Դեռեւս 2008 թվականին Երեւանի կենտրոնում գտնվող Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածը Կառավարության որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ: Տարածքը ձեռք բերած «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, որը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին, ծրագրում է այդ տարածքում բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնել: Այդ հատվածում տեղակայված է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված 4 հուշարձան-շենք: Չնայած քաղաքապետարանի հավաստիացումներին, թե դրանց վտանգ չի սպառնում, քաղաքացիները մտահոգություն ունեն, որ կառուցապատման աշխատանքները այդ շենքերը եւս չեն շրջանցի:
Պուշկինի 4 հասցեի շենքն, օրինակ, կառուցվել է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբներին: Այն արդեն գրեթե դատարկվել է, բնակիչները լքել են տարածքը: Շենքի մի հատվածում այժմ ապրում են քիչ թվով մարդիկ, որոնց հիմա Ս. Մայրապետյանը ստիպում է վաճառել իրենց բնակարանները: Նույն հասցեի տան նկուղում գտնվում է մեկուկես դար ապրած նախկին գինեգործական մառանը, որը Երեւանի պատմության վերջին վկաներից է:
Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում ներառված է նաեւ «Դոլմամա» ռեստորանը: Այս շենքը կառուցվել է 19-րդ դարում: Ավանդույթի համաձայն՝ դրսից ժամանած բարձրաստիճան հյուրերին հենց այստեղ են հյուրասիրում։ Դեռեւս 2015 թվականի մայիսին նույն «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը գույքի սեփականության օտարման պահանջով հայց է ներկայացրել ընդդեմ «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանի եւ ներկայումս վերջինս դատական գործընթացների մեջ է Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերության հետ:
Երեւանի ճակատագրով մտահոգ քաղաքացիները բազմիցս բարձրաձայնել են, որ նշված պատմական շինությունները եւ այլ նմանատիպ կառույցներ քանդման վտանգի տակ են: Թեմայի շուրջ զրուցեցինք Սամվել Մայրապետյանի հետ.
-Պարո՛ն Մայրապետյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ երեւանցիները Ձեզ համարում են մայրաքաղաքի գլխավոր քանդարար, ասում են` այս քաղաքը ոնց որ իրենը չլինի…
-Դե, սուտ են ասում… Դուք մտնում եք էմոցիոնալ դաշտ: Ոչ ոք ոչ մի բան չի քանդում, ոչ մի այդպիսի պրոցես չկա, քանդման թույլտվություն որեւէ մեկն ունի՞: Որեւիցե մի շենք, որն ինձ հետ առնչություն ունի, քանդման թույլտվություն ունի՞, որի մասին մենք զրուցենք: Չկա այդպիսի բան: Կա դատական պրոցես: Որոշողը դատարանն է. իմ ֆունկցիան չի, ձեր ֆունկցիան չի:
-Եթե շենքերը չեք քանդելու, այդ տարածքը, որ ձեռք եք բերել, ինչպե՞ս եք օգտագործելու:
-Շատ լավ, ոնց որ կա, նույն ձեւի օգտագործելու եմ, ոնց որ մյուս շենքերը, շատ սիրուն բարեկարգվելու են, շատ սիրուն օգտագործելու եմ, քանդման պրոցես չկա… Դրանք սուտ խոսակցություններ են` մարդուն վարկաբեկելու համար:
-Քաղաքի ճակատագրով մտահոգ մարդիկ հաճախ նշում են, որ գերակա շահը դարձել է խաղաթուղթ…
-Գերակա շահն էլ իմ գործը չի, ես անհատ մարդ եմ, ես չեմ կարող պատասխան տալ` գերակա շահը ճիշտ բանա, թե սխալ բանա, ես կարող եմ մասնակցել, շահել տենդերը կամ չշահել: Ինձ իրավունք է տրվել բանակցել մարդկանց հետ, բանակցել ու ձեռք բերել… Ես ընդամենը ձեռք բերող եմ: Պետք է տվյալ բանը ձեռք բերես, հետո ինչ-որ բան կառուցելու մասին ցանկություն հայտնես, իսկ հետո քննարկեն` թողնել, թե ոչ. ես հողի կամ շինության սեփականատեր չեմ:
-Ուզում եք ասել` արժեքավոր, պատմական շենքեր քանդելու դեպքում պետք է կառավարությա՞նը բողոքել, ոչ թե Ձե՞զ:
-Այո՛, երբ որ կքանդվի, կթողնեն քանդել, ես էլ կքանդեմ, այդ ժամանակ բողոքները կլինեն հասկանալի, բայց ո՛չ թույլտվություն կա, ո՛չ էլ քննարկում է եղել:
-Գուցե մարդիկ արդեն չեն հավատում նմանատիպ հավաստիացումներին, այսպես ասած, նրանց «տառապանքը փորձ ունի»…
-Եթե փորձ ունեն, ինձ հետ թող չկապեն, այդ փորձը թող ինձ վրա չտարածեն, ես հայտնի եմ ոչ թե նրանով, որ քանդում եմ, այլ որ կառուցում եմ:
-Մարդիկ վախենում են, որ հերթական պատմական, կոլորիտային շենքերը կքանդվեն…
-Վախենում են, թող գնան վախ չափողի մոտ, ի՞նչ կապ ունի վախենալը ինձ հետ: Ես ձեռք բերող եմ, ուրիշ իրավունք ինձ տրված չի:
-Դե, հենց վախենում են, որ քաղաքապետարանը Ձեզ այդ շենքերը քանդելու լիազորություն կտա:
-Դե, երբ որ թույլ կտա, էն ժամանակ կխոսենք, հիմա ինչո՞ւ ենք խոսում այդ մասին:
-Որովհետեւ հետո արդեն ուշ է լինում…
-Որ ուշ է լինում, դա ուրիշ խնդիր է, ինձ հետ դա մի կապեք…
«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանի համար անհասկանալի է` եթե, օրինակ, Պուշկինի 4 հասցեում գտնվող շենքը չի քանդվելու, ի՞նչ նպատակով է Մայրապետյանը ստիպում բնակիչներին վաճառել իրենց տունը: Նույն հարցը ծագում է «Դոլմամա» ռեստորանի դեպքում. «Նշանակում է` Մայրապետյանն ուզում է ռեստորանը նախկին սեփականատերերից խլե՞լ, այստեղ ո՞րն է հանրային շահը. սեփականատեր փոխե՞լը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց նա` հավելելով, որ իր հիշողությունները թարմ են նաեւ հրշեջների շենքի մասով. «Պուշկինի կողմից այն բնակելի շենք էր, գերակա շահի պատրվակով, ցածր փոխհատուցմամբ դուրս հանեցին բնակիչներին»:
Նրա խոսքով` Մայրապետյանի քայլերի դեմ բողոքելով` ինքը բողոքում է այն մարդկանց դեմ, որոնք տվել են նրան համապատասխան արտոնություններ. «Ստեղծվել է հանցավոր բանդա` կառավարության, քաղաքապետարանի, թաղապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ Մայրապետյանը լավ ձեւը գտել է` ասելով` ես մեղավոր չեմ, իրենք են մեղավոր…»:
Իսկ, ահա, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ Սամվել Մայրապետյանին թիրախ դարձնելը ճիշտ չէ. «Կառավարությունն է քանդում ու իր որոշումների արդյունքում ոչնչացնում պատմամշակութային հուշարձանները. Սամվելը չլինի, Պողոսը լինի. խնդիրը անձի մեջ չի»: Նրա համոզմամբ` երբ որեւէ տարածք ճանաչվում է հանրային գերակա շահ, կառավարությունը պետք է կառուցապատողի առջեւ այդտեղ առկա հուշարձանները պահպանելու եւ դեռ վերականգնելու պայման դնի. «Կառուցապատողները տարածքները հիմնականում վերցնում են, որ բնակարան կառուցեն, վաճառեն, շահույթ ստանան, հյուրանոց կառուցեն… Այսինքն` հանրային շահ չկա, բիզնես նպատակներ են. կառավարությունը բիզնես է անում»,-եզրափակեց նա:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ՉՈՐՍ ՏԱՐԲԵՐԱԿ»-ԻՑ ԿՄՆԱՆ ԵՐԵՔԸ, ԿԱՄ…
Տեւական ժամանակ է` մամուլում խոսվում է «Չորս տարբերակ» փոփ խմբի վերադարձի մասին: Աղջիկները խոստանում են նոր շնչով կրկին մուտք գործել ասպարեզ, սակայն դա այդպես էլ տեղի չի ունենում: «Ժողովուրդ»-ը զրուցեց խմբի անդամներից մեկի` Քնարիկ Զաքարյանի հետ` պարզելու նրանց հապաղելու պատճառը: Երգչուհին մեզ տեղեկացրեց, որ նոր երգը, որով իրենք ցանկանում են նշանավորել իրենց մուտքը, արդեն գործիքավորման փուլում է. «Շատ էինք ուզում, որ դրանով զբաղվեր հենց Մարտին Միրզոյանը, քանի որ մեր այն բոլոր երգերը, որոնք գործիքավորել է ինքը, հաջողություն են ունեցել, ուստի սպասում էինք նրան: Երգը սիրային թեմայով է, ակտիվ ռիթմերով, պարային, երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը: Այն երկուսի կողմից էլ նվեր է մեզ»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք խումբը կշարունակի հանդես գալ նախկին կազմով, Քնարիկը պատասխանեց, որ ոչ. իր, Գոհար Ջավուկցյանի եւ Նարինե Մկրտումյանի հետ Գոհար Հովհաննիսյանը, հավանաբար, հանդես չի գա. «Հնարավոր է` փոխարենը ինչ-որ մեկը մեզ միանա, հնարավոր է եւ ոչ… Դեռ մտածում ենք»,- նշեց նա:
Իսկ այն հարցին, թե մնալու դեպքում արդյոք խմբի անունը կփոխվի, երգչուհին պատասխանեց. «Ոչ, չի փոխվի, այդ անունով մենք ճանաչում ենք ձեռք բերել, այն մեզ համար բրենդային նշանակություն ունի: Բացի այդ` ավելի վաղ մեր տեսահոլովակներից մեկում արդեն ներկայացել ենք 3-ով»:
Մենք նկատեցինք, որ այն պահից, ինչ խումբը դադարեցրեց իր գործունեությունը, շոու-բիզնեսում շատ ջրեր են հոսել. «Իսկ ես չեմ տեսնում, որ շոու-բիզնեսում շատ բան փոխված լինի, ես շատ կուզենայի, որ այդպես լիներ, բայց մենք հասկանում ենք, որ վրա է հասել մի էտապ, երբ անընդմեջ լսում ենք 6/8 երաժշտություն»,-հակադարձեց Քնարիկը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչով է առանձնանալու խումբը, նա շեշտեց, որ այսօր հայկական շոու-բիզնեսում խմբեր համարյա չկան. այդ հանգամանքն արդեն իսկ առանձնացնում է իրենց. «Թերեւս, պատճառն այն է, որ մենք` հայերս, խմբով դժվար ենք աշխատում, ամեն մեկս ձգտում է առաջին պլանում լինել: Բացի այդ` տարբերությունը շատ չի` անհատապես գումար վաստակել, թե խմբով, իսկ, ահա, խմբի համար պահանջվող ծախսերն անհամեմատ շատ են: Մեր դեպքում, սակայն, այս խնդիրները երբեւէ չեն ծագել»,-եզրափակեց նա:
Ա. Բաբաջանյան
ԿՐԿԻՆ ԴԻ ԿԱՊՐԻՈՆ
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն պատրաստվում է առաջիկայում նկարահանվել Paramount ստուդիայի նոր ֆիլմում, որի աշխատանքային անվանումն է «Նվաճում»: Սցենարի հեղինակը կլինի Մարկ Լ. Սմիթը, ով հայտնի է «Փրկվածը» ֆիլմից: Filmpro.ru-ի փոխանցմամբ` Դի Կապրիոյին բաժին կընկնի հենց գլխավոր դերը: Ֆիլմի պրոդյուսերը կլինի Ջոն Դեւիսը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ Paramount ընկերությունը Դի Կապրիոյի մասնակցությամբ մի շարք կինոհիթեր է թողարկել` «Տիտանիկ», «Ուոլ սթրիթի գայլը», «Անիծյալների կղզին» եւ այլն:
ԱԶԱՐՅԱՆԻ 87-ԱՄՅԱԿՆ Է
1929 թվականին այս օրն է ծնվել հայ լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը: Նա օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ, ՀՀ բազմաթիվ պետական պարգեւների դափնեկիր, միջազգային օլիմպիական կոմիտեի արծաթե եւ ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի ոսկե շքանշանների դափնեկիր, ՀՀ ԱՕԿ-ի պատվավոր նախագահ: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն` օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։ Այսօր արդեն Ա. Ազարյանի ղեկավարած մարմնամարզության անվանական մարզադպրոցը Հայաստանին նոր տաղանդներ է նվիրում:
ՀԻՏԼԵՐԻ ԿՏԱՎՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ
Գերմանական Նյուրնբերգ քաղաքում Weidler աճուրդի տունը վաճառքի է հանել նացիստական Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի հեղինակած կտավները: The Telegraph-ի փոխանցմամբ` ընդհանուր առմամբ, վաճառված հավաքածուում ներառված է եղել 29 ջրանկար: Աղբյուրը մանրամասնում է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Հիտլերը ստեղծել է հարյուրավոր կտավներ` փորձելով դրանք վաճառել ու ապրելու գումար վաստակել: Իր ինքնակենսագրական աշխատությունում Հիտլերը պատմել է, թե ինչպես է երիտասարդ տարիքում երազել դառնալ պրոֆեսիոնալ նկարիչ: Նա երկու անգամ փորձել է ընդունվել Վիեննայի Բարձր արվեստների ակադեմիա, սակայն ձախողել է: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Հիլտերի աշխատանքների մի մասը տասնյակ հազարավոր դոլարներով վաճառվել է աճուրդներում, իսկ մյուս մասն էլ առգրավվել է ԱՄՆ-ի կողմից ու մինչեւ այսօր պահվում է այնտեղ: