Իշխանական բուրգի երիտթեւը չի պատրաստվում նահանջել ողջ իշխանությունը գրավելու իր ծրագրից, պարզապես նախնական տարբերակը որոշակի խմբագրական փոփոխությունների է ենթարկվել:
Ինչպես հայտնի է՝ քաղաքական դաշտում երիտթեւը ընկալվում է իբրեւ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի թիմ: Մինչեւ անցած տարի ենթադրվում էր, որ Սերժ Սարգսյանը իշխանական բուրգի տարեց թիմին կհամոզի «թոշակի» գնալ՝ իրենց տեղը զիջելով երիտասարդներին: Սակայն, երբ անցած տարվա դեկտեմբերի 3-ին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարեց, որ իր ապագայի մասին կխոսի 2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո, հասկանալի դարձավ, որ իրավիճակը կտրուկ փոխվել է: Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանին չէր հաջողվել տարեցներին համոզել զիջելու դիրքերը եւ նա որոշել էր անձամբ կազմակերպել ու իրականացնել գործընթացը:
Արդյունքում երիտթեւն այլեւս հանդես է գալիս հենց այդպես՝ «նախագահի թիմ»: Այլ կերպ ասած՝ երիտասարդները բոլոր տեսակի շփումներում պնդում են, որ իրենց հետագա ճակատագրի հետ կապված բոլոր որոշումներն անձամբ շեֆն է կայացնելու: Եւ լինելով տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետողները՝ երիտիշխանավորները տարեցների կողմից արված արտահայտություններն ընկալում են իբրեւ հարձակում ու այն մատուցում իբրեւ Սերժ Սարգսյանի դեմ ոտնձգություն: Փոխարենը երիտիշխանավորներն ազատ են իրենց մրցակիցներին գնդակոծելու եւ ասպարեզից հեռացնելու հարցում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ նրա թիմին «վնասազերծելու» խնդիրը երիտիշխանավորները պետք է լուծեն մինչեւ այս տարվա վերջ: 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ այդ խնդիրը լուծելով՝ նրանք հրապարակային չեն հայտարարի, բայց իշխանությունների տապալման ողջ մեղքը ներքին կարգով կբարդեն Աբրահամյանի եւ նրա թիմի ուսերին:
Այս երեւույթի դրսեւորումները լրատվական դաշտում արդեն իսկ նկատելի են: Երիտթեւի լրատվամիջոցները կառավարության եւ հատկապես Հովիկ Աբրահամյանի գործունեությունը քննադատող հրապարակումներով են սկսել հանդես գալ:
Երիտիշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի իրեն ՀՀԿ-ից առանձին ընկալեն: Սա իրականում մոլորություն է, եւ դրա տարածողները հենց նույն այդ երիտիշխանություններն են, որոնք ամեն կերպ փորձում են իրենց տարանջատել գործող իշխանական համակարգից, որպեսզի խուսափեն Հայաստանում առկա վիճակի համար պատասխանատվություն կրելուց: Իրականում երիտթեւը առավել քան ընդգրկուն մի համքարություն է, որն իր մեջ է ներառում վերջին հատկապես 15 տարիներին իշխանական համակարգի աճեցրած «երիտասարդ» կադրերին: Նրանց մի մասը վաղուց ՀՀԿ անդամ է, մյուս մասն էլ դեռեւս սպասում է կուսակցական դառնալու հրահանգին:
Իշխանական բուրգում վաղուց հասկացել են, որ Հայաստանում վաղ թե ուշ քաղաքական փոփոխություններ են տեղի ունենալու: Երիտթեւը տարեցներին փորձել է համոզել, որ այդ փոփոխությունն իրենք նախաձեռնեն եւ իրականացնեն: Իհարկե, իրականում այդ փոփոխությունները կոսմետիկ բնույթ կկրեն, բայց մինչեւ Հայաստանի հասարակությունը դրանում համոզվի, տարիներ կանցնեն: Այդ ժամանակն իշխանական վերնախավին հնարավորություն կտա պետությունից գողացված միջոցները «մարսել»: Այսինքն՝ ցանկանում են ստանալ մի իրավիճակ, որ երբ 10 կամ 15 տարի հետո Հայաստանում իրական քաղաքական փոփոխություններ տեղի ունենան, բուն թալանչիներից շատերն արդեն կենդանի էլ չլինեն: Իսկ նրանց ժառանգները կհայտարարեն, որ իրենց միլիոնները «պապից» են ժառանգել, բայց չեն կարող ասել, թե նրան որտեղից այդ հարստությունը:
Իշխանության տարեց դեմքերն այդ ծրագրի իրագործմանն առանձնապես չեն հավատում, քանի որ համոզված են, որ եթե իրենք մի կողմ քաշվեն, ապա «ջահելները» ավելի շուտ իշխանությունը կհանձնեն, քանի որ կառավարման համակարգի նրբություններին չեն տիրապետում: Եւ միայն օսլայած մազերով անգլերեն խոսելը դժվար թե օգնի իրավիճակը շտկել, կառավարելի դարձնել:
Եւ հիմա իշխանության ներսում երիտասարդ ու ավագ սերունդների կռիվ է հասունացել: Կոալիցիոն հակամարտությունից հետո այն թերեւս լրջության այլ մակարդակի կհասնի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԽՈՍՏԱՑԱՎ ՀԵՏՈ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Ինչպես հայտնի է՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը սահմանադրական հանրաքվեի փոփոխությունների վերաբերյալ զեկույցում հատուկ անդրադարձել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից «Եռանկյունի» հաղորդաշարը վարելու խնդրին՝ այդ փաստը գնահատելով որպես Հանրային հեռուստաընկերության կողմից կողմնակալության դրսեւորում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Արմեն Աշոտյանից պարզել, թե նա ինչպես է մեկնաբանում այս փաստը: Իր պաշտոնավարման վերջին օրերը ապրող նախարարի կարծիքով՝ այդ փաստը վկայում է, որ քարոզչության հետ կապված խնդիրներն այնքան քիչ են եղել, որ «համեստ հաղորդումս դարձել է ուշադրության առարկա, իսկ մյուս կողմից կարծում եմ՝ իրականությանը չի համապատասխանում այն մտավախությունը, որ դա կարող էր ստեղծել շահերի բախում»: Իսկ ինչպես է Աշոտյանը մեկնաբանում այն փաստը, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությանը ԵԽԽՎ պատվիրակները հակահայկական զեկույցների քննարկման ժամանակ ի վնաս Հայաստանի քվեարկեցին: Ինչպես հայտնի է՝ ի թիվս հայկական այլ կուսակցությունների, ԵԺԿ անդամ է նաեւ ՀՀԿ-ն: Ավելին՝ ԵԺԿ-ում ՀՀԿ-ին ներկայացնում է հենց Արմեն Աշոտյանը: Ինչպես է ստացվել, որ ՀՀԿ-ն չի կարողացել իր կուսակիցներին համոզել, որպեսզի նրանք ի վնաս Հայաստանի չքվեարկեն: Այս խնդրի վերաբերյալ ներկայումս մեկնաբանություն տալուց Աշոտյանը հրաժարվեց, բայց խոստացավ ապագայում այդ թեմայով ծավալուն հարցազրույց տալ: «Շատ կարեւոր հարց է սա, հատկապես եթե մեզ քննադատողների մի մասը կա՛մ չի տիրապետում առարկային, կա՛մ չի ուզում տիրապետի: Ես կտամ այդ բաց դասը ԵԺԿ-ի հետ կապված մեր քննադատողներին»,- հայտարարեց դեռեւս ՀՀ ԿԳ նախարարը:
ԿԳԲ-Ի ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆՆԵՐԸ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանն այսօր կդառնա 70 տարեկան եւ այդպիսով վայր կդնի իր լիազորությունները: Վաղվանից ԱԱԾ-ն տնօրեն չի ունենա, եթե, իհարկե, հենց այսօր Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում նշանակում չկատարի: Ամեն դեպքում, Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետի ավարտման փաստով կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ազգային անվտանգության գործունեության մի շրջափուլ, այնուամենայնիվ, մոտենում է իր ավարտին: Խոսքը ՀՀ ԱԱԾ-ի խորհրդային «ԿԳԲ»-ից մնացած կադրային ժառանգության վերջին մոհիկանների հեռանալու փաստի մասին է:
ՄԻԱՎՈՐՎԱԾ, ԲԱՅՑ ԱՂՔԱՏ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Միավորված հայեր» կուսակցությունը 2015 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է մոտ 290 հազար դրամ, որից մոտ 250 հազար դրամը եղել են անդամավճարները: Տարեվերջին կուսակցության ունեցած դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ: Ի դեպ, օրերս տեղի է ունեցել այս կուսակցության ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում որոշվել է այն միաձուլել ՕԵԿ-ի ստեղծած «Հայկական վերածնունդ» միավորման հետ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշար Ախթարին: Վերջինս ներկայացրել է տարածաշրջանում կայուն աճ ապահովելու, այդ նպատակով անհրաժեշտ խթանիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ հանձնաժողովի առաջիկա ծրագրերը՝ կարեւորելով տարածաշրջանի երկրների տնտեսական տեսլականը եւ քաղաքական հանձնառությունները: Հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ դեպի ծով ելք չունեցող երկրներին վերաբերող հարցերին եւ այդ համատեքստում՝ ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին:
ՍՐՄԱՆ ՎՏԱՆԳ
ԱՄՆ հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը հայտարարել է 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հավանականության մասին` ԱՄՆ սենատի հանձնաժողովի առաջ ներկայացրած ամենամյա զեկույցում: «Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը շարունակել է բարձր մնալ 2015 թվականին: Բաքվի կողմից կայուն ռազմական ներուժի կուտակումն Ադրբեջանում տնտեսական վատթարացող պայմանների հետ մեկտեղ մեծացնում է 2016թ. հակամարտության պոտենցիալ սրման հավանականությունը: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից հրապարակայնորեն հրաժարվելու, ինչպես նաեւ Հայաստանի կողմից իր վերահսկողության տակ գտնվող տարածքից հրաժարվելու ցանկության բացակայությունը շարունակելու է բարդացնել խաղաղ կարգավորման գործընթացը»,- նշել է Քլեփերը:
ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, ազատվել է Չինաստանում, Սինգապուրում եւ Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԳ նախկին փոխնախարար Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպան:
ԴԻՄԵԼ ԵՆ
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դիմել է Բարաք Օբամային` ավելացնելու Հայաստանին եւ Ղարաբաղին տրվող ֆինանսական օգնության չափը: Բարաք Օբաման նոր ծրագրով առաջարկել է Հայաստանին տնտեսական օգնություն տրամադրել 22 մլն 412 հազար ԱՄՆ դոլարի չափով, ինչը 22 տոկոսով ավել է նախորդ տարվանից: Ադրբեջանին Օբաման առաջարկել է տրամադրել 10 մլն 936 հազար ԱՄՆ դոլար: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը պահանջում է ԱՄՆ նախագահից Հայաստանին հատկացնել 40 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԼՂՀ-ին` նվազագույնը 5 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ՝ հանձնախումբն առաջարկում է 10 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանում ապաստան գտած 20 հազար սիրիահայերի համար, իսկ Վրաստանին տրվող գումարի 10 տոկոսն օգտագործել Սամցխե-Ջավախի շրջանի զարգացման համար:
ՀԻՆ ԿԱԶՄՈՎ` ՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ
Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ ստեղծելու մասին: Խորհրդի կազմում ընդգրկվել են ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀՀ նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը, «ՀՀ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանը, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» Հ/Կ խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը: