«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«2016 թ. փետրվարի 15-ին ոստիկանությունը, ապօրինի կերպով ներգրավելով շտապ օգնության ծառայությանը, ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարիին շտապ օգնության ավտոմեքենայով բռնությամբ տարել է դատարան:
Վարդգես Գասպարիին դատարան տանելու գործողությունը հերթական անգամ ուղեկցվել է նրա նկատմամբ ընդգծված անհարգալից վերաբերմունքով՝ ըստ էության վերածվելով ծաղրուծանակի:
Մարդու և քաղաքացու ազատությունը և արժանապատվությունը ոտնահարելու հարցում ոստիկանության և շտապ օգնության ծառայության համագործակցությունը ոչ միայն անօրինական է, այլև ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ պետական մարմիններն ու հաստատությունները միայն ձևականորեն են տարանջատված և իրականության մեջ նույն հանցավոր համակարգի բաղադրիչներն են:
Ակնհայտ է, որ Վարդգես Գասպարիի՝ որպես իրավատեր ու պայքարող քաղաքացու տեսակի դեմ համակարգված հալածանքը և ծաղրուծանակը մեր ժողովրդի նկատմամբ ապազգային ու հանցավոր վարչախմբի վերաբերմունքի ցուցանիշ է և առնվազն ուղղորդված է այդ վերաբերմունքն արտահայտող ոստիկանության պետի մակարդակով:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ն իր զորակցությունն է հայտնում ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարիին, իսկ վարչախմբին և նրա կամակատար ոստիկաններին հիշեցնում է օրենքի ու դատարանի առջև վերահաս պատասխանատվության անխուսափելիության մասին»: