ԿԱՐՏՈՖԻԼՆ ԷԼ Է ՎԱՐԱԿՎԱԾ
Վրաստանի սահմանում թույլ չեն տվել անցկացնել հայկական կարտոֆիլը: Վրացական սանիտարահիգիենիկ ծառայությունը կարանտինային հիվանդություն է հայտնաբերել, եւ կարտոֆիլը հետ է ուղարկվել Հայաստան: «Գրուզիա online»-ի տեղեկացմամբ` հունիսի 5-ին Հայաստանից Վրաստանի «Գուգուտի» մաքսային անցակետ է եկել 49 հազար կգ կարտոֆիլով բեռնված 2 ավտոմեքենա, սակայն վերցված նմուշի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կարտոֆիլը վարակված է: Վրաստանի կառավարության որոշման համաձայն` ապրանքը վերադարձվել է:
51 ՄԻԼԻՈՆ` 25 ՄԻԼԻԱՐԴԻ ԴԻՄԱՑ
Երեկ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն ԱԺ-ում հայտարարել է, որ Արմավիրի մարզում մայիսի 12-ին կարկուտից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամում հավաքագրվել է 51 մլն դրամ: Նրա տեղեկացմամբ՝ գումարների հավաքագրմանը մասնակցել են ե՛ւ պատգամավորները, ե՛ւ կառավարության անդամները: Ի դեպ, ամենախոշոր ներդրումն իրականացրել է ՀՀ ոստիկանությունը՝ 20 մլն դրամ: ԱԺ-ն փոխանցել է 6 մլն, իսկ ՀՀ կենտրոնական բանկը՝ 10 մլն դրամ: Ըստ Ա. Պետրոսյանի՝ վնասի իրական չափը 25 մլրդ դրամ է: Հավաքագրված գումարները գյուղացիներին պետք է հասնեն մինչեւ օգոստոսի 1-ը:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ
Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ գնդապետ Հենրիկ Մուրադյանը հինգ տարի պայմանագրային ժամկետով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար: Իսկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի զինվորական ծառայությունը 2013թ. հուլիսի 30-ից երկարաձգվել է 5 տարի ժամկետով: Սարգսյանի այլ հրամանագրերով գնդապետ Առաքել Մարտիկյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար Կամո Քոչունցը:
Գեներալ-մայոր Հովիկ Օհանյանն ազատվել է ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, որտեղ նշանակվել է գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը: Իսկ նրա փոխարեն նշանակվել է Անդրանիկ Մակարյանը՝ չորրորդ բանակային կորպուսում:
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ` ԼԻՍԿԱՅԻ ԳՈՐԾՈՎ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ կատարված հանցագործությանը, «Սիվիլնեթ»-ի եթերում հայտարարել է. «Տեղի է ունեցել ծանրագույն հանցագործություն: Մեկը սպանվել է, բանակի սպան, հրամանատարը ծանր վիրավորվել են: Էլի վիրավոր կա: Ես վստահ եմ, որ էդ երկուսը չեն վիրավորվել: Իմ տեղեկություններով` վիրավորների թիվն ավելի շատ է»: Գ. Ջհանգիրյանի ասածի ճշմարտացիությունը ստուգելու համար նրան հրավիրել են ՊՆ քննչական ծառայություն՝ հարցաքննելու: