ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՍԿԵՊԱՐԻ ՏՆԵՐԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈ՞ՒՄ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներ Արտեմ Մանուչարյանը, Սամվել Սարուխանյանը եւ Հրանտ Գեւորգյանը չեն կարողանում իրենց առանձնատները գրանցել անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումում եւ այդ տների համար ձեռք բերել անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական: Նշենք, որ այդ տներից մեկը` Հրանտ Գեւորգյանի եռահարկ, տուֆակերտ առանձնատունը, կիսակառույց է, այն կանգուն է, սակայն ներքին հարդարման աշխատանքները կատարված չեն: Հ. Գեւորգյանն այժմ բնակվում է Ռուսաստանում, իսկ Ա. Մանուչարյանն ու Ս. Սարուխանյանն իրենց ընտանիքներով Ոսկեպարի հիմնական բնակիչներ են: 3 առանձնատները գյուղից հեռու, կտրված տարածքում չեն, դրանք կից են ոսկեպարցիների տներին: Պարզապես խորհրդային ժամանակներից գոյություն ունեցող քարտեզով այդ 3 առանձնատների զբաղեցրած տարածքը համարվել է Ադրբեջանի տարածք: Խորհրդային տարիներին, ըստ քարտեզի, այդ ձորի միջով է անցել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն մոտակայքում ադրբեջանական բնակատեղի կամ կառույցներ չեն եղել: Նշված 3 տները հարակից են միջպետական ճանապարհի Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ հատվածին: Ոսկեպարի գյուղապետարանից տեղեկացանք, որ 3 տների հարցով իրենք դիմել են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանին, վերջինս էլ հարցը Երեւանում ներկայացրել է իրավասու մարմիններին: Այնտեղից պատասխանել են, որ խնդիրը չի լուծվում, որովհետեւ այդ տարածքները կադաստրային քարտեզում նշված չեն: Այդպիսով՝ այդ ընտանիքներն իրավունք չունեն իրենց տները վաճառել, կտակել, նվիրել, գրավ դնել եւ այլն: Ոսկեպարի գյուղապետարանից հայտնեցին, որ հիշյալ առանձնատները կառուցելիս դրանց տերերը համապատասխան հատակագիծ, շինթույլտվություն չեն ստացել, դրանք ապօրինի կառույցներ են:

ԿԱՐԿՏԱՀԱՐՎԵԼ ԵՆ
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ հունիսի 3-ին տեղի ունեցած կարկտահարության հետեւանքով, որը զուգորդվել է ուժեղ քամիով ու հորդ անձրեւով, մարզի 12 համայնքներում վնասվել են ընդհանուր առմամբ 1977 հա մշակաբույսերի ցանքատարածություններ, բազմամյա տնկարկներ եւ խոտհարքներ: Վնասվել են նաեւ դաշտամիջյան ճանապարհներ: Այդ համայնքներում ստեղծվել են հանձնաժողովներ, որոնց մեջ ընդգրկվել են համայնքի ղեկավարը, ավագանու անդամներ, համայնքային ծառայողներ եւ ֆերմերներ: Հանձնաժողովներն ուսումնասիրել են վնասված տարածքները, կազմել վնասների վերաբերյալ ակտեր եւ դրանք ներկայացրել մարզային հանձնաժողով: Ներկայումս կատարվում է վնասների հաշվարկ: Նշենք, որ նախորդ տարիներին եւս նման հաշվարկներ են կատարվել, սակայն բնական երեւույթներից տուժած տավուշցի ֆերմերներն այդպես էլ պետությունից փոխհատուցում կամ աջակցություն չեն ստացել: Մարզում չկան հակակարկտային կայաններ, իսկ գյուղատնտեսության ապահովագրության մասին խոսելն ավելորդ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս