Այսօր՝ փետրվարի 16-ին, Արարատի մարզի Լուսառատ գյուղում մի խումբ բնակիչներ բողոքի ալիք էին բարձրացրել: Հուսահատված և խաբված խաղողագործները նույնիսկ սպառնացել են փակել Երևան-Արտաշատ ավտոճանապարհը:
Պատճառը նախորդ տարի խաղողի մթերման շուրջ առաջացած խնդիրներն են: Ինչպես հայտնի է, խաղողագործներն անելանելի վիճակում էին հայտնվել. նախ տոննաներով խաղողը չէին կարողանում մթերել, ապա էժան գնով մթերեցին և մինչև չեն կարողանում գումարները ստանալ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ գյուղացիները հայտարարել են. «Գյուղնախարարը ճոռոմ-ճոռոմ խոստումներ էր տալիս, թե գյուղմթերքը կհանձնեք գործարաններին և վճարները կանոնավոր կստանաք: Տարել, մեր որակյալ գյուղմթերքները հանձնել ենք: Գումարի չնչին մասը վճարել են, մնացած մասի համար կտրոններ են տվել, որ արդեն 6-7 ամիս է, գումարը տալու համար սաղ գյուղի հետ «շուն ու կատու են խաղում»՝ ուրբաթ օրը համեցեք տար: Գյուղնախարարին պատկանող գործարանին էլ ենք տվել որակյալ գյուղմթերք, բայց միայն կտրոններ ենք ստացել: Գումարը չեն վճարում ու չեն էլ ասում՝ երբ կվճարեն, մինչդեռ կոմունալ վճարումներ պետք է կատարենք, էրեխեքի ուսման վարձ, վարկեր պետք է փակենք, բայց չենք կարում, քանի որ գործարանատերերը փափուկ բարձ են դնում գլխներիս տակ: Այլ ելք չկա՝ միակ միջոցը ողջ գյուղով՝ ահել ու ջահել, մեր ու մանուկ, փակենք տռասան»:
ArmLur.am-ը փորձեց գյուղնախարարությունից պարզել՝ ինչ լուծում են պատրաստվում տալ նախարարի հարազատ մարզի առաջ ծառացած խնդրին: Մեր հարցին ի պատասխան` փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նախ նկատեց, որ խաղողի ծավալները շատ մեծ են եղել, տարաները դատարկ չեն եղել, ինչն էլ վերամշակողների համար մթերման խնդիր էր առաջացրել: Այդուհանդերձ, խաղողն ամբողջ ծավալով մթերվել է. «Հաջորդ խնդիրն էլ, ինչպես բոլորը գիտակցում են, վճարումների ուշանալը պետք է լիներ: Կնքվել են պայմանագրեր հստակ գրաֆիկով վճարումներն անելու համար: Լուսառատում հիմնական մթերումն իրականացրել է Պռոշյանի կոնյակի գործարանը, որոշակի քանակով էլ` Քաղցրաշենի գործարանը: Վերջինս մարտի 1-ից կսկսի վճարել գյուղացիների գումարները: Պռոշյանի գործարանն էլ աստիճանաբար վճարումներն անում է, պարզապես մեծ գումարների հետ է կապված, ուստի` հնարավոր են ուշացումներ: Միանգամից չեն կարող վաճառել ու վճարումներն անել»,- ասաց փոխնախարարը:
Վերջինս հավելեց, որ իրենց առջև խնդիր է դրվել օժանդակել արտահանման ավելացմանը, որպեսզի հաջորդ սեզոնին այս խնդիրը չկրկնվի. «Նախարարն այս պահին Հնդկաստանում է գտնվում, այցի հիմնական նպատակը գինեգործական արտադրանքի արտահանումն է Հնդկաստան: Այնտեղ հանդիպումներ են լինելու, առաջարկը ներկայացվելու է: Այնուհետև նրանք կգան Հայաստան, և եթե հնարավոր լինի, հետագայում նաև համագործակցելու ուղղությամբ կաշխատեն»:
Փոխնախարարի խոստումներն, իհարկե, գեղեցիկ են և հուսադրող, սակայն մթերումից անցել է ավելի քան 5 ամիս, իսկ խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Պատճառն, իհարկե, ռուսական շուկայի առաջ ծառացած խնդիրներն են: Սրա հետևանքով արտահանում չիրականացավ, արդյունքում տուժեց գյուղացին: