Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի Դանիա-Հայաստան (0:4) հանդիպման մասին կարծիք է հայտնել նույնիսկ Քիմ Քարդաշյանը, որը Թվիթերի իր պաշտոնական էջում հետեւյալ գրությունն է թողել. «Առա՛ջ, Հայաստա՛ն: Տեսա՞ք, թե ինչպես Հայաստանը 4:0 հաշվով ջախջախեց Դանիային: Աշխարհի առաջնության մասին երազը դեռ ապրում է»:
Մալթայից կրած խայտառակ պարտությունը մենք համեմատել էինք մղձավանջային երազի հետ (ի դեպ, ոմանք նշում էին, որ պարզապես ՀՀԿ նախագահի ոտքը «խերով» չէր): Իսկ ահա Կոպենհագենում տեղի ունեցածը կարելի է համեմատել հեքիաթի հետ՝ հատկապես Մալթայից կրած պարտության ֆոնի վրա: Ի դեպ, Հայաստանի ազգային հավաքականը կրկնեց արտագնա խաղերում գրանցած ամենախոշոր հաղթական հաշիվը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի տրամադրությունն էլ դանիացիների հետ խաղից հետո, բնականաբար, բոլորովին այլ էր: Մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ Մալթայի հետ խաղից հետո փոխվել էր տղաների հոգեբանությունը. այդ պարտությունից հետո ընկճվածություն կար. «Բայց մենք այսօր տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել: Այս արդյունքը պատահականություն չէր»:
Վ. Մինասյանը նշեց, որ հենց սկզբից նման մարտավարություն էին ընտրել. «Պետք էր պաշտպանվել եւ հակագրոհների ժամանակ փորձել օգտագործել ազատ տարածությունները: Դժվարը հենց առաջին գոլն էր, որը մենք արագ խփեցինք»: Ի դեպ, ժամանակին գլխավոր մարզիչը նշել էր, որ իրենց առջեւ խմբից դուրս գալու խնդիր դրված չի եղել, ու երբ նրան հարցրին, թե Հայաստանի հավաքականը կպայքարի խմբից դուրս գալու համար, պատասխանեց. «Հայաստանը կպայքարի ցանկացած խաղում հաղթելու համար: Եթե հաղթենք յուրաքանչյուր խաղում, ապա կհասնենք ցանկալի արդյունքի»:
Հայաստան-Դանիա խաղում բոլոր տղաներն աչքի ընկան անձնուրաց, գրագետ խաղով, իսկ պաշտպան Կամո Հովհաննիսյանը` նաեւ առանձնահատուկ արագությամբ: Ըստ նրա՝ դժվար էր Մալթայից կրած պարտությունից հետո նման խաղ ցուցադրելը, սակայն տղաները գիտակցում էին, որ այլեւս ոչինչ չունեն կորցնելու, քանի որ արդեն նահանջելու տեղ չէր մնացել. «Դանիայի հետ խաղում հաջող հանդես գալը թասիբի հարց էր, եւ մենք տրամադրվել էինք հաղթանակի՝ ինչի գնով էլ որ այն լիներ»:
Այս հաղթանակից հետո, ուզեինք թե չուզեինք, նայեցինք մրցաշարային աղյուսակին եւ ցավով նկատեցինք, որ Մալթայի հավաքականին հաղթելու դեպքում մեր հավաքականը 9 միավորով Չեխիայի հավաքականի հետ կկիսեր 3-4-րդ հորիզոնականը` ընդամենը 1 միավոր զիջելով երկրորդ տեղում ընթացող Բուլղարիայի հավաքականին, որի հետ, այսպես ասած, պարզելու շատ հարցեր կան սեփական հարկի տակ կայանալիք պատասխան հանդիպման ժամանակ: Իհարկե, հաղթանակը դանիացիների նկատմամբ, առավել եւս` բոլոր առումներով ու նաեւ խոշոր հաշվով, պատվաբեր է, սակայն ոչ մի դեպքում հարկավոր չէ թուլացնել զգոնությունը, ինչպես եղավ Մալթայի հետ հանդիպման ժամանակ:
ԵԹԵ ՀԱՂԹԵՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԱՂՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ