ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել են թիվ 34/20, 35/37, 35/35 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ, համապատասխանաբար, 35/37, 35/35, 34/20 ընտրատեղամասերի ընտրացուցակներում ընդգրկված Նազելի Բաղդասարյանը, Հովհաննես Մաթևոսյանը, Աշոտ Կարապետյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Հանրաքվեին չեն մասնակցել, և նրանց փոխարեն այլ անձինք են քվեարկել։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նշված ընտրողների փոխարեն քվեարկություն կատարած անձանց ինքնությունը։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ թիվ 35/37 ընտրատեղամասում Նազելի Բաղդասարյանի տվյալների դիմաց լրացրել է մտացածին անձնագրային տվյալներ, ստորագրել և քվեարկել է նշված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռ.Ասատրյանը, թիվ 35/35 ընտրատեղամասում Հովհաննես Մաթևոսյանի փոխարեն քվեարկել է նույն հանձնաժողովի անդամը, իսկ թիվ 34/20 ընտրատեղամասում Աշոտ Կարապետյանի փոխարեն քվեարկությունն իրականացրել է Գյումրի քաղաքի մի բնակիչ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թիվ 35/37, 35/35, 34/20 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու համար առաջադրվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։
Նշված երեք քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին