Երեկ «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցներն արդեն երրորդ անգամ հավաքվել էին «Արմավիա»-ի կենտրոնական գրասենյակի մոտ՝ ստանալու իրենց աշխատավարձերը: Սակայն նրանք այդպես էլ ոչինչ չստացան, քանի որ «Արմավիա»-ին պարտք ունեցող կազմակերպությունները, ըստ ընկերության ներկայացուցչի, դեռ չեն վճարել գումարները:
Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն աշխատանքից ազատել է մի խումբ բորտ-ուղեկցորդների, ուղեկցորդուհիների, ինժեներների, օդաչուների եւ հայտարարել, որ սկսում է սնանկության գործընթաց, սակայն ՀՀ օրենսդրությամբ՝ ընկերությունները միայն դատարանի կողմից կարող են սնանկ ճանաչվել: Ինչպես նշում են նախկին աշխատակիցները, ավիաընկերության ներկայացուցիչն իրենց հայտնել է, որ «Ավիա սերվիս» ընկերությունն իրենց պարտք է եւ երբ փոխանցի գումարը, այդ ժամանակ էլ իրենց աշխատավարձերը կտան:
Նշենք, որ «Ավիա սերվիս»-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ է մտնում: Սակայն Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, փոխանցելով «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն եւ «Ավիա սերվիս» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանի խոսքը, հերքեց «Արմավիա»-ի ներկայացուցիչների ասածը. «Այս տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: «Ավիա սերվիս»-ը որեւէ պարտք չունի «Արմավիա»-ին»: Փորձեցինք կապ հաստատել նաեւ «Արմավիա»-ի մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովայի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԽԱԲԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ