ՀԱՆՑԱԿԻՑԸ ՓԱԽԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր քաղաքի բնակիչ, սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Լեւոն Մանուկյանին մեղադրանք էր առաջադրված այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 21-ի գիշերը դռան փականը կոտրելու միջոցով մուտք է գործել Դիլիջան քաղաքի բնակիչ Անտոն Միքայելյանին պատկանող վագոն-տնակ եւ այնտեղից հափշտակել տարբեր տեսակի եւ քանակի մսամթերք, ալկոհոլային խմիչք, ծխախոտ, այլ մթերքներ եւ կենցաղային իրեր: Բացի այդ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով Վանաձոր քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Նարեկ Պողոսյանի հետ, գնացել են Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի սկզբնամասում գտնվող Ջամիլա Մհոյանի խանութ, իրենց հետ վերցրած լինգով կոտրել խանութի դռան կողպեքը եւ գողացել 180 հազար դրամ ընդհանուր արժողության ալկոհոլային խմիչք, ծխախոտ, քաղցրավենիք: Ն. Պողոսյանը նախկինում դատված է, Լ. Մանուկյանը՝ ոչ: Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Այս գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում մեկնարկել էր ապրիլի 11-ին: Դատական առաջին նիստը չէր կայացել, քանի որ նիստի մասին պատշաճ ծանուցված Նարեկ Պողոսյանը ներկա չէր: Վերջինիս մայրը հայտնել էր, որ ինքը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:  Մայիսի 13-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը որոշել է Ն. Պողոսյանի նկատմամբ խափանման միջոցը (ստորագրություն չհեռանալու մասին) փոխել եւ որպես խափանման միջոց ընտրել 2 ամիս ժամկետով կալանավորումը: Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության Վանաձորի բաժնին: Ն. Պողոսյանի նկատմամբ  քրեական գործի վարույթը կասեցվել է մինչեւ նրան հայտնաբերելը, իսկ մյուս ամբաստանյալի նկատմամբ քննությունը շարունակվել է: Մայիսի 30-ին դատավոր Ռ. Մելքոնյանը վճռել է  Լեւոն Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով ու նրան դատապարտել  ազատազրկման 2 տարի 6 ամիս եւ 8 օր ժամկետով: Սույն դատավճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս