ՆՈՐ ԲԻԶՆԵՍ` ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՀԻՄՔԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՕԵԿ-ն այս անգամ էլ աչքը տնկել է գերեզմանների վրա: Օրերս նրա նախաձեռնությամբ ԱԺ-ում քննարկվեց “Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանների ու դիակիզարանների շահագործման մասին” օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը պայմանավորված է իբր այս ոլորտում վերահսկող եւ պատասխանատու պետական մարմին ստեղծելու գործոնով: Սակայն իրականում խնդիրն այն է, որ Հայաստանում տեղական չինովնիկները “զավթել են” պահուստային հողերի զգալի մասը: Մեր երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ անգամ գերեզմանների հատկացման համար նկատվում է հողի դեֆիցիտ: Օրինագծի հեղինակներն առաջարկում են հարցի լուծման նպատակով թույլ տալ ՀՀ քաղաքացիներին իրենց պատկանող հողակտորներում մասնավոր գերեզմաններ ստեղծել:
ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, նպատակահարմա՞ր է այս ոլորտը բիզնեսի վերածելը, եւ արդյո՞ք այն չի բերի գների անմատչելիության: Մի՞թե սա նախահիմք չէ հասարակությանը հերթական անգամ տարանջատելու ,էլիտարե եւ ,բոմժե դիակների:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եվրոպական երկրներում, ինչու չէ՝ նաեւ Ամերիկայում ու Կանադայում, մասնավոր գերեզմաններ շատ կան: Սա բավական լուրջ ու շահավետ գործ է սեփականատերերի համար: Եկեղեցին չեզոք է այս հարցում, քանի որ սա կրոնական հարց չէ, այլ` ընկերային, տնտեսական: Չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված այս օրինագծի պահանջը Հայաստանում, բայց որ հասարակության մեջ տարանջատում կնկատվի, հաստատ է: Այս ասելու համար հիմք է արտասահմանյան երկրների փորձը:
Տ. ՍԵՐՈԲ ԱԶԱՐՅԱՆ
Կանադայի հայկական եկեղեցու 
հոգեւոր հովիվ
ՊԱՏԱՍԽԱՆ. Կմեռնենք, կտեսնենք: Իսկ ի՞նչ վատ է որ: Եթե կան հայտնի մարդկանց պանթեոն եւ դամբարաններ, ինչո՞ւ չլինեն մասնավոր գերեզմաններ: Զավեշտ է, ամեն մեկը թող իր տան պատի մեջ իրեն թաղելու կտակ գրի: Մեր պատգամավորները լավ են հասկանում, որ գազի եւ մնացած թանկացումների պատճառով Հայաստանում մահացածության բարձր գնաճ կնկատվի: Բնականաբար, դրան զուգահեռ՝ կբարձրանան թաղման ծախսերը: Իսկ ինչո՞ւ առիթը բաց թողնել եւ անժամկետ գործունեությամբ բիզնես չծավալել: Դե, փառք Աստծո, որ մեր երեւելիները գոնե իրենց շահը գիտեն: Այդ դեպքում ինչո՞ւ չհորինեն մի օրենք, որը կօրինականացնի իրենց ապօրինությունը: Մեր սրբավայրերին էլ հասան: Նրանց ձգտումները բարձր են. նրանք վերջում իրենց հրկիզելու են ու պատմության մեջ մնալու են որպես ազգիս պատշաճ նվիրյալներ:
ԱՐԱ ԹՈՐՈՍՅԱՆ (Մուրզիկ)
երաժիշտ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ավելի լավ է՝ այդ ներդրումներն անել դիակիզարանի համար: Ես, օրինակ, չեմ մեռնի այնքան ժամանակ, մինչեւ այդ դիակիզարանը չկառուցվի: Թաղելը, բոլոր դեպքերում, թանկ “հաճույք” է` անիմաստ ծախսերով:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր

Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 559 համար




Լրահոս