«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանն ընդամենը հինգ օր առաջ հնչեցրած իր ելույթում հայտարարեց. «Մենք պարտավոր ենք ստեղծել այնպի- սի հասարակական միջավայր, որտեղ չեն լինի արտոնյալներ»: Սակայն նույնիսկ մեկ շաբաթ էլ չանցած` նա կրկին անգամ ապացուցեց, որ իր խոսքի տերը չէ: Բանն այն է, որ երեկ նույն Սերժ Սարգսյանը մի կարգադրություն է ստորագրել, որով նախագահական աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին տրվելիք դրամաշնորհների բաշխման գործընթացում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչվել է գործընկեր կազմակերպություն:
Ավելի պարզ ասած, ինչպես միշտ, պետբյուջեի միջոցներից տրվելիք դրամաշնորհները բաժանելու է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Այս կազմակերպությունը, որի նախագահն է ԱԺ ՀՀԿ խմբակցության 41-ամյա Կարեն Ավագյանը, իրականում հանրապե- տական ջահելների հավաքատեղի է: Տարիներ շարունակ նախագահականը պետբյուջեի միջոցներից հարյուրավո միլիոն դրամներ ՀՀԿ-ի ջահելներին հատկացնելով՝ նրանց սովորեցնում է հարկատուների փողերը ծախսելու «մեխանիկան»: Այլ կերպ ասած, ջահելները եւս իրենց իշխանության մաս են զգում, քանի որ հնարավորություն ունեն մսխելու պետբյուջեի իրենց հասանելիք պատառը:
Ի դեպ, այս մոտեցումը կիրառվում է տարիներ շարունակ, եւ այդ մտքին բոլորն արդեն ընտելացել են: Եթե Սերժ Սարգսյանը չասեր, որ էլ չենք անի, ապա ՀԵՀ-ին արտոնություն տալու փաստը կհամարեինք պետբյուջեի միջոցները յուրայինների միջեւ բաշխելու սովորական դարձած գործելաոճ եւ դրա վրա ուշադրություն չէինք դարձնի: Բայց այս անգամ որոշեցինք խնդրին անդրադառնալ հատուկ արձանագրելու համար, որ Սերժ Սարգսյանը, ընդամենը հինգ օր էլ չանցած, իր իսկ հռչակած սկզբունքներին հակառակ քայլեր է կատարում: Էլ ինչպե՞ս հավատանք»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: