ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԿԱՐԳ ՉԻ ՍՏԵՂԾՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի հունվարից Հայաստանում կսկսի գործել կենսաթոշակային նոր` կուտակային համակարգը: Կուտակային բաղադրիչին պարտադիր կերպով մասնակցելու են 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիները: Սակայն ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այս համակարգը գործող իշխանությունը կօգտագործի մենաշնորհ դիրք ստեղծելու համար:
Հայաստանում կուտակային համակարգի մասին խոսվում է դեռ 1998թ.-ից: Նախատեսվում է, որ 40 տարին չլրացած, աշխատավարձ ստացող բոլոր քաղաքացիները, բացի գոյություն ունեցող կենսաթոշակային վճարներից, իրենց աշխատավարձից եւս 5 տոկոս պետք է վճարեն իրենց կուտակային հաշվին, եւս 5 տոկոս էլ վճարելու է պետությունը: Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միանալու որոշումը վերջնական է:
Կենսաթոշակային խնայողությունները ներդրվելու են արժեթղթերում` բաժնետոմսերում, պարտատոմսերում, բանկերում` ավանդների տեսքով եւ այլն: Դրանցից ստացված եկամուտները նույնպես կուտակվելու են անձի կենսաթոշակային հաշվին: Անձն ինքն է ընտրելու եւ հետագայում ցանկության դեպքում փոխելու այն ֆինանսական կազմակերպությունը, որն իրականացնելու է կենսաթոշակային խնայողությունների կառավարումը:
Այնպես չէ, որ այդ գումարները հավաքվելու են ինչ-որ մի տեղ: Դրանք շրջանառվելու են: Մի մասը դրվելու է հատուկ ֆոնդերում, մի մասով հուսալի ընկերությունների արժեթղթեր են գնվելու եւ այլն: Թե ինչպես պետք է շրջանառվի այդ գումարը լրացուցիչ եկամուտ բերելու համար, հայտնի չէ:
Այս խնայողությունները համարվելու են անձի անձնական սեփականությունը եւ կարող են օգտագործվել կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո կենսաթոշակ ստանալու նպատակով: Պետությունը երաշխավորում է, որ անձի կողմից կատարած կենսաթոշակային վճարները կվերադարձվեն: Դրանք կարող են նաեւ ժառանգվել: Պարտադիր կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչեւ կենսաթոշակային տարիքը` 63 տարին լրանալը: Այս տարիքի հասնելուց հետո քաղաքացին թոշակի տեսքով ամսեամիս ետ է ստանալու իր հաշվին եղած գումարը: Այսպիսով՝ քաղաքացու վճարած գումարի վրա երկու տասնյակ տարուց ավել տոկոսներ են գալու: Թե որքան, չի կարող ասել ոչ ոք:
ՀԱԿ-ի մոտեցումներն այս համակարգի նկատմամբ մնացել են նույնը, սակայն կան տարաձայնություններ, որոնք ներկայացված են ընդհանուր տնտեսական վերափոխումների «100 քայլ» ծրագրում: ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «ՀԱԿ-ը դեմ չէ այդ կուտակային համակարգին, բայց ունենք կասկածներ այդ համակարգի մեխանիզմներն աշխատեցնելու եւ համակարգի միջոցներն արդյունավետ օգտագործելու վերաբերյալ: Արդեն զգացվում է, որ իշխանությունն ուզում է այս բնագավառում նույնպես մենաշնորհներ ձեւավորել, ինչը հիմա արվում է պարտադիր ապահովագրական՝ ԱՊՊԱ-ների գործում: Այս լծակը՝ լրացուցիչ կենսաթոշակային համակարգը, գործող իշխանությունը կօգտագործի նոր բնագավառում մենաշնորհ դիրք գրավելու համար: Իրենք ունեն ֆինանսական հնարավորություն եւ իշխանություն: Սա թույլ չի տա արդյունավետ համակարգ ստեղծել, ինչպես մինչեւ հիմա գործող տնտեսական համակարգն է, որն արդյունավետ չէ, որովհետեւ սպասարկում է միայն մենաշնորհներին»:
Անհատ ձեռնարկատեր Սարգիս Մանուկյանը նույնպես թերահավատորեն է վերաբերում այս համակարգին. «Ես հույս չունեմ, որ այս երկրում կդառնամ 63 տարեկան: Տեսականորեն լավ բան է, բայց հետագայում թե ինչ կլինի, դժվարանում եմ ասել: Սա մեքենաների ապահովագրության նման մի բան է: Դրանով զբաղվող ընկերություններն ամեն օր հայտարարում են, որ շատ են փոխհատուցում, վնասով են աշխատում, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ իրենք գերշահույթով են աշխատում: Նույնն էլ սա է. ինձանից, Ձեզանից, իմ ու Ձեր հարեւանից պետությունն այսօր կվերցնի, իսկ վաղը կամ հաջորդ օրն Աստված գիտի, թե ինչ կլինի: Մեր փողերով փող են ուզում սարքել: Իսկ ինձ էլ վաղը մի փոքր գումար կտան կամ չեն տա, ո՞վ գիտի»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս