Մարզպետների «շտկումների» մասին արդարացումներից հետո վարչապետը չի հանդարտվել. ձախողված մարզպետը` ջրի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` փետրվարի 2-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ վերահսկիչ պալատի կողմից Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները. երկու մարզերի ՍԾՏԳ-ներում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` առաջիկայում խախտումներ կատարած անձինք կազատվեն իրենց պաշտոններից:

Հայաստանում արատավոր ավանդույթ է դարձել նպաստների, թոշակների յուրացումը, ինչն առավել տարածված է հատկապես մարզերում: Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատակիցները, մասնավորապես պետերը, հանցավոր կերպով գումարներ են յուրացնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը պետբյուջեից հատկացված պետական նպաստների հաշվից: Երբեմն նրանք բնակիչների հետ պայմանավորվածության են գալիս. նյութապես ապահոված մարդուն ընդգրկում են նպաստառուների ցանկում եւ ստացած գումարը կիսում: Իհարկե, մարզերում նաեւ նման դեպքեր են լինում, որ բնակչին օբյեկտիվորեն հասնում է աղքատության նպաստ, սակայն ՍԾՏԳ աշխատակիցները նպաստի նշանակման փաստաթղթերը ձեւակերպում են միայն իրենց «փայը» ստանալու համար:

Այս երեւույթների ֆոնին ՀՀ վերահսկիչ պալատը 2014 թվականի հունվարի 1-ից 2015 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի ՍԾՏԳ-ներում, ինչի արդյունքում հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ: Դրանք ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը փետրվարի 2-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացրեց ՀՀ վարչապետին: Ըստ Զաքարյանի՝ Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան եւ Եղվարդ քաղաքներում գործում է 4 ՍԾՏԳ, մարզում առկա է 9 հազար 912 նպաստառու: Եւ, ահա, 9 հազար 912 նպաստառու ընտանիքների գործերից ՎՊ-ն ուսումնասիրել է 6 հազար 753-ը, ինչի արդյունքում հայտնաբերել է 27 մլն 200 հազար դրամի թվով 230 խախտում:

Իսկ, ահա, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին եւ Ծաղկահովիտ համայնքներում գործում են 4 ՍԾՏԳ-ներ, մարզում գրանցված է 7 հազար 769 նպաստառու ընտանիք: Այս մարզում ՎՊ-ն վերոնշյալ ժամանակահատվածում ուսումնասիրել է 5 հազար 492 նպաստառու ընտանիքի գործ եւ հայտնաբերել 341 խախտում՝ 78 մլն 500 հազար դրամի:

Բացի այս՝ Իշխան Զաքարյանը փետրվարի 2-ի խորհրդակցության ժամանակ նշեց, որ մարզպետների կողմից ստացել է համապատասխան գրություններ, որոնցում վերջիններս վստահեցրել են, որ հայտնաբերված խախտումների մեծ մասը շտկվել է, գումարները վերադարձվել են պետական բյուջե, իսկ նպաստառուների ցուցակներում վերացվել են բոլոր անճշտությունները: Այնուհետեւ մանրամասն անդրադարձ է կատարվել ներկայացված խախտումների դեպքերին, ներկայացվել են պարզաբանումներ, ինչպես նաեւ առաջարկություններ՝ դրանք հետագայում բացառելու համար: Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը նույնպես վստահեցրել է, որ հայտնաբերված խախտումների մեծ մասը շտկվել են, գումարները` վերադարձվել պետական բյուջե, իսկ նպաստառուների ցուցակներում վերացվել են բոլոր անճշտությունները: Ստացվում է՝ գործող մարզպետը «շտկել է» նախկինի օրոք կատարված խախտումները: Նշենք, որ ՎՊ-ի կողմից ստուգված ժամանակահատվածում Կոտայքի մարզպետն էր ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ներկայումս ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:

Սակայն մարզպետների «շտկումների» մասին արդարացումներից հետո վարչապետը չի հանդարտվել: Եւ փետրվարի 4-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ իր համար անընդունելի են հնչեցված անհիմն արդարացումները: Ավելին՝ գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին այդ հարցերը քննարկել մարզպետների հետ եւ խախտում թույլ տվողներին ազատել իրենց զբաղեցրած պաշտոններից:

Ա. Երիցյանը լծվել է գործին, ինչի արդյունքում այս օրերին ակտիվորեն քննարկվում է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի /Բուլկու/ աշխատանքից ազատման հարցը: «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ կապ հաստատեց Ա. Հարությունյանի հետ, սակայն վերջինս լսելով հարցը՝ զայրացած վրա տվեց. «Ես խորհրդակցության եմ, ինչ եք զանգել ու հարցերը հուփ տալիս»: Որոշ ժամանակ անց, սակայն, նրա մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանը փոխանցեց. «Պարոն Հարությունյանը տեղյակ չէ, քանի որ այդ խորհրդակցությանը ներկա չի եղել: Իսկ իր ազատման մասին լուրերը որակում է որպես հիմարություն»:

Իր պաշտոնանկության մասին լուրերն այդքան ինքնավստահ հերքող Ա. Հարությունյանը, հիշեցնենք, 2004 թվականից զբաղեցնում էր ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը՝ միաժամանակ ծաղկեցնելով իր եւ իր մտերիմների բիզնեսները: Հարությունյանը այս պաշտոնում մնաց մինչեւ 2007 թվականը, երբ նրա հարազատ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիոն կառավարությունից եւ տեղափոխվեց ընդդիմադիր դաշտ: Այստեղ վերջինս իր կաշին փրկելու համար դարձավ Հանրապետականի գաղափարակիր եւ նշանակվեց բնապահպանության նախարար:

Իհարկե, բազմաթիվ բնապահպաններ Հարությունյանին բացահայտորեն կոչում էին «բնաքանդության» նախարար, քանի որ նրա օրոք բազմաթիվ աղաղակող հակաբնապահպանական ծրագրեր կյանքի կոչվեցին: Սակայն չնայած դրան` նա պաշտոնավարեց մինչեւ 2014թ.: Նախարարական աթոռը կորցնելուց հետո նա մայիսի 8-ին նշանակվեց Կոտայքի մարզպետ եւ այս պաշտոնում աշխատեց մինչեւ 2015թ. ապրիլի 2-ը (ճիշտ նույն ժամանակահատվածը, երբ ՎՊ-ն ստուգումներ է իրականացրել):

Ինչեւէ: Թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ինչպես կվարվեն Արամ Հարությունյանի հետ, ցույց կտա ժամանակը: Մեզ մնում է հուսալ, որ չարաշահումներ թույլ տված եւ դրանք կոծկած պաշտոնյաները, ի վերջո, պատասխանատվության կենթարկվեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս