Արկադի Ղուկասյանը կվերադառնա՞ մեծ քաղաքականություն. ինչ իրավիճակ է Արցախում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում կանխատեսել էր, որ Հայաստանի օրինակով ԼՂՀ-ում եւս սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում չէր բացառել, որ Արցախում եւս սահմանադրական փոփոխությունների գործընթաց կարող է սկսվել: «Անձամբ ես եւ իմ ղեկավարած կուսակցությունն արդեն տեւական ժամանակ է` խոսում ենք Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, ինչն այդքան էլ պայմանավորված չէ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով», – ընդգծել էր ԼՂՀ վարչապետը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս փոփոխությունը Արցախում եւս փոթորկել է իրավիճակը, քանի որ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ցանկանում է վերադառնալ մեծ քաղաքականություն, սակայն Բակո Սահակյանը, ըստ էության, թույլ չի տալիս: Ի՞նչ իրավիճակ է Արցախում: «Ժողովուրդ»-ը զրուցել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

-Պարո՛ն Ղուկասյան, ՀՀ սահմանին իրավիճակը լարված է: Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների քայլերը որո՞նք պետք է լինեն:

-Այդ լարվածությունը նորություն չէ: Արդեն մոտ 20 տարի է` զինադադարից հետո եւ, բնական է, որ ե՛ւ բանակը, ե՛ւ իշխանությունները կատարում են իրենց պարտականությունները: Ես անմիջապես ընդգրկված չեմ այդ պրոցեսների մեջ, բայց գիտեմ եւ գիտակցում եմ, որ դժբախտաբար մենակ մեզանից չէ կախված այդ լարվածության թուլացումը: Դա նաեւ պետք է բարի կամք լինի Ադրբեջանի կողմից, որը, դժբախտաբար, չկա: Ադրբեջանը սրում է իրավիճակը, եւ մաքսիմում մեզանից կախվածը, իմ կարծիքով, մենք անում ենք:

-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերջերս երկու հակահայ զեկույց էր ներկայացված, որից միայն մեկը հաջողվեց չեզոքացնել: Այստեղ ո՞ւմ բացթողումն եք տեսնում:

-Ադրբեջանը մեզ պատերազմ է հայտարարել ոչ միայն ռազմի դաշտում: Ադրբեջանը պատերազմի մեջ է բոլոր դաշտերում` քաղաքական, ռազմական, քարոզչական, եւ դա նույն քարոզչական պատերազմն է:

-Իսկ այդ պատերազմից մեզ հաջողվե՞ց պատվով դուրս գալ:

-Գիտեք, արդյունքները շոշափելի չեն լինում քաղաքականության մեջ, մի քիչ ժամանակ է պետք, որ հասկանանք: Բայց ես համարում եմ, որ ե՛ւ մեր դիվանագետները, ե՛ւ մեր զինվորներն իրենցից կախվածն անում են:

-Պարո՛ն Ղուկասյան, ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխություններ են նախատեսված, որի դեպքում Բակո Սահակյանի համար ավելի երկար իշխանավարելու պայմաններ կստեղծվեն: Ի՞նչ կտան փոփոխությունները:

-Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ ընթացքներ են Ղարաբաղում, բայց ենթադրում եմ, որ քննարկում են այդ փոփոխությունների փաթեթը: Եվ բնական է, որ ժողովուրդն է որոշելու:

-Իսկ Ձեր կողմից կրկին ԼՂՀ նախագահ դառնալու ցանկություն կա՞:

-Իմ ցանկությունների մասին Դուք ավելի լավ գիտե՞ք երեւի, քան ես:

-Ո՛չ, ես Ձեզ եմ հարցնում, չէ՞ որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ մրցակցություն կառաջանա:

-Ո՛չ, ես ընդհանրապես դրա մասին չեմ մտածել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան , Հովսեփ Հովսեփյան




Լրահոս