դարձավ, որ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտել է 1996 թվականին, որից հետո երեք տարի սովորել է ասպիրանտուրայում: Քանի որ նրա ծննդյան տարեթիվը նշված չէ, ուստի չենք կարող ասել՝ նրա՝ բանակում չծառայելը պայմանավորված է եղել ուսումով, թե՞ դատավորի որդի լինելով: Հրայր Ղուկասյանի հայրը` Հովհաննես Ղուկասյանը, 90-ականներին Հայաստանի գերագույն դատարանի դատավոր է եղել, իսկ մինչեւ 2012 թվականը, այսինքն` թոշակի գնալը, եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր:
Այս տարվա առաջին ամսում Հայաստանի պետական պարտքը շարունակել է աճել: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա վերջին պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 78 մլն 800 հազար դոլար: Իսկ արդեն հունվարի վերջին ՀՀ պետական պարտքը դարձել 5 միլիարդ 86 մլն: Ի դեպ, նշված գումարից 3 միլիարդ 843 մլն դոլարը Հայաստանի արտաքին պարտքն է: Այսինքն՝ այդ գումարը ՀՀ կառավարությունը վարկով վերցրել է միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Ենթադրվում է, որ այս տարի ամեն ամիս պետական պարտքի թիվը կմեծանա, քանի որ ՀՀ կառավարություն մեկը մյուսի ետեւից նոր վարկեր է վերցնում, եւ այդ գործընթացի վերջը դեռեւս չի երեւում: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ պետական պարտքը մեկ բնակչի կտրվածքով կազմում է 1700 դոլար` սկսած նորածին երեխայից, վերջացրած իր կյանքի վերջին օրերն ապրող տարեցներով: Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր ընտանիք մոտ 7 հազար 500 դոլար պարտք ունի:
ԱՆՄԻԱԲԱՆ
Մինչ ՀՀ իշխանությունները պատրաստվում են կյանքի կոչել իրենց անխոչընդոտ վերարտադրությունը երաշխավորող նոր ընտրական օրենսգիրքը, ընդդիմադիր հարթակում վերստին զբաղված են ներճամբարային գզվռտոցով: Այս անգամ էլ կռվախնձորը Մարտի 1-ի քաղաքական ժառանգորդությունն է: Բանն այն է, որ հենց այդ օրը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը եւ ՀԱԿ-ը ցանկանում են հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, եւ այդ կապակցությամբ արդեն իսկ իրազեկումներ են ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, որոնք երկուսն էլ ընդունվել են: Եվ հիմա ՀԱԿ-ը չի կարողանում ներել «Նոր Հայաստանին», որը հանդգնել է կպնել ՀԱԿ-ի «սուրբ սրբոց»-ին` Մարտի 1-ին առանց կոնգրեսի համաձայնության: «Նրանք կոպտագույն քաղաքական սխալ են կատարել. առանց մեզ հետ համաձայնության, առանց մեզ հետ քննարկման անգամ, զուգահեռ հայտարարեցին, որ հանրահավաք են անում եւ զուգահեռ հայտ են ներկայացրել քաղաքապետարան»,- վրդովվում է Լեւոն Զուրաբյանը: Նոր Հայաստանում էլ չեն պատրաստվում անմասն մնալ այդ քաղաքականապես կարեւոր առիթը օգտագործելու հնարավորությունից եւ չեն գտնում, որ դրա համար որեւէ աjլ ուժի համաձայնությունը պետք է ունենան:
Իրականում, սակայն, բավականին տխուր է տեսնել, թե ինչպես են սահմանադրական կեղծված հանրաքվեից ընդամենը երկու ամիս անց այդ հանրաքվեին դեմ հանդես եկող ընդդիմադիր ուժերն անհաշտ մրցակցություն ծավալում 2008 թ. տեղի ունեցած արյունալի իրադարձության քաղաքական ժառանգորդության համար` փաստորեն համակերպվելով հանրաքվեի կեղծման հետ: Ընդ որում, զավեշտալին այն է, որ այս երկու ուժերը հանրաքվեի ողջ գործընթացում հանրությանը փորձում էին համոզել, թե իրենք միասնական են, իսկ դրանում կասկածողներին էլ մեղադրում էին իշխանությունների պատվերը կատարելու մեջ: Անգամ հիմա էլ չկարողանալով զսպել փոխադարձ խայթոցները, այդուամենայնիվ, էլի փորձ է արվում իշխանություններին ամեն ինչում մեղադրելու պարզամիտ արդարացումը հրամցնել հանրությանը: Նույն Զուրաբյանը, օրինակ, երկու իրազեկումներն էլ ընդունելը իշխանությունների սադրանք է որակում. «Նրանք կարող էին որոշել տարբեր տեղերում տալ հնարավորություն, կամ ժամերը տարբեր լինեին…. Բայց քաղաքապետարանի որոշումն ուղղակի չի տեղավորվում ո՛չ օրինականության, ո՛չ քաղաքական տրամաբանության որեւէ շրջանակի մեջ»:
Հետաքրքիր է՝ եթե Երեւանի քաղաքապետարանը Զուրաբյանի ասածով դիմողներից մեկին, բայց ոչ թե «Նոր Հայաստանին», այլ հենց ՀԱԿ-ին այլ վայրում հանրահավաք անելու թույլտվություն տար, դա ինչպես կորակեր Զուրաբյանը: Եվ, ի վերջո, արդյոք քաղաքական տրամաբանության մեջ տեղավորվում է այն, որ երկու ընդդիմադիր ուժեր պայքարում են միեւնույն հարթակի համար, ապա այդ նույն հարթակից տրամագծորեն տարբեր կոչեր են հնչեցնում եւ վերջում իրենց ձախողման մեջ մեղադրում են «անտարբեր ժողովրդին»: