ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻՑ` ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ, ԳՆԴԱՊԵՏՈՎ՝ ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ իշխանությունը երիտթեւին ժառանգելու ճանապարհին Սերժ Սարգսյանը հերթական կարեւոր քայլը կատարեց՝ նրանց հանձնեց կառավարման համակարգի կարեւորագույն օղակներից մեկը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը` այդ կառույցի ղեկավարի պաշտոնում նշանակելով 34 ամյա իրավաբան Գեորգի Կուտոյանին:

Հիշեցնենք, որ վերջինս ընդամենը տասը օր առաջ՝ փետրվարի 3-ին էր նախագահական նստավայրից հրամանագրով տեղափոխվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ստանձնելով տեղակալի պաշտոնը: Իսկ մինչ այդ նա 2011 թվականից զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը եւ համակարգում էր դատաիրավական ոլորտը: Կուտոյանը բարձրագույն կրթություն ստացել է Ռուսաստանում՝ 2002-ին ավարտել է Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իսկ 2007-ին ավարտել է ԱՄՆ-ի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը: Մինչեւ նախագահական նստավայրում աշխատանքի անցնելը՝ 2005-ից 2006 թվականներին, աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում: 2006-2010 թվականներին աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում որպես իրավախորհրդատու: Մեկ տարի աշխատել է որպես փաստաբան, այնուհետեւ՝ 2011-ին նշանակվել է Սերժ Սարգսյանի օգնական: Ի դեպ, Կուտոյանը Հայաստանի զինված ուժերում չի ծառայել: Նա զինվորական պատրաստվածությունն անցել է ՌԴ Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով, 1998-ից 2000 թվականներին: Ասել է թե՝ Հայոց բանակում չի ծառայել:
Գեորգի Կուտոյանին ընդունված է համարել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի մտերիմ անձանցից մեկը: Այսինքն՝ նրա կողմից ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելը նշանակում է իշխանական երիտթեւին տալ եւս մեկ կարեւոր լծակ, որը նրան կօգնի աստիճանաբար ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել ողջ իշխանությունը: Մինչեւ երեկ իշխանությունների հնաբնակները գրեթե ցնծության մեջ էին, քանի որ տարվա սկզբից տարածված լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանն, իբր, երիտիշխանավորների վրա զայրացել էր եւ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից հետո պատրաստվում էր պաշտոնանկ անել նաեւ ՀՀ գլխավոր դատախազին: Գեորգի Կուտոյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելուց հետո Կոստանյանի մոտալուտ պաշտոնանկության լուրերը ցնծությամբ տարածում էին նաեւ ուժային կառույցների ղեկավար կազմի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները՝ իբրեւ իրենց հաղթանակ: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ պարզվեց, որ Կուտոյանի նշանակումը ոչ թե իշխանության հնաբնակների հաղթանակի, այլ հերթական պարտության նախերգանքն էր: Այսօր արդեն կարող ենք ասել, որ 34-ամյա Կուտոյանին գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու քայլը տեխնիկական անհրաժեշտությամբ է պայմանավորված եղել: Բանն այն է, որ ԱԱԾ տնօրեն նշանակվելու համար նա պետք է առնվազն գնդապետի զինվորական կոչում ունենար: Միջանկյալ նշանակումը եղել է այն իրավական ճանապարհը, որով նրան կարելի էր ժամանակից շուտ այդ կոչումը շնորհել:
Ավելին, Կուտոյանին ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացնելիս Սերժ Սարգսյանը շեշտը դրել է կոռուպցիայի դեմ պայքարն ուժգնացնելու վրա: «Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երեւույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը: Դուք պետք է պատրաստ լինեք ստանձնել այդ պատասխանատվությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը ԱԱԾ ղեկավար կազմին Կուտոյանին ներկայացնելիս: Այլ կերպ ասած, իշխանական երիտթեւն այլեւս ազատ է եւ կարող է իր իշխանության հետ չհամակերպվողներին կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ ասպարեզից հեռացնել:
Այս ամենից հետո երեկոյան Սերժ Սարգսյանն իշխանական ողջ համակարգին հավաքել էր նախագահականում, որպեսզի նրանց զգուշացներ իշխանական համակարգում սպասվող փոփոխությունների մասին: Եթե ամփոփ, ապա նա ողջ իշխանական համակարգին տեղեկացրեց, որ նրանք այլեւս իրենցից ոչինչ չեն ներկայացնում եւ պետք է հնազանդ իրագործեն իրենց տրվող հրահանգները, իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն ընդդիմանալ, կզրկվեն ամեն ինչից՝ զոհ դառնալով կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիային:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԿՏԱՆԵՆ, ԿԲԵՐԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս իր պաշտոնին հրաժեշտ կտա Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Բայց նա անգործ չի մնա, քանի որ մեր տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտադիր է նրան նշանակել Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ: Առայժմ անհայտ է մնում, թե ով է Անտոնյանի փոխարեն նշանակվելու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար: Եթե հաստատվեն այն լուրերը, որ այդ պաշտոնն ազատում են ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակներում դաշնակցությանը տալու նպատակով, ապա Արաբկիրի թաղապետ կդառնա տեղի դաշնակցականներից որեւէ մեկը: Այս պահին ակնհայտ է մեկ բան՝ Հրայր Անտոնյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Տարոն Մարգարյանի հետ, եւ նա պաշտոնանկությունից հետո հաստատ անգործ չի մնա:

 

 

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՉԱՆՑԱՎ
Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրության գործընթացը: Մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո, ի վերջո, Զարուհի Փոստանջյանի օգտին քվեարկել է 5 հոգի, Նարեկ Ալոյանը ստացավ 2 ձայն, իսկ ՀՀԿ-ի թեկնածու Արման Թաթոյանը՝ 7 կողմ եւ 4 դեմ ձայն: Որոշվեց ՄԻՊ թեկնածու առաջադրել ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին: Մարդու իրավունքների նոր պաշտպանին պետք է ընտրի խորհրդարանը:
Տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, որ խորհրդարանը ոչ թե ընտրելու է, այլ հաստատելու է ՀՀԿ-ի թեկնածուին: Բանն այն է, որ այս անգամ իշխանություններն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին իրավունք տվեցին մի քանի թեկնածուից մեկին ընտրել եւ ներկայացնել խորհրդարանին: Արդյունքում՝ ստացվեց, որ մարդու իրավունքների նոր պաշտպանին ընտրեցին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այն յոթ անդամները, որոնք երեկ կողմ քվեարկեցին Թաթոյանի թեկնածությանը: Մինչդեռ երեկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոստացել էր, որ եթե Զարուհի Փոստանջյանն իր թեկնածությունն առաջադրի, ապա դաշնակցական պատգամավորներն ԱԺ-ում նրա թեկնածության օգտին կքվեարկեն: «Ժողովուրդ»-ը երեկ Վարդանյանից փորձեց պարզել, թե արդյոք ստեղծված իրավիճակում իրենք արդեն միակ՝ ՀՀԿ-ի թեկնածուի օգտին են քվեարկելու, սակայն նա խուսափեց այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն տալուց:

 

ՆՈՐ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐ
Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը՝ բժիշկ Շուշանիկ Բախշյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը եւս մերժել է դատախազության բողոքը: Հիշեցնենք, որ բժշկին մեղադրանք է առաջադրվել ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով: «Ժողովուրդ»- ի տեղեկություններով՝ այս գործով առաջիկայում, հնարավոր է, Շուշանիկ Բախշյանից բացի՝ այլ անձանց ես մեղադրանք առաջադրվի:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի պատվիրակության անդամները երեկ հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության փոխդեսպան Անդրեյ Իվանովի եւ դեսպանության առաջին քարտուղար, դեսպանության քաղաքական հարցերով խմբի ղեկավար Ալեքսանդր Վասիլեւի հետ:

 

ԸՆԴԴԵՄ «ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ»-Ի
ԵԱՀԿ մշտական խորհրդում ունեցած ելույթի ժամանակ ԵԱՀԿ¬ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերն ասել է. «ԱՄՆ-ն կիսում է ղարաբաղա¬ադրբեջանական շփման գծում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բռնության դեպքերի ավելացման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի մտահոգությունն ու դատապարտում ականանետների ու ծանր տեխնիկայի օգտագործումը, ինչը հանգեցնում է քաղաքացիական անձանց մահվան: Մենք աջակցում ենք հակամարտող կողմերին ուղղված Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ ձեռնարկել քայլեր բռնության նվազման եւ բնակչության պաշտպանության համար: «Ստատուս¬քվո»¬ն անընդունելի է»:

 

ՀԵՐՔԵԼ Է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` առաջիկայում զբաղեցրած պաշտոնից ազատվելու է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Ըստ աղբյուրի` նրա թեկնածությունը շրջանառվում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի համար: Armlur.am-ն այս մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով զրուցել է Արթուր Աղաբեկյանի հետ, որն ամբողջովին հերքել է այդ լուրն ու վստահեցրել, որ նման բան չկա: Աղաբեկյանի խոսքով` ինքն այս պահին բնականոն հունով շարունակում է իր աշխատանքային գործունեությունը:

 

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ
Փետրվարի 11-ին եւ լույս 12-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ` նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից /10 արկ/, ՌՊԳ-7 /8 արկ/, ՀԱՆ-17 /3 արկ/, ՀՀՆ-9 /1 արկ/ եւ ԳՊ-25 /6 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4 հազար 500 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ», – ասված է ԼՂ ՊՆ հաղորդագրությունում:




Լրահոս