ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ՕԵԿ խմբակցության «ամենասկանդալային» կենսագրությամբ պատգամավորներից է: Շատերն են հիշում կաթի փոշու հետ կապված պատմությունը, այդ թվում եւ` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, որը Շիրակի մարզում փոխմարզպետ է եղել եւ լավ է ճանաչում Մարգարյանին: «Հովհաննես Մարգարյանը հոգի չէ, նա հատ է, որովհետեւ նա ժողովրդին օգնության եկած կաթի փոշին գողացել է եւ դրա համար դատվել է»,-ասել էր Մակեյանը:
Իհարկե, հակադարձում չեղավ, որովհետեւ այս չարաբաստիկ կաթի փոշին կպել ու պոկ չի գալիս Մարգարյանի կենսագրությունից: Մի ժամանակ էլ դեռեւս ընդդիմադիր ներկայացող Արտաշես Գեղամյանն էր ՕԵԿ-ական պատգամավորին «նեղը գցելու» համար հայտարարում «կաթի պարաշոկի» մասին: Այս կաթի փոշու մասին այնքան է գրվել ու խոսվել, որ Հ. Մարգարյանն էլ այլեւս սուր կերպով չի արձագանքում, որովհետեւ դե եղել է, մարդը գայթակղություն է ունեցել, գործարքի մեջ է մտել ոմն Արթուր Մինասյանի հետ, հայտնվել դատարանում ու կալանավորման վայրում… Հետո, իհարկե, ինչ-որ բաներ «ջրվել են», բայց պատմությունը մնացել է… Հիմա արդեն, ինչպես Մարգարյանն է հայտարարում, ինքը հալալ-զուլալ ապրող պատգամավոր է, թանկարժեք եւ շարժական գույք, արժեթղթեր կամ այլ ներդրումներ չունի:
Մարգարյանը վաղուց է հասկացել այն պարզ «ճշմարտությունը», որ չի կարելի ունեցվածքն ի ցույց դնել: Դրա համար էլ ապրում է շատ «համեստ», պատգամավորի՝ տարեկան 3 մլն 600 հազար դրամ աշխատավարձով: Եվ հենց այս աշխատավարձով էլ մարդը Երեւանում բնակարան է գնել, այն էլ՝ էլիտար շենքում: Երեւի հարազատ կուսակցությունն է հատկացրել ֆինանսական միջոցներ… Առհասարակ, Մարգարյանի բնակարանների թիվը Գյումրիում ու Երեւանում երեքն է՝ 236,4 քմ մակերեսով: Գումարենք նաեւ մեկ նկուղ՝ 136 քմ մակերեսով, եւ մեկ հողամաս՝ 0,76 հա… Իհարկե, եթե համեմատենք ՀՀԿ խմբակցությունից նրա գործընկերների ունեցվածքի հետ, Հ. Մարգարյանն աղքատ մարդ է:
Կուսակցությունում, ուր Մարգարյանը «չուզողներ» էլ ունի, ասում են, թե նա մասնակից է մի շարք բիզնեսների, որոնց տերը Արթուր Բաղդասարյանն է, սակայն մենք չկարողացանք Մարգարյանի անունով որեւէ փաստաթուղթ գտնել: Ինչպես ասում են, «կոնսպիրացիան» լավ է կազմակերպված: Գյումրիում էլ ժամանակ առ ժամանակ խոսում են, որ Մարգարյանը փայաբաժին ունի այս կամ այն գյուղատնտեսական հողակտորներից, բայց դարձյալ` խիստ կոնսպիրատիվ: Ժամանակին wek.ru կայքը «Հայաստանը թալանողները» խորագրով հոդվածաշար էր տպագրել, ուր, ներկայացնելով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի բիզնես գործունեությունը, նաեւ նշել էր, որ նա «տանիք» էր եղել իր մի շարք կուսակիցների բիզնեսին, որոնց թվում՝ «Արկադի Համբարձումյան («Դերժավա»), Արտակ Սարգսյան («ՍԱՍ»), Գրիգորի Մարգարյան («Բելաջիո»), Ալեքսան Պետրոսյան («ՄԱՊ»), Սայադ Զախարյան («Արգալի գրուպ»), Սամվել Բալասանյան («Գյումրի» գարեջրի գործարան), Հովհաննես Մարգարյան (Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկա), Արշակ Մխիթարյան («Աղավնի» ՍՊԸ) եւ ուրիշներ»: Այստեղ հարց է ծագում. ինչո՞ւ է Հ. Մարգարյանի անունը մշտապես կապվում հրուշակեղենի ֆաբրիկայի հետ…
Ընդ որում, երբեւէ չի բարձրաձայնվում Մարգարյանի բիզնես գործունեության մեկ այլ ոլորտի մասին. շիրակցիների պնդմամբ՝ ԱԺ պատգամավորը նաեւ մարզում ջրաղացներ ունի…
Ի սկզբանե, երբ Մարգարյանը հայտնվեց պատգամավորի կարգավիճակում, նրան համարեցին Արթուր Բաղդասարյանի աշուղ, որովհետեւ նա իր ելույթները սկսում էր «Թանկագին Արթուր Բաղդասարյանը» արտահայտությամբ՝ ամեն մի խոսքից հետո գրեթե խոնարհվելով իր առաջնորդի առջեւ: Բաղդասարյանը, անշուշտ, շատ բան է արել նրա համար, բայց առաջին հերթին պատգամավորի կյանքը «վերափոխվել» է Սամվել Բալասանյանի շնորհիվ, որովհետեւ հենց նա է Մարգարյանին ասպարեզ բերել: 1994թ. Մարգարյանը Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրենն էր, իսկ 1996-ից՝ Գյումրու «Հրուշակեղենի ֆաբրիկա» ԲԲԸ նախագահը: Այդ ԲԲԸ-ն մինչ օրս էլ պատկանում է Ս. Բալասանյանի ընտանիքին… Իհարկե, այն բանից հետո, երբ Բալասանյանը հեռացավ ՕԵԿ-ից, Մարգարյանն «ուրացավ» իրեն «մարդ դարձնողին» ու մինչեւ օրս նրա հետ չի շփվում:
Ուշագրավն այն է, որ միշտ առաջադրվելով նաեւ մեծամասնական ընտրակարգով՝ Մարգարյանը պատգամավոր է դարձել միայն համամասնականով: Ամեն ընտրությունից հետո Մարգարյանի մեջ արթնացել է պայքարող ոգին, ընդդիմադիր է դարձել, պահանջել վերահաշվարկներ, խոսել համատարած ընտրակաշառքի մասին: Բայց գալով խորհրդարան ՕԵԿ ցուցակով՝ դարձել է ամենահպատակվող ու ամենաիշխանական պատգամավորներից մեկը: Երբեմն չափից ավելի ջանքեր գործադրելով ո կամենալով դուր գալ իշխանություններին՝ Հ. Մարգարյանը հայտնվում է զավեշտալի իրավիճակներում: Օրինակ, երբ ԱԺ-ում քննարկվում էր 2012-ի բյուջեի կատարողականը, սոցապ նախարարի ելույթից հետո Մարգարյանը հարց ուղղեց նրան՝ ասելով. «Ուզենք, թե չուզենք, Դուք եք ղեկավարում այս ոլորտը»: Դրանից հետո դահլիճում ծիծաղ պոռթկաց: Ծիծաղում էր անգամ նախարարը…
«ՀԱԼԱԼ ՔՐՏԻՆՔՈՎ» ԱՊՐՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ