Խորհրդարանն արդեն վերածվել է կառավարության կցորդի: Ավելին, ինչպես պարզ դարձավ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին նախագծի երեկվա քննարկումներից, կառավարությունը թքած ունի ոչ միայն ընդդիմության, այլեւ անգամ խորհրդարանական մեծամասնության վրա, որովհետեւ գիտի` ինչ նախագիծ էլ ներկայացնի, միեւնույն է, դրան ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիոն զույգը կողմ է քվեարկելու:
Իսկ երեկվա նախագծի քննարկումներն ուշագրավ փաստ բացահայտեցին. գործադիրն առաջարկում է, որ խորհրդարանը «Դիլիջանի միջազգային դպրոցին» հարկային ու մաքսային արտոնություններ տա: Բայց թե կոնկրետ ինչ ծրագիր իրականացնելու համար է հարկավոր այդ արտոնությունը, պարզ չէ. այդ մասին կառավարությունն այդպես էլ հարկ չի համարել տեղեկացնել պատգամավորներին:
Ու սա պատահական չէ: Խոսքը հենց այն դպրոցի մասին է, ուր հունիսի 6-ին այցելել էր Սերժ Սարգսյանն ու հոգաբարձուների խորհրդի անդամների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրել: Եվս մեկ կարեւոր հանգամանք. այդ դպրոցը պատկանում է ռուսաստանահայ գործարար, «Ամերիաբանկ»-ի, «Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանին` վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերիմ ընկերոջը: Փաստեր, որոնք անուղղակի կերպով ապացուցում են դպրոցին հարկային ու մաքսային արտոնություններ տալու՝ իշխանությունների շահագրգռության պատճառը:
Կառավարության ներկայացրած նախագիծը երեկ բավական լուրջ դիմադրության արժանացավ խորհրդարանում. ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե կառավարությունն ԱԺ-ից փող է ուզում, բայց չի ասում, թե ինչի համար: Ըստ Բագրատյանի՝ չի կարելի թույլ տալ, որ խորհրդարանն այնքան իջնի, որ օրենք ընդունի` չիմանալով, թե ինչի համար: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը եւս դեմ էր այս նախագծին. «Ես հասկանում եմ այս ծրագրի տակ մի ավանտյուրա, որը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, եւ կարող եք հիշել այն նախաձեռնությունը, որը կոչվում է «Արմենիկում» դեղամիջոց: Հիմա այսպիսի նախաձեռնության տակ ես տեսնում եմ միայն դա»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, թե իրենք դեմ չեն ներդրումներին, ընդհակառակը` շատ ուրախ են դրա համար: «Ես չեմ վստահում «Ամերիաբանկ»-ին, կարող է՝ մտածում եմ, որ սա փողերի լվացման միջոց է: Լրիվ հիմք ունեմ մտածելու, փորձե՛ք փարատել»,-ասաց նա` հավելելով, որ այս ընթացքում Հայաստանում երկու միջազգային քոլեջ է փակվել: «Ո՞վ է Մուրադ Ռաֆայելյանի, Մելքոնյանի համար պայքարել, որ չփակվեր, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ փակվեց: Որեւէ մեկդ հիմա չեք համոզի, որ ձեզ համար կարեւորը կրթությունն է,-նշեց նա` հավելելով,-թող կրթական պրոյեկտը բերեն այստեղ, հաստատենք եւ դաբրո տանք»:
Քանի որ առավել քան ակնհայտ երեւաց խորհրդարանի հանդեպ կառավարության արհամարհական վերաբերմունքը, քննարկումներին ստիպված էր միջամտել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ընդ որում, նա համաձայնեց պատգամավորների քննադատության հետ, որ կառավարության ներկայացրած նախագծի հիմքում չկա հստակ ծրագիր: «Ես կարծում եմ, որ այս նախագիծը շատ կարեւոր է մեզ համար: Գոնե այս պահին ՀՀ-ն համարվում է ռիսկային գոտի, ուր ներդրումները պակասում են, մենք քննադատում ենք կառավարությանը, որ դաշտ չեք ստեղծում ներդրումների համար: Հիմա կա 650 միլիոն դոլար,-ասաց նա` հավելելով,-եթե դա իրական է, ներդրում է կատարվելու, մենք սկսում ենք քննադատել: Այո՛, մենք պետք է քննադատենք, բայց չափի մեջ` ասելով՝ հարգելի՛ կառավարություն, դու պետք է բերես նաեւ ծրագիրը: Ես համաձայն եմ դրա հետ, ես ուզում են նաեւ այստեղից հնչեցնել, որ պարոն վարչապետը եւ կառավարության համապատասխան մարմինները լսեն, որ, իրոք, պատգամավորներն ունեն մտահոգություն»: Աբրահամյանը նաեւ ասաց, թե ՊԵԿ-ը պետք է խստացված վերահսկողություն իրականացնի այս ուղղությամբ, որպեսզի պարզ լինի` այդ ծրագրի շրջանակներում ինչ ներկրվեց, ինչ քանակությամբ, ինչքան էր դրա պահանջարկը: Սակայն մյուս կողմից Աբրահամյանը նկատեց, որ հարկավոր է սատարել ներդրողներին, քանզի Հայաստանը նման խնդիր ունի: Նա բերեց հարեւան Վրաստանի օրինակը, որտեղ ներդրողին հողը գրեթե ձրի են տալիս. «Երեւանում որեւէ անգամ ձրի հող տվե՞լ են, որպեսզի ներդրում կատարեն»:
Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով այդ նախագիծը, ասաց. «Խնդիրը վերաբերում է նրան, որ 550 մլն դոլարի ներդրում է իրականացվում, որպեսզի ստեղծվի ոչ առեւտրային, շահույթ չհետապնդող կրթական համալիր: Եվ հիմա նրանք խնդրում են, որպեսզի ավելացված արժեքի հարկի, ակցիզահարկի եւ մաքսային արտոնություն տրամադրվի»: Հարցին, թե ինչ ծրագիր իրականացնելու համար են արտոնություն ցանկանում, Այվազյանը պատասխանեց. «Կրթական ծրագիր»: Իսկ թե կոնկրետ ինչ կրթական ծրագրի մասին է խոսքը, բնականաբար, հայտնի չէ. «Ա՛յ, երբ որ կրթական ծրագիրը կբերեն, կներկայացնեն լիցենզավորման գործընթացի ժամանակ, կիմանանք` ինչ կրթական ծրագիր»:
Այս իրավիճակը, թերեւս, պատահական չէ. դա հենց ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի հետեւանք է: Ընդ որում, այդ մենաշնորհը գնալով նույն ՀՀԿ-ի դեմ է շուռ գալիս:
ՀԱՆՈՒՆ ՍԵՐԺԻ, ՏԻԳՐԱՆԻ ԵՎ ԻՐԵՆՑ ԸՆԿԵՐ ՌՈՒԲԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ