Բնապահպանական պետական տեսչության կողմից հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 270 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում եւ հաշվարկվել է 575.9 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռիի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.4 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով 2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 545.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Մարտունիի բաժնի եւ “Սեւան ԱՊ” ՊՈԱԿ- ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի դեպքերի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 27 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ, իսկ 116 հատ(10կգ) “կարաս” տեսակի ձուկ սահմանված կարգով հանձնվել է “Սեւանի հոգեբուժական հիվանդանոց” ՓԲԸ: Առգրավվել է նաեւ 10հատ ձկնորսական ցանց:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 50.0.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է “սիգ” տեսակի 27 հատ տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երեւանի թիվ 141 գիշերօթիկ հանրակրթական մանկապարտեզ:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 70.0.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 25.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է նաեւ 1հատ ձկնորսական ցանց:
Ընդհանուր առմամբ՝ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 604.25 հազ.դր. գումար: