2003թ. Լինսի հիմնադրամի միջոցներով Հանրապետության հրապարակը վերանորոգելիս շինարարները հանդիպել էին պատնեշի, հրավիրել էին հնագետների, ու պարզվել էր, որ հրապարակի ողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են:
Հնագետները դեռ ապրիլ ամսին մտահոգված էին, որ ԱԳՆ շենքի վաճառքի պարագայում հրապարակի տարածքում կարող են կրկին շինարարական աշխատանքներ տարվել, որոնք կվնասեն ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի ղեկավար Գրիգոր Կարախանյանի եւ հնագետներ Ֆրինա Բաբայանի ու Աղավնի Ժամկոչյանի հայտնաբերած կառույցները: Ֆրինա Բաբայանը նշել էր. «Բացված կառույցները շինարարական արվեստի կարեւոր հուշարձաններ են մի ժամանակահատվածի, որը չի ուսումնասիրվել… Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1655թ. այցելել է Երեւան, գծագրել այն: Նկարում մանրամասնորեն պատկերված է «Քրիստոնեական թաղամասը»` երկհարկ եւ եռահարկ քարի շենքերով: 1679թ. Երեւանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը, ըստ Զաքարիա Սարկավագի թողած հիշատակությունների, «քարը քարի վրա չի թողել»»:
Շինություններն ավերվել են, բայց մնացել են դրանց նկուղային հարկերը: Բացված նկուղներն ընդգրկում են հրապարակի ողջ տարածքը: Պատերի բարձրությունը 4.50 մետր է, սվաղը` 7 սմ: Կառույցները պահպանվել են ամբողջությամբ` մուտքերով: Հայտնաբերվել են գունազարդ խեցեղեն, աշխատանքային գործիքներ: Նաեւ Ապիրատ իշխանի կողմից 11-րդ դարում կառուցված ջրատար խողովակներ, որոնք ծառայել են մինչեւ 19-րդ դարը: Պատերը կառուցված են հավասարաչափ կտրտված տուֆի սալիկներից: Պատմական նկարագրությունների համաձայն՝ Երեւանը գյուղատիպ քաղաք է եղել` այգիներով շրջապատված, կավածեփ տներով, բայց հնագետը կարծում է, որ պետք է լավ ուսումնասիրել մեր մշակույթը, նոր եզրակացություններ անել, վեր հանել Երեւանի նոր նկարագիրը: Նրա կարծիքով՝ գյուղատիպ բնակավայրով չէին կարող անցնել Թիֆլիսի կամ Թավրիզի ճանապարհները, քարավանների ճանապարհները: 1837թ. սկսվել է Էրիվանի նոր նախագծի գծագրումը, որը հաստատվել է 1862թ.: Հենց այդ ժամանակ էլ կառուցվել է քաղաքի հրապարակը, որի տակ են անցել վերոնշյալ շինությունները: Այդ ժամանակ կառուցվել են այսօրվա Արամի, Մաշտոցի, Տերյան, Նալբանդյան եւ Հանրապետության փողոցները:
Եվ այսօր, երբ Երեւանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ է հայտարարել, հնագետների եւ ճարտարապետների մտահոգություններն առարկայական են դառնում: Ըստ ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նպատակ ունի քանդել պատկերասրահը, որպեսզի Հյուսիսային պողոտան միանա հրապարակին, կառավարության շենքի վրա գմբեթ ավելացնել, ինչպես նաեւ արհմիությունների շենքի վրա հարկ ավելացնել, ԱԳՆ-ի շենքում հյուրանոց կառուցել. «Խոսքը հրապարակի տակ ստորգետնյա ավտոկանգառներ սարքելու մասին է, ինչը հակամշակութային է, քանի որ հրապարակի տակ 17-րդ դարի թաղամաս է պահպանվում: Ստորգետնյա ավտոկանգառներն ինչ-որ տեղ հնարավոր է միայն շատրվանների տակի հատվածում կառուցել»:
ԿՈՉՆՉԱՆԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ