ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱՐՍԱՓԸ` ԼԻՍԿԱՅԻ ՄԱՍԻՆ
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Սուրեն Խաչատրյանի մասին  հերթական սահմռկեցուցիչ դեպքն է պատմել «Առավոտ»-ին. «1991-ին Խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է Օրհնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, ինչպես գորիսեցիներն էին ասում, Սուրիկ Խաչատրյանի սիրուհի Ա. Մ.-ի վրա: Պատճառն այն էր, որ Ա. Մ.-ն, Գորիսում տարածված լուրերի համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հայտնել էր, որ իրենից հղի է եւ երեխայի է սպասում: Սուրիկ Խաչատրյանը կրակում է, եւ Ա. Մ.-ին մահամերձ տեղափոխում են Սիսիան, այնտեղ վիրահատում, եւ հրաշքով փրկվում է նրա կյանքը, իսկ իր ներսում գտնվող երեխայի կյանքը չի հաջողվում փրկել: Այս հանցագործության համար նույնպես Սուրիկ Խաչատրյանը մինչ օրս չի կրել պատասխանատվություն»:

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ
Ռուսաստանը ցանկանում է ամբողջ ծավալով վերականգնել իր հարաբերությունները Վրաստանի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ընդգծել է, որ եթե հաջողվի նման աշխատանք սկսել իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների ոլորտներում, ապա դա կլինի առաջին քայլը վիզայի ռեժիմի վերացման ճանապարհին: Պուտինը նաեւ հավաստիացրել է, որ Ռուսաստանը հետայսու եւս կձգտի զարգացնել տնտեսական համագործակցությունը Վրաստանի հետ, այդ թվում՝ վրացական ապրանքների՝ ռուսական շուկա մուտք գործելու թույլտվություն տալու ոլորտում:

ՌՈՒՍԱՍԻՐԱԲԱՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը: Հայաստանի կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին տոնական օրվա առթիվ՝ վարչապետը Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն եւ երջանկություն:

ՁԵՌ Է ԱՌՆՈՒՄ
«Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է, որովհետեւ եկավ, շուկաս քանդեց, ուրիշ քանդող չէր եղել այս 20 տարվա մեջ»,-երեկ Մարգարյանի աշխատանքն այդպես է գնահատել նրա երդմնակալությանը մասնակցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Այնուհանդերձ, նա շեշտել է, որ Տ. Մարգարյանից նեղացած չէ. «Որ նեղացած լինեի, չէի գա»: Ալեքսանյանը հիշեցրել է, որ ունի 7 երեխա, որոնց համար էլ ցանկանում էր Փակ շուկայի տարածքում բազմաբնակարան շենք կառուցել:

ՄԵՏՐՈՆ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ
Չի բացառվում, որ գազի սակագնի բարձրացումը թանկացնի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը: «Կախված սակագնից՝ գազի եւ վառելանյութի, չեմ բացառում: Մինչեւ սակագինը չլինի, եւ հաշվարկ չկարողանանք մենք կատարել, ես չեմ կարող ասել՝ 150 կդառնա, 110 կդառնա, 120 կդառնա»,-«Ա1+»-ին ասել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա նաեւ շեշտել է, որ մետրոյի ուղեվարձը հաստատ չի թանկանալու. «Որովհետեւ առաջիկա տարում է բարձրացել, մնացածը չեմ կարող ասել, մինչեւ կոնկրետ հաշվարկներ չտարվի»:




Լրահոս