ՌՈՒՍ ԿԻՆԸ ԼԱՑԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ Ազատության հրապարակում եռօրյա նստացույց անող ազատամարտիկներին չի այցելել: Սակայն մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ինքը տեղյակ է, թե ինչ պահանջներ են ներկայացնում իր մարտական ընկերները: Գասպարյանն  ամոթալի է համարում ստեղծված իրավիճակը: Ըստ նրա` այն մարդիկ, որոնք պատերազմի դաշտում իրենց առողջությունն են կորցրել, այսօր պետք է արտոնություններ ունենան: 
-Պարո՛ն Գասպարյան, դեռեւս 2006թ. ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀԵԲ հիմնադիր Մայքլ Քամբեկի միջոցով օգտվել է ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերության ծառայություններից` իր վարկանիշը բարձրացնելուն ուղղված աշխատանքի դիմաց վճարելով ավելի քան կես միլիոն ԱՄՆ դոլար: Դուք ինչպե՞ս եք գնահատում դա: 
-Փիար ինչի՞ համար:
-Այդ կերպ փորձել է պատրաստվել նախագահական ընտրություններին:
-Եթե իր անձնական գրպանից է ծախսել իր խնդիրների համար, ապա ես ո՞նց կարող եմ քննադատել իրեն, եթե պետբյուջեից ծախսած լիներ, կասեի, որ չի կարելի:
-Բայց եթե անգամ իր գրպանից է ծախսել, ապա հարց է առաջանում. որտեղի՞ց նրան նման միջոցներ, որ կես միլիոն դոլար վճարի սեփական փիարի համար: Չէ՞ որ ո՛չ նախագահի, ո՛չ էլ նախարարի (այն ժամանակ Ս. Սարգսյանը պաշտպանության նախարար էր) աշխատավարձով դա հնարավոր չէ: 
-Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում, ես չեմ կարող որեւէ այլ բան ասել:
-Հայաստանն օր օրի դատարկվում է, չե՞ք կարծում, որ նման ծայրահեղ սոցիալական վիճակում գտնվող երկրի ղեկավարն իրեն նման բան չպետք է թույլ տար: 
-Ես այդ տեղեկությունը չունեմ, որ նման գումար է ծախսվել, դրա համար չեմ կարող կարծիք հայտնել այդ մասով: Իսկ արտագաղթի հետ կապված` ուղղակի կասեմ, որ վիճակն արդեն ծայրահեղ է:
-Որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում կամ ինչպե՞ս եք պատկերացնում արտագաղթի կանխարգելումը:  
-Աշխատատեղեր պետք է ստեղծվեն, որ մարդիկ կարողանան աշխատել, իրենց աշխատավարձով կարողանան ապրել: Ուրիշ ի՞նչ պետք է լինի: Ուրեմն մի բան նշեմ. վերջերս ես Ռուսաստանից մեքենայով եկա, ՌԴ-ի անցակետում մի ռուս կին, երբ անձնագիրս էի ցույց տալիս, հարցրեց, թե  որտեղ եմ աշխատում, ես էլ ասացի… պատկերացրե՛ք, այդ կինը լաց էր լինում, ասում էր՝ մեղք չէ՞ ձեր ժողովուրդը, ձեր երկիրը դատարկվում է: Դա ասում էր ռուս կինը ու լաց էր լինում, պատկերացնո՞ւմ եք: Ես էլ ի՞նչ կարող եմ ասել:
-Օրերս Երեւանի Ազատության հրապարակում ազատամարտիկները եռօրյա նստացույց արեցին՝ պահանջելով արմատապես վերանայել ազատամարտիկների եւ մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքներն ու զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Դուք համամի՞տ եք Ձեր մարտական ընկերների պահանջին:
-Ախր ազատամարտիկները ոչ մի տեսակի արտոնություն չունեն, դա է գլխավոր խնդիրը:
-Նստացույցի ընթացքում այցելե՞լ եք Ձեր մարտական ընկերներին: 
-Չէ՛, ճիշտն ասած՝ ես վատառողջ էի, նոր եմ առողջացել: Բայց տեղյակ եմ ամեն ինչից, թե ինչ նստացույց են արել, ինչի համար են արել, որոնք են նրանց պահանջները:
Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում հարցի լուծումը: Պատրաստվո՞ւմ եք ինչ-որ բանով օգնել Ձեր մարտական ընկերներին, որպես օրենսդիր մարմնի անդամ՝ գուցե այդ հարցը բարձրացնե՞ք ԱԺ-ում:
-Այսօր մի բան պետք է հասկանալի լինի, այդ տղաները, որ գնացին պատերազմ, իրենք գործ էլ ունեին, փող էլ ունեին: Մարդիկ եղան, որ իրենց տները ծախեցին ու զենք-զինամթերք  գնեցին՝ հավատալով լավ օրվան, վաղվա օրվան, լավ ապրելուն: Բայց այսօր այդ մարդիկ դրսում են մնացել: Այսօր այդ մարդիկ իրավունք ունեն պահանջելու, այդ մարդկանց շնորհիվ է, որ այսօր կա այս երկիրը, այս պետությունը կա, պատմությունը կա, անկախությունը կա: Ու այդ մարդիկ այսօր հաց են մուրում ապրելու համար:
-Այս ամոթալի իրավիճակի համար, ըստ Ձեզ, ո՞վ է պատասխանատու:
-Իհարկե ամոթալի իրավիճակ է ստեղծվել: Այդ մարդկանց հպարտությունը թույլ չի տա, որ ինչ-որ օգնություն վերցնեն, ուղղակի այդ մարդիկ պայմաններ են ուզում՝ ապրելու համար: Էդ մարդիկ աշխատանք են ուզում, էդ մարդիկ իրենց արածի… գոնե ինչ-որ արտոնություն են ուզում: Այդ մարդիկ հիվանդություն են ձեռք բերել պատերազմի դաշտում, առողջություն են կորցրել, ու նրանք այսօր հիվանդանոց գնալու հնարավորություն չունեն: Գոնե իրենց համար  ինչ-որ զեղչեր լինեն այդ առումներով: Մի բան հստակ է. այդ մարդկանց համար անպայման պետք է պայմաններ ստեղծվեն, որովհետեւ նրանք արժանի են դրան:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 559 համար




Լրահոս