Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը զեկուցել է հաշվետու տարում իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքների մասին. մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպություններ գույքով ապահովելու մասին», «ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի ու հավելավճարների վճարման կարգը հաստատելու մասին», «Երիտասարդական աշխատողի ինստիտուտի կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:
Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի մեծացման ծրագրերի շրջանակում մշակվել են «Սպորտլանդիա-2015» զանգվածային մարզական միջոցառման ծրագրերը, որոնցում ընդգրկված են 6 խաղային մրցաձևեր: Միջոցառումն իրականացվել է ՀՀ մարզերի և Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների և դպրոցական 5-6-րդ դասարանի աշակերտների շրջանում՝ 3 փուլով: Ընդհանուր առմամբ մասնակցել են 4536 նախադպրոցական տարիքի երեխաներ և աշակերտներ:
Շարունակվել են ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Սոցիալական բնակարանաշինության ծրագրով նախատեսված աշխատանքները: Հաստատվել և իրականացվել են երիտասարդական քաղաքականության մասնակցային գործընթացի խթանմանը և զարգացմանը միտված, ինչպես նաև երիտասարդության հարցերով զբաղվող ՀԿ-ների և պետական մարմինների ներկայացուցիչների վերապատրաստման մի շարք ծրագրեր:
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետը դրական է գնահատել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության 2015 թ. գործունեությունը՝ հորդորելով ավելի ակտիվ աշխատել: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նախարարության ղեկավարությանը պարբերաբար այցելել Հայաստանի բոլոր մարզեր, ակտիվացնել շփումները մարզերի սպորտի և երիտասարդության ոլորտի ներկայացուցիչների հետ, շարունակական աշխատանք տանել նրանց ներգրավումը տարբեր ծրագրերում մեծացնելու ուղղությամբ: