«Մարզպետն ո՞վ է, որ կարողանա ինձ որևէ բան ասել». Սուրիկ Խաչատրյանի քիչ «ընդդիմադիրներից» մեկը լքել է «պոստը». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այն քիչ «ընդդիմադիրներից» մեկը՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը լքել է «պոստը», մեր տեղեկություններով՝ ռեկտորին ազատել են աշխատանքից: Այս տեղեկությունը հաստատեց հենց ինքը՝ Յուրա Սաֆարյանը, միայն թե այն տարբերությամբ, որ իրեն ոչ թե ազատել են աշխատանքից, այլ ինքն իր դիմումի համաձայն է դուրս եկել համալսարանից:

«Իմ դիմումի համաձայն եմ աշխատանքից դուրս եկել, աշխատանքի փոփոխություն եմ կատարել: Հիմա ես աշխատում եմ Կրթության ազգային ինստիտուտում, որպես փոխտնօրեն»: Սա պաշտոնի բարձրացո՞ւմ էր պարոն Սաֆարյան. «Դե բարձրացում չես կարող ասել, սովորական աշխատանք է: Ազատվել եմ աշխատանքից մոտ մեկ շաբաթ առաջ»:

Այսինքն՝ այն խոսակցությունները, որ մարզպետի հետ կապված խնդիրների պատճառով եք հեռացել համալսարանից, իրականությանը չե՞ն համապատասխանում.

«Ինձ վախեցնող մարդ չի ծնվել… ես ինքս զզվել եմ այդ մթնոլորտից, դիմումը տվել, դուրս եմ եկել, տեղափոխվել եմ: Հարմար աշխատանք եմ գտել: Քանի որ այս տարի լրանում է իմ 50-ամյակը, միեւնույնն է, ես պետք է ազատվեի աշխատանքից: Առիթ էր հարմար, որպեսզի ես տեղափոխվեմ այլ դաշտ: Իհարկե, մարզպետն ո՞վ է, որ կարողանա ինձ որեւէ բան ասել: Ասում է՝ սատանան էնքան սարսափելի չէ, ինչքան իր անունը»:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ քննարկվում է  Վահե Հակոբյանին համալսարանից հեռացնելու հարցը, ով հանդիսանում է Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահը, վերջինս ընդամենը երկու տարի առաջ էր զբաղեցրել Սուրիկ Խաչատրյանի պաշտոնը: Յուրա Սաֆարյանը մեզ հայտնեց, որ նմանատիպ խոսակցություններ կան, սակայն հստակ ասել չի կարող. «Այդ մասին այո խոսակցություններ կան, բայց պատկերացրեք, Վահե Հակոբյանը դոկտոր պրոֆեսոր մարդ է, նրան պետք է փոխարինեն ինչ-որ չորրորդ դասարանի կրթություն ունեցող մարդիկ: Չեմ կարող ասեմ, դժվար թե Վահեն իր ցանկությամբ ցանկանա հեռանալ, իրենից ճշտեք»: Հիշեցնենք, որ Յուրա Սաֆարյանը այն քիչ անձանցից մեկն է, որ հրապարակայնորեն քննադատում էր Սյունիք մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ բացեիբաց ասում. «Ուղղակի չեմ ցանկանում, որ նորից մարզպետ դառնա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս