Հայ-իրանական համագործակցությունն առողջապահության ոլորտում սերտացնելու նպատակով Հայաստան է ժամանել Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են անվանի մասնագետներ, առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Հայաստան է ժամանել նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Արմեն Մուրադյանը ողջունելով պատվիրակության անդամներին` նշեց, որ Հայաստանը և Իրանը հաջողությամբ համագործակցում են նաև միջկառավարական հանձնաժողովի շրջանակում:
«Ուրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանում և գոհունակություն եմ հայտնում առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության համար: Մոտ երկու ամիս է անցել մեր պատվիրակության Իրան կատարած այցից, որը թույլ տվեց ամրապնդել երկկողմ գործընկերային կապերը և կնքել նոր համագործակցության համաձայնագիր՝ գործնական նոր հեռանկարներով»,- ասաց նախարարը` կարևորելով փոխայցելությունները:
Համաձայնագրի շրջանակում երկու կողմերը ստեղծել են աշխատանքային խմբեր՝ առողջապահության նախարարների տեղակալների մակարդակով:
«Վստահ ենք, որ հայ գործընկերների հետ Ձեր բանակցությունները դրական արդյունք կունենան՝ ի օգուտ մեր ժողովուրդների առողջության»,- ընդգծեց նախարարը:
Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում երկու կողմերի միջև կազմակերպվել են բազմաթիվ փոխայցելություններ` մասնագիտական փորձի փոխանակման նպատակով, պարբերաբար իրականացվել է հիգիենիկ համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվության փոխտրամադրում և փոխօգնություն:
«Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիին՝ հանրային առողջապահության խնդիրները համատեղ քննարկելու նպատակով Հայաստանում կայանալիք նախարարական համաժողովին մասնակցելու իմ հրավերն ընդունելու համար»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ օրեր առաջ Մեղրիում բացվել է տարածաշրջանային նշանակության բժշկական նորագույն կենտրոն, որը կարող է գրավիչ լինել նաև Իրանի բժշիկների համար:
Համագործակցության ամբողջ ներուժն օգտագործելու նպատակով հատկապես կարևորվեց հարևան պետությունների սերտ համագործակցությունը առողջապահության բոլոր ուղղություններով: Իրանի առողջապահության նախարարի տեղակալի Ռասոուլ Դինարվանդիի խոսքով՝ իրենց երկիրը հետաքրքրված է Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ:
«Մենք ցանկանում ենք առողջապահության ոլորտում օգտագործել բոլոր հնարավորություններն առավել արդյունավետ համագործակցելու համար»,- ասաց նախարարի տեղակալը:
Նա նշեց, որ իրանական մասնավոր հատվածը հետաքրքրված է մեր երկրում ներդրումներ կատարելու, մասնավորապես` բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ:
Որպես համագործակցության լայն հնարավորություն ընձեռող ոլորտ առանձնացվեց նաև դեղարտադրությունը: Քննարկվեցին դեղերի արտադրության առաջավոր մեթոդների և տեխնոլոգիաների զարգացմանը, ներմուծման և արտահանման խթանմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:
Պատվիրակությունն կայցելի նաև ՀՀ մարզեր, ինչպես նաև հայաստանյան դեղարտադրող խոշոր կազմակերպություններ:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին Թեհրան կատարած այցի շրջանակում ստորագրվել է «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը նպաստում է Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև բնակչության առողջության բարելավմանը: