Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցները մի լուսանկար էին ներկայացրել, որում պատկերված էր ճոխությունից ու անճաշակությունից պայթող մի սեղան` խորովածով ու քյաբաբով, իրար վրա լցված ուտեստներով: Այդ սեղանի շուրջ նստած էին մի խումբ կանայք, իսկ նրանց գլխավորում էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: «Վետերոկային» այս սեղանը հուշում էր այն մասին, որ մեր մի շարք պատգամավոր ու պաշտոնյա կանայք որեւէ բանով չեն զիջում իրենց քյաբաբասեր տղամարդ գործընկերներին:
Ի տարբերություն միլիոնատիրուհի Հ. Նաղդալյանի՝ Ռ. Մուրադյանը ֆինանսական մեծ միջոցներ չունի, ապրում է համեստ գումարներով, սակայն նրա հայտնությունն այս սեղանի մոտ հակառակն է հուշում: ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավորը հայտարարագրում նշել է. «Անշարժ գույք» բաժնում` 1 բնակարան` 61.5 քմ մակերեսով, տարեկան դրամական եկամուտը` 307 հզ. 643 դրամ (աշխատավարձ): Ըստ հայտարարագրի` շարժական եւ թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, դրամական միջոցներ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ չունի: Շատ ենք ուզում հավատալ այս տիկնոջ ներկայացրած հայտարարագրին, բայց մի տեսակ չի ստացվում… որովհետեւ նա մասնակցել է մոտ քսան միջազգային ծրագրերի, իրականացրել ու ղեկավարել դրանք, ստացել ահռելի դրամաշնորհներ: Եվ հազիվ թե բավարարված լիներ ամսական մոտ քսան հազար դրամ աշխատավարձով, երբ միշտ էլ աչքի է ընկել իր շքեղ հագուկապով… Գուցե նրան միշտ նվերներ են տվել, որոնք, բնականաբար, եկամուտ չեն համարվում… Առավել եւս, եթե հիշում ենք, որ նա 1998թ. մինչեւ 2012թ. եղել է մայրաքաղաքի Գ. Զոհրապի անվան դպրոցի տնօրեն:
Իհարկե, շատերի համար անսպասելի էր Ռ. Մուրադյանի հայտնությունը ՀՀԿ համամասնական ցուցակում: Անսպասելի, որովհետեւ լինելով դպրոցի տնօրեն՝ նա իր հիմնական ուշադրությունը սեւեռել է կրթական խնդիրներին: 1985թ. ավարտել Է Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետն ու աշխատել դպրոցում: Նշանակում է՝ 27 տարի շարունակ զբաղվել է մանկավարժությամբ: 2002-ին էլ պաշտպանել է ատենախոսություն եւ ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2002թ.-ից «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է, 2007թ.-ից՝ Քաղաքացիական կրթության հետազոտման եվրոպական միջազգային ցանցի անդամ (Գրանադայի համալսարան, Իսպանիա): 2008թ.-ից Միջազգային ընթերցողների ասոցիացիայի անդամ է, 2008թ.-ից՝ ՀՀ կայուն զարգացման ծրագրի սոցիալական գործընկերության քաղաքացիական համագործակցության ցանցի անդամ, 2008թ.-ից՝ Հանրային խորհուրդ, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հանձնաժողովի անդամ, 2010թ.-ից՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի խորհրդի անդամ, 2010թ.-ից՝ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ: Բայց այս ամենից զատ, Ռ. Մուրադյանը 2006թ. անդամագրվել է ՀՀԿ-ին ու ստանձնել կանանց խորհրդի գաղափարական աշխատանքները համակարգողի պարտականությունները:
Ասում են՝ Մուրադյանին ՀՀԿ բերելու հարցում մեծ է եղել Հ. Նաղդալյանի աջակցությունը: Ավելին, նա է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի իր ընկերուհին նաեւ պատգամավոր դառնա: Իսկ խորհրդարան մտնելիս Ռ. Մուրադյանը հայտարարեց. «Արդեն բավականին մտածված նախաձեռնություններով մտնում եմ խորհրդարան եւ պետք է կարողանամ շատ օգտակար աշխատանք իրականացնել հատկապես կրթական համակարգի համար, քանի որ ինքս կրթության բնագավառի ներկայացուցիչ եմ»:
Իհարկե, մեկ տարվա ընթացքում նա այդպես էլ ոչինչ չի արել կրթության եւ այդ ոլորտում աշխատողների համար, ականջալուր չի եղել մոտ երկու ամիս հնչող քննադատություններին, որոնց առանցքում հայոց լեզվի շտեմարաններն էին: Դե, ինչպե՞ս ականջալուր լիներ, երբ նա Գիտելիքների թեստավորման կենտրոնի խորհրդի անդամ է, մի խորհրդի, որն ինքն է կյանքի կոչում շտեմարանները` շատ վաղուց ձեւավորելով շտեմարանային եկամտաբեր բիզնեսը… Տիկին Ռուզաննան նաեւ մի նախաձեռնության հեղինակ է, որի մասին ասել է. ««Դպրոց-կենտրոնների միությունը» ստեղծել է համագործակցության կարեւոր մի շրջանակ, որտեղ ընդգրկված են ՀՀ ԿԳ նախարարությունը, դպրոցները, Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, Կրթության ազգային ինստիտուտը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը…»: Այս մեջբերումը պատահական չէր, որովհետեւ, պարզվում է, հենց այս կենտրոններն էլ դարձել են նրա յուրատեսակ բիզնեսը, քանի որ սրանք արդեն որոշակի գրանտներ են ստանում, համագործակցում ԿԳՆ-ի հետ, իսկ ԿԳ նախարարն էլ Ռ. Մուրադյանի կուսակիցն է:
Ի դեպ, վերջերս գրեթե սկանդալային մի պատմություն հյուսվեց տիկին Ռուզաննայի անվան շուրջ, երբ նրա ղեկավարած «Կրթություն առանց սահմանի» հ/կ-ն էր դարձել ԿԳՆ հայտարարած մրցույթի հաղթողը, մինչդեռ նմանատիպ գործառույթներ իրականացնող մի շարք հ/կ-ների ղեկավարներ պնդում էին, թե իրենք ավելի համակողմանի եւ արդիական ծրագրեր էին ներկայացրել, սակայն հաղթեց նախարարի կուսակիցը: Այս առթիվ չափազանց հետաքրքիր էր Ռ. Մուրադյանի մեկնաբանությունը. «Այդ ընկալումը հենց նո՞ր սկսվեց: Իմ հ/կ-ն հաղթած է եղել հենց այն ժամանակներում, երբ ես դպրոցի տնօրեն էի… Իմ պատգամավոր դառնալուց հետո չի ստեղծվել հ/կ-ն, այն 2002 թվականից գործում է: Նախարարության հետ արդեն հինգ տարվա հուշագիր ունենք ստորագրած ու ոչ թե Արմեն Աշոտյան նախարարով, այլ ավելի շուտ»: Դեմ չենք նրա մեկնաբանությանը: Այո՛, հ/կ-ն նոր չէ գործում, բայց այս ընթացքում էլ՝ 2006թ.-ից, տիկին Ռուզաննան ՀՀԿ անդամ է, նրա կին ղեկավարներից մեկը… Հետեւաբար, որքան էլ փորձի հերքել, այնուհանդերձ, հենց ՀՀԿ-ական լինելը նրան շատ բանով է օգնել…
ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ