Ոստիկանությունում «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդու` Սերգեյ Աբովյանի կողմից հաղորդում ծեծի մասին չի ստացվել: Ինչպես ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, մամուլի հրապարակումներն ուսումնասիրվում են, դրանց հիման վրա հետաքննություն է կատարվում:
Հիշեցնենք, որ hraparak.am կայքում, փետրվարի 14-ին հրապարակված հոդվածում ասվում էր, որ նույն օրը գիշերը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Սերգեյ Աբովյանին` պատճառելով վնասվածքներ: Ավելի ուշ հրապարակումներ եղան այն մասին, որ ծեծին մասնակցել է նաև Գագիկ Բեգլարյանի որդին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը քիչ առաջ նաև հաղորդագրություն տարածեց, որում ասվում է, որ զանգվածային լրատվամիջոցներով երեկվանից տարածված այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր փեսայի մասնակցությամբ վեճ ու ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են նաև Գագիկ Բեգլարյանի «թիկնապահները», չի համապատասխանում իրականությանը և ամբողջովին սուտ է։