Սերժ Սարգսյանի հրամանագրով` երեկ Ազգային անվտանգության ծառայության պետ, 70-ամյակը բոլորած Գորիկ Հակոբյանին փոխարինեց օրերս գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Գեորգի Կուտոյանը, որը մինչ այդ ՀՀ նախագահի օգնականն էր:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի եւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ:
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյան
-Պարո՛ն Եղիազարյան, երեկ, Սերժ Սարգսյանի հրամանագրով, ԱԱԾ պետ 70-ամյա Գորիկ Հակոբյանին փոխարինեց օրերս գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Գեորգի Կուտոյանը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս պաշտոնափոխությանը:
-Չեմ ճանաչում, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ով է: Այնպես որ, չեմ կարող մեկնաբանել, թե ինչ կանի, ինչով կզբաղվի:
-Կուտոյանն, ըստ էության, հայոց բանակում ծառայություն չի անցել: Հայկական բանակում չծառայած անձնավորությունն իրավունք ունի՞ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնել:
-Օրենքով նախատեսված է, որ եթե զինվորական ամբիոն ունեցել է, այսինքն՝ կոչում է ստացել, դա ծառայություն է համարվում, եթե չի ունեցել, ուրեմն՝ շատ վատ բան է, որ չծառայած մարդն այդ պաշտոնին է նշանակվում:
-Ձեր կարծիքով` բավականին երիտասարդ Կուտոյանը բավարար փորձ ունի՞ երկրում ամենաբարդ կառույցը ղեկավարելու համար:
-Տարիքը կապ չունի: Ես ուղղակի դեմքից կարող եմ ասել, որ այդ տղան ինձ վրա գրագետ մարդու տպավորություն է թողել: 35 տարեկան է, էներգիան տեղն է, իսկ մնացածը խնդիր է… Հավանական է՝ նշանակողները մտածել են, որ որոշակի բաների տիրապետում է, որ տարել են: Այդտեղ 35 տարեկան պատահական տղայի չեն տանի. մի բան կա, որի մասին կիմանանք հետո:
-Պարո՛ն Եղիազարյան, իսկ արդեն ԱԱԾ նախկին պետ Գ. Հակոբյանին Սերժ Սարգսյանը նշանակել է անվտանգության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական, ի՞նչ է դա նշանակում:
-Կա՛մ շատ արագ այդ պաշտոնը կվերացվի, կբերվի զրոյական դիրքի, որովհետեւ վարչարարության մեջ մի էլեմենտ կա. երբեք չի կարելի վերեւից իջեցնել հրամանը` երկրորդական, երրորդական դեմքերով: Երբ որ իջեցնում ես, առաջին դեմքը՝ որպես այդպիսին, վերջանում է: Հիմա ես չգիտեմ, թե ինչ ֆունկցիաներ կունենա Գորիկ Հակոբյանը: Ա՛յ, որ դուք ասեք ինձ ֆունկցիաները, կասեմ, թե հետեւանքը ինչ կլինի, ես նրա ֆունկցիաներից գաղափար չունեմ:
«Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ, ՀՀ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյան
-Պարո՛ն Իսագուլյան, երեկ հայտնի դառձավ, որ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին փոխարինելու է օրերս գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Գեորգի Կուտոյանը: Ինչպե՞ս եք գնահատում այս նշանակումը:
-Քանի որ ԱԱԾ պետի նշանակումը բացառապես ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակներում է, ուրեմն՝ ՀՀ նախագահն ինքն է որոշում, թե ում պետք է նշանակի ԱԱԾ տնօրեն: Եւ եթե ինքը նպատակահարմար է գտել Գեորգի Կուտոյանին նշանակել, դա նրա բացառիկ լիազորությունների շրջանակներում է:
-Նորանշանակ ԱԱԾ տնօրենը, սակայն, հայոց բանակում չի ծառայել, միայն Ռուսաստանի Դաշնությունում զինվորական պատրաստություն է անցել: Նա իրավունք ունի՞ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնել:
-Նորից պետք է կրկնեմ նույնը. որեւէ պաշտոն, որը սահմանադրությամբ բացառապես ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակներում է, ինքն է որոշում՝ այդ մարդուն նշանակել, թե՝ ոչ: Եւ եթե ՀՀ նախագահը նպատակահարմար է գտել, որ իր նախկին օգնականին, ներկայումս՝ դատախազի տեղակալին նշանակի ԱԱԾ պետ, դա իր որոշումն է: Մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր սեփական կարծիքը, բայց դա բացառապես մեր կարծիքն է:
-Պարո՛ն Իսագուլյան, արդեն ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը նշանակվել է ՀՀ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական: Սա չի՞ նշանակում, որ Հակոբյանն է, ըստ էության, շարունակելու ԱԱԾ-ն ղեկավարել:
-Ես կարծում եմ՝ ՀՀ նախագահը այս պարագայում հաշվի է առել բոլոր այն մտահոգությունները, որոնք արտահայտում եք նաեւ Դուք, եւ նշանակելով Գորիկ Հակոբյանին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական` նա որոշակի առումով, որոշակի ժամականաշրջանում պետք է ուշադրության կետրոնում պահի այդ համակարգը, մինչեւ ծառայության նոր տնօրենը ամբողջությամբ կարողանա համակարգին հատուկ որոշակի խնդիրներ յուրացնել: Սա նորմալ երեւույթ է, տարբեր երկրներում հաճախ կիրառվող: Սպասենք, ժամանակը այս բոլոր հարցադրումների պատասխանները կտա:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ՀԱՋՈՐԴ ԹԻՐԱԽԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է՝ ԻԲՐԵՎ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
Հայաստանում թավշյա հեղափոխություն է սկսվում: ՀՀ իշխանությունը երիտթեւին, ասել է թե՝ իր հարազատ փեսային փոխանցելու մասին Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը ՀՀԿ-ի ավագ սերնդին շոկի մեջ է գցել: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրջ համախմբված ավագ ՀՀԿ-ականներն անորոշության մեջ էին. ի՞նչ է սպասվում իրենց:
Նախ տեղեկացնենք, որ ՀՀ նախագահի նստավայր հրավիրված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության ներկայացուցիչները հույս ունեին անձամբ Սերժ Սարգսյանից տեղեկանալ, թե ինչ է սպասվում առաջիկայում ՀՀ ներքաղաքական կյանքում, եւ մասնավորապես՝ իրենց: Բանն այն է, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտնի ելույթից հետո (այն մասին, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցության սկզբունքները համաձայնեցված են) հայրենի ներքաղաքական կյանքը փոթորկվել է: ՀՀ պետական ամենատարբեր մակարդակի պաշտոնյաները քնում արթնանում են ահուդողով, որ ուր որ է՝ իրենց պաշտոնանկ կանեն: Ճիշտ է, բոլորն էլ ասում են՝ ՀՀ նախագահն ինչպես որոշի, սակայն մտերմիկ շրջապատում դժգոհում են կյանքի անարդարությունից, որ այդքան ինքնամոռաց ծառայելու դիմաց ՀՀԿ ղեկավարը կարող է վերցնել ու իրենց պորտֆելը զիջել ՀՅԴ-ին:
Սակայն այս հարցի վրա երեկ էլ լույս չսփռվեց, ընդհակառակը՝ Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, դաժան քննադատության ենթարկեց իր թիմին՝ դժգոհելով, որ նախաձեռնող չեն, ձախողում են, իրենց մեղքը բարդում են «վերեւների» վրա եւ այլն: Այնպիսի տպավորություն էր, որ նա նոր է Հայաստան եկել: Ու որպես «դարման»՝ շեշտադրեց երիտասարդ, ավյունով կադրերին «առաջ տանելու» տեսլականը: Սա իհարկե, լավ նախաձեռնություն է, բայց երբ փորձենք վերլուծել, թե երիտասարդ ասելով՝ Սերժ Սարգսյանն ինչ ի նկատի ունի, պետք է արձանագրենք, որ, օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի, Լեւոն Մարտիրոսյանի ու էլի մի քանի լպրծուն պահվածքով աչքի ընկած երիտասարդների մասին է խոսքը: Ու եթե նրանց համեմատում ենք առավել ավագ սերնդի գործիչներից օրինակ՝ Արմեն Երիցյանի հետ, ծիծաղելի է դառնում օսլայած մազերով անհայրենիք տեսակին ՀՀ նախագահի մակարդակով պրոպագանդելը:
Այս երիտասարդներն ունակ են ներքաղաքական խարդավանքներ սարքել՝ օգտագործելով մեդիամագնատի համարում ունեցող Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ռեսուրսները, «փչացնել» այս կամ այն գործչին՝ այդ ֆոնին «լավամարդ լինելով»: Այլ կերպ ասած՝ մինչ այժմ մեզ հայտնի երիտասարդ թիմն իրեն առավել բարձր որակներով դրսեւորել է բացառապես ներպալատական «մուտիլովկաների» դաշտում: Եւ նրանցից պահանջել արդարության իրացում կամ բարոյականություն, ուղղակի անհնար է:
Բայց իսկապես մենք հետաքրքիր ժամանակներ ենք ապրում: Ինչպես ասում են, մեր երկրում շունը տիրոջը չի ճանաչում: Եւ ինչպես կանխատեսել էինք երեք օր առաջ, մեծ պայքար է սկսվելու իշխանության երիտթեւի եւ ավագ սերնդի միջեւ: Ու հաջորդ թիրախը լինելու է ՀՀ վարչապետը: Երիտթեւի երազանքը Հովիկ Աբրահամյանին Վիգեն Սարգսյանով փոխարինելն է՝ այդ քայլը ներկայացնելով իբրեւ կոռուպցիայի դեմ պայքարի ճռճռան օրինակ ու քայքայված տնտեսության պատասխանատուի պատիժ:
Սպասենք զարգացումներին:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՂ ՉԿԱ
Տեւական ժամանակ է, ինչ մայրերը չեն ստանում մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները՝ 18 հազար դրամները: «Ժողովուրդ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ անցումային փուլի հետ կապված խնդիրներով պայմանավորված՝ հունվար ամսվա երեխայի խնամքի նպաստի վճարման ցուցակը վճարող կազմակերպություններին կփոխանցվի մինչեւ այս փետրվարի 10-ը: Սակայն այսօր արդեն փետրվարի 13-ն է, իսկ այդ 18 հազարական դրամները չկան ու չկան: Այս առթիվ «Ժողովուրդ»-ը, արդեն մի քանի օր է, քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում: Կասկածներ կան, որ գումարների վճարումներն ուշանում են, քանի որ պետական բյուջեում ներկայումս անհրաժեշտ չափով գումար չկա: Իսկ եթե խնդիրը միջոցների սղության հետ կապված չէ, ապա ստացվում է, որ ինչ-որ մարդիկ ուղղակի որոշել են գրպանել մինչեւ 2 տարեկան երեխաների նպաստները, շրջանառել: Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ՎԱԼԵՆՏԻՆՅԱՆ ՏԻՄ
Ինչպես հայտնի է, այս կիրակի, կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ եւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրությունները: Դիլիջանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուները երկուսն են` ՀՀԿ-ից առաջադրված Դիլիջանի գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը եւ Դիլիջանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Ժորա Սահաբալյանը:
Լոռու մարզի Թումանյան համայնքում միակ թեկնածուն գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Լեւոն Ձավարյանն է: Իսկ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում առաջադրված է նախկին գյուղապետ Մուրադ Սիմոնյանը, ում հետ կպայքարի Շինուհայրի եւս 2 բնակիչ՝ ԵԿՄ անդամ, թոշակառու Իգոր Աբրահամյանն ու անկուսակցական Վարշամ Բագրատյանը: Նշենք, որ համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ անցած տարվա մայիսին անցկացված տեղական հանրաքվեի արդյունքներով՝ միաձուլվող համայնքների զգալի մասը դեմ էր արտահայտվել այդ ծրագրին: Ուշագրավ է, որ այս ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 14-ին՝ Կաթոլիկ եկեղեցու կողմից նշվող Սուրբ Վալենտինի հանրահայտ տոնի օրը:
ՄԱՐԶԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼՆԵՐԸ
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Կոտայքի մարզպետարանը 2016 թվականի կոմունալ վարձավճարների մի մասի համար կվճարի 30 մլն 350 հազար դրամ: Այսպես, Կոտայքի մարզպետարանն էլեկտրաէներգիայի վարձի համար նախատեսել է վճարել 25 մլն 235 հազար դրամ, իսկ կապի ծառայությունների համար՝ 5 մլն 120 հազար դրամ: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանն է, որը նախկինում զբաղեցնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը: Ի դեպ, դեռեւս հայտնի չէ, թե գազի եւ ջրի վարձավճարների համար Կոտայքի մարզպետարանը որքան է վճարելու: