ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՎ ԱՅՍՕՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարի առաջ ուղիղ այս օրը Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրեց իր հայտնի ելույթը, որով «խաչակրաց արշավանք» սկսեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ: Իսկ այսօր նա պատրաստվում է հայտարարել ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ նպատակով ՀՀ իշխանության ողջ վերնախավը, այդ թվում նաեւ՝ ուժային կառույցների ղեկավար կազմը, այսօր՝ երեկոյան 17:00-ին, հավաքվելու են նախագահական նստավայրում` Սերժ Սարգսյանի կոալիցիոն ուղերձն ունկնդրելու համար: Իսկ մինչ այդ, իշխանական կուլիսներում արդեն սկսել են դժգոհել ՀՅԴ-ի հետ մերձեցումից: ՀՀԿ-ում կանխազգում են, որ Սերժ Սարգսյանն այս «մերձեցմամբ» հերթական մեծ բլեֆն է սկսում, որի արդյունքում պատրաստվում է զոհասեղանին դնել իշխանական բուրգի մի քանի ներկայացուցիչների` իր իշխանությունն ամրապնդելու համար: Քանի որ ոչ ոք չգիտի, թե իրենցից յուրաքանչյուրին Սերժ Սարգսյանն ինչ դեր է վերապահել` «զոհի՞», թե՞ «պտուղները վայելողի», ամեն դեպքում ինքնապաշտպանության բնազդով սկսել են ուղիներ փնտրել՝ «մերձեցումը» տապալելու համար: Հնաբնակ ՀՀԿ-ականները համոզված են, որ եթե իրենց հաջողվի այնպես անել, որ կոալիցիոն սկզբունքով նշանակված դաշնակցական նախարարները ձախողվեն, ապա Սերժ Սարգսյանը իրենց կվերաարժեւորի: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ում «ատամները սրած» սպասում են, թե երբ են դաշնակցական նախարարները նշանակվելու, որպեսզի նրանց դեմ աշխատեն: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՅԴ-ին հանձնվող նախարարությունների հայեցողական պաշտոնյաներին հանձնարարվել է հրաժարական չտալ, որպեսզի նոր նախարարները ստիպված լինեն ազատել ՀՀԿ-ականներին: Իսկ նման քայլը կներկայացվի իբրեւ նոր դաշնակցի կողմից արված ոչ գործընկերային քայլ՝ այստեղից բխող հետեւանքներով:

 

 

 
Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվն այս պահին 79 է. այս մասին «Ժողովուրդ»-ը պաշտոնապես տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարությունից: Իհարկե, մեր երկրում քիչ թե շատ գործող կուսակցություններն առավելագույնը կարող են մեկուկես տասնյակի հասնել, մնացած 60-ից ավելն իրականում գոյություն չունեցող, այսպես կոչված, «մարդ-կուսակցություններն» են: Եւ իրավիճակը փոխելու համար ՀՀ իշխանությունները ծրագրում են փոխել նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքը: Թե ինչով կավարտվի այդ նախաձեռնությունը, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, անցած տարվա դեկտեմբերից կիրառության մեջ դրված Սահմանադրությունը պահանջում է, որ «ԿՄ» օրենքն ԱԺ-ն ընդունի ձայների երկու-երրորդով` մինչեւ եկող տարվա ապրիլը: Իսկ մինչ այդ ՀՀ ԱՆ-ն ծրագրել է առաջին անգամ տեսչական ստուգումներ անցկացնել Հայաստանի թվով 10 կուսակցություններում: Պոտենցիալ ստուգվողների ցանկում ընդգրկվածները միայն «մարդ-կուսակցություններ» են, որոնց անունները հանրությանը ոչինչ չեն հուշի:

 

 

 
«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հակասահմանադրական ճանապարհով մարդկանց իրենց սեփականությունից` դրամական միջոցներից, զրկելու խնդրին: Ինչպես հայտնի է՝ ԴԱՀԿ տարիներ շարունակ տեղական ինքնակառավարման մարմինների գրությունների հիման վրա մարդկանցից գումարներ է բռնագանձում, եւ այդ հանցանքը մինչ օրս շարունակվում է: Այն դեպքում, երբ Սահմանադրությունը պահանջում է, որ մարդն իր սեփականությունից զրկվի միայն դատական կարգով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն իր հակասահմանադրական գործելաոճի պատճառով Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Կարինե Թովմասյանից հանիրավի գումար է բռնագանձել: Վստահ ենք, որ այդ ապօրինությունը տեղի չէր ունենա, եթե ԴԱՀԿ ղեկավար Միրհան Պողոսյանը չգործեր՝ դատարանը շրջանցելով: Եթե դատարանը քններ գործը, ապօրինությունը կբացահայտվեր ավելի վաղ, այլ ոչ թե ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացու գումարը բռնագանձելուց հետո:

 

 

 
Պարզվում է՝ ՀՀ որոշ օրենսդիրներ ձեռքի հետ նաեւ «վիզայի գործով» են զբաղված: Ինչպես հայտնի է՝ ՀՀ քաղաքացիները երբեմն կեղծ տեղեկություններ են ներկայացնում դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու նպատակով, եւ այս վտանգը ՀՀ-ում գործող դեսպանատները աչքի առաջ ունենալով` սկսեցին առավել զգոն լինել, ինչի արդյունքում էլ արտերկիր մեկնելու մուտքի արտոնագիր` վիզա, տրամադրելու գործընթացը դարձավ ավելի բարդ: Ու երբեմն ազդեցիկ երաշխավորների միջնորդություններ է անհրաժեշտ լինում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսպիսի մի պատմության մեջ է հայտնվել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա ամուսինների համար գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն, որպեսզի մուտքի արտոնագիր տրվի դեպի ԵՄ անդամ այդ երկիր: Սակայն ամուսինները գնացել ու չեն վերադարձել: Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, իհարկե, ասաց, որ. «Պատահական է եղել, հենց իջել է ու վատացել է: Հիվանդանոցում բուժվում է: Կապաքինվի, կվերադառնա»: Բայց ՀՀ ԱԳՆ-ում տհաճ իրավիճակ է ստեղծվել այս առիթով:

 

 

 

 
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ հերթական անգամ աչքի է ընկել ուշագրավ հայտարարություններով: Այս պաշտոնյան, հիշեցնենք, ոչ վաղ անցյալում հայտնվել էր սոցիալական ցանցերի ուշադրության կենտրոնում` Հայաստան ներմուծվող բենզինի մեջ նավթի տեսակարար կշռի գրեթե բացակայության մասին իր զավեշտալի հայտարարության արդյունքում: Երեկ եւս նա կրկնեց իր այդ միտքը` ամողջ երեք րոպե խոսելով եւ այդպես էլ չկարողանալով բացատրել, թե, ի վերջո, ինչու է Հայաստանում բենզինի գինը զգալիորեն ավելի թանկ, քան Ռուսաստանում: Իր ներկայացրած պարզաբանման մեջ խճճվելով եւ, ըստ էության, հակառակ եզրահանգման տանող բացատրությունից հետո արձագանքելով լրագրողների հաջորդ հարցին` կապված Հայաստանի բանանի շուկայում առկա մոնոպոլիայի հետ, Շաբոյանը հերթական անգամ փայլեց իր անհամարժեք արձագանքով:
«Մեզ բացարձակապես չի հետաքրքրում ընկերությունների սեփականատերերի կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կարգավիճակը: Մենք գործ ունենք միայն ընկերությունների հետ»,- խուսանավեց Շաբոյանը` որերորդ անգամ կրկնելով իր մշտական` «այդ շուկան գտնվում է մեր ուշադրության կենտրոնում» ոչինչ չասող արտահայտությունը:
Ինչու ոչինչ չասող, քանի որ փորձը ցույց է տվել, որ ՏՄՊՊՀ-ի «ուշադրությունը» ոչինչ չարժի, եթե խոսքը հզոր «տանիք» ունեցող խոշոր ընկերությունների մասին է: Հենց այդպիսին է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը, որն արդեն տարիներ շարունակ հանդիսանում է Հայաստան բանան ներմուծող միակ ընկերությունը: Լրագրողների հարցին, թե արդյոք ՏՄՊՊՀ-ի ղեկավարին չի մտահոգում այն փաստը, որ այս գերշահավետ շուկայում տարիներ շարունակ որեւէ այլ գործարար փորձ չի անում մուտք գործել, եւ արդյոք հենց այդ փաստը չի խոսում ոլորտում առկա մոնոպոլիայի մասին, Շաբոյանը պատասխանեց. «Մեր ուսումնասիրություններով մուտքի խոչընդոտներ չկան»: Պաշտոնյան, սակայն, այդպես էլ փորձ չարեց որեւէ տրամաբանական բացատրություն տալու, թե այդ դեպքում որն է պատճառը, որ Հայաստանում որեւէ մեկը չի էլ փորձում զբաղվել բանանի ներմուծմամբ: Փոխարենը արձագանքելով դիտարկմանը, թե Հայաստանում բանանը մի քանի անգամ թանկ է, քան Ռուսաստանում, Շաբոյանը սկսեց երկար-բարակ բացատրել, թե չի կարելի նման հայտարարություն անել, թե բանանը սեզոնային միրգ է, նայած որ խանութում ինչ գնով է վաճառվում եւ այլն: Տպավորություն էր, թե լրագրողների դիմաց կանգնած էր ոչ թե ՏՄՊՊՀ ղեկավարը, այլ «Քեթրին գրուպի» մենեջերներից մեկը, որը փորձում էր արդարացնել իրենց վաճառած ապրանքի թանկ գինը:
Այսքանից հետո հարց է առաջանում` արդյոք առհասարակ պետք են բյուջետային հսկայական միջոցներ մսխող նման կառույցները, որոնց ղեկավարները տնտեսական մրցակցության պաշտպանության փոխարեն զբաղված են մոնոպոլիստների շահերի սպասարկմամբ:




Լրահոս